«Ի՞նչ տախտակ, լամինատ եմ ուզում», -պահանջել է լեռնեցի հայրը

24/08/2020 17:20
«Ի՞նչ տախտակ, լամինատ եմ ուզում», -պահանջել է լեռնեցի հայրը

Գեղարքունիքի մարզի Գանձակի մեր ընթերցողները տեղեկացնում են մեզ, որ համայնքի ծայրամասային թաղամասի 2 ընտանիքներ ապրում են անմարդկային պայմաններում` փտած, փայտյա կացարաններում, որոնք թեթև ցնցումից կարող են փլուզվել:
-Երկու տներում էլ 12-ամյա տղաներ են մեծանում, հայոց բանակի ապագա զինվորներ,-ասում են մեր զրուցակիցները:
Այցելեցինք Գանձակ: Համայնքի կենտրոնական մասում լայնածավալ շինաշխատանքներ էին ընթանում, որին հետևում էր  34-ամյա  համայնքապետը՝ Արմեն Պողոսյանը:


-Գանձակի համայնքապետարանը «Վորլդ Վիժն» ընկերության հետ համատեղ, արդեն իսկ կառուցել են երկու տներ, որտեղ ապրում էին անչափահաս տղաներ,-ոտքի վրա ասաց Ա.Պողոսյանը,- Երբ հանձնարարեցի, որ տների հատակը ամուր տախտակից լինի, տղաներից մեկի հայրը, լեռնեցուն բնորոշ կոպտությամբ ընդդիմացավ, թե՝ «ի՞նչ տախտակ, լամինատ եմ ուզում»,-ծիծաղեց   համայնքապետը:


Իր առանձնասենյակում Արմեն Պողոսյանն ինքնավստահ հայտարարեց, որ ինքը ՀՀԿ-ական է ու սկզբունքային՝ իր կուսակցական պատկանելիության  շնորհիվ:
-Մոտ 6 ամիս էր, ինչ համայնքապետ էի ընտրվել ու հանդիպում էի խնդրել ՀՀ  3-րդ նախագահ Սերժ Սարգսյանից,-անկեղծացավ համայնքապետը,- Ետևիցս դռները փակվեցին և իր առանձնասենյակում ես դեմ առ դեմ հանդիպեցի պետական գործչին  ու պապանձվեցի:


ՀՀ նախագահն ընդառաջ եկավ ինձ,  սիրալիր հրավիրեց նստելու  և ասաց թե ինչ խնդիրներ ունեմ Գանձակում:Լսեց համայնքի հիմնախնդիրների մասին  ու պետական ծրագիր իջեցրեց  Գանձակում: 
Մոտ 90մլն դրամի պետական  ծրագրերի շրջանակում լուծվեց միջհամայնքային կամրջի հարցը, ապա, ՀՀ Տրանսպորտի նախարարության պետական ծրագրով ընթացան լայնամաշտաբ ասֆալտապատման աշխատանքներ:
Ես չեմ կարող սա ուրանալ:Պետական գործիչ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումս շրջադարձային եղավ ինձ համար, ես սկսեցի լավ տարբերել  հատուկն ու հասարակը,պետականն ու փողոցը,-հաստատակամ ասաց Ա.Պողոսյանը:


Տեղեկացանք, որ 2008թ-ին ստեղծվել է «Գանձակ» հիմնադրամը, սակայն այն չի գործել:
-Հիմնադրամում գումարներ են ներդրվել Արմեն Պողոսյանի ղեկավարման օրվանից սկսած,-ասաց  համայնքապետարանի աշխատակիցը,- Օրինակ, Վաչիկ Իսրաելյանը 15 հազար դոլար է նվիրաբերել Գանձակի զարգացման համար: Անգամ, 2 հազարական դրամներ նվիրողներ էլ են եղել,սա արդեն համայնքային կուռ համախմբվածության մասին է խոսում,-ասաց մեր զրուցակիցը,-
Կառավարության սուբվենցիոն ծրագրով մշակույթի տունն  է վերանորոգվել և հանրային սան հանգույցներ կառուցվել: Նախկինում ունեինք փտած սանհանգույց, որի լայն անցքը անգամ մարդ էր ընկել:Համայնքի սկզբնամասում ունենք կամարաձև կառուցված մուտք, կանգառներ են կառուցվել,սպասասրահներ: Փողոցային լուսավորության 70 տոկոսն արդեն իսկ լուծված է՝ լեդային լամպերով:Տանիքներին ունենք արևային վահանակներ՝ էլեկտրական էներգիա ստանալու համար:Թիվ 2-րդ դպրոց բարձրացող ճանապարհը  սուբվենցիոն ծրագրով 36մլն դրամի շրջանակում ասֆալտապատվել է:Արդեն տրվել է մեկնարկ՝ կառուցել 7 կենտրոնների բարեկարգումը: Համայնքում ունենք ապրիլյան պատերազմի երկու հերոսներ՝ Արմեն Մարտիրոսյան և Գուրգեն Այվազյան, որոնց անվանակոչությամբ կառուցում է զբոսայգի,շատրվաններով,նստարաններով, ջահերով,կանաչ 58 տուաներով,-պատմում էր համայնքապետարանի աշխատակիցը,- Հիմնանորոգվել է 1կմ երկարությամբ մայր առուն,60-50 ջրատարներով, այսպիսով ոռոգման խնդիրն է լուծվել:Նախկինում, համայնքում ջրերի կորուստ էր գրանցվում, ինչի արդյունքում կորսված ջրերը լցվում էին մարդկանց տները: Բնակիչներն աղերսում էին լուծել խնդիրը:Սուբվեցիոն ծրագրով լուծվեց նաև այս հարցը: Վերանորոգվել է նաև մանկապարտեզը, որտեղ կբացվի ավագ խումբ: Դպրոցում լուծել ենք սան հանգույցների հարցը: Պետական ծրագրով խորքային հոր ենք  ստեղծել «Աղվեսարան» հանդում:Արմեն Պողոսյանն իր նախընտրական բոլոր խոստումներն ու ծրագրերը ի կատար ածեց:Նա 2016թ-ի հոկտեմբերին է ստանձնել համայնքապետի պարտականությունները,-ավարտեց խոսքը մեր զրուցակիցը:
 
 
Հ Գ.1 Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Գանձակը տեսնելով ասել է.
-Քաղաքակիրթ համայնք եք սարքել:

Հ.Գ. 2 Ինչ վերաբերում է համագյուղացի տարեց կնոջը, ով ցանկություն էր հայտնել Նիկոլ Փաշինյանի ոտքը համբուրել, համագյուղացիները ծիծաղով նկատում էին. «Ադեն 90 տարեկանա, շատ չի հասկանում ինչա ասում...»:


Նարինե Հասրաթյան