«Եթե գողացել է, բռնեք աչքն էլ հանեք, եթե ոչ՝ ուրեմն լռեք...»

19/08/2020 17:21
«Եթե գողացել է, բռնեք աչքն էլ հանեք, եթե ոչ՝ ուրեմն լռեք...»

Արդեն մի քանի տարի, հայաստանյան մամուլից մեկը՝ պարբերաբար, նույնաբովանդակ մեղադրանքներ է հնչեցնում Արարատի մարզի Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի հասցեին, որ վերջինս օտարել ու վաճառել է համայնքին պատկանող, պատմամշակութային, արգելոցի տարածքներ եւ այլն:
Գրեթե տարին մեկ անգամ նմանատիպ հոդված է հրապարակվում, ու այդպես էլ մնում անարձագանք: Ի՞նչ է իրականում կատարվում Վեդիում, յուրացվու՞մ է արդյոք համայնքի սեփականությունը, եւ ինչու՞ է թերթի հրապարակումը մնում անհետեւանք, փորձեցինք հասկանալ հենց Վեդիում: Բնակիչների շրջանում անցկացված հարցումներն ու քաղաքապետի պատասխանը ներկայացնում ենք ստորեւ


-Ծանոթ ենք այդ հոդվածին, դե եթե գողացել է՝ բռնեք դատեք, աչքն էլ հանեք, բա ինչի՞ չեն դատում,  եթե գողացել է, հանեք գողացածը մտցրեք աչքը, ու՞ր է, եթե չի գողացել ուրեմն ձայններդ կտրեք: Ամբողջ աշխարհն  է ալան թալանի մեջ, էդ որտեղ չկա էդպես բան, ով ինչ ուզի կասի։ Էս մեր  քաղաքապետն էլ վեդեցիներիս նման վարկեր է վերցրել այգի է հիմնել, էլ ի՞նչ էս ռայոնի մարդ, որ մի այգի էլ չունենա:


Իսկ իրականում վեդեցիներին, հիմնականում երկու խնդիր է մտահոգում՝ Ճանապարհ եւ աշխատատեղ.


-Լրագրողներն էլ թացը չորից չեն  տարբերում, գրելու բա՞ն եք ուզում. Էնա՝ քնքա՜ գրելու բան կա՜, թե չէ Վարուժը գողացավ գերեզմանի հող… Եթե ուզում եք ճիշտ իմանաք, սա երկու հոգու կռիվա, տարին մի քանի անգամ էս թեման հանում են ջրի երես ու էլի քնացնում. Ուղղակի մարդ կա, որ ուզումա Վարուժի տեղն ինքը լինի քաղաքապետ, պը՛րծ էլ բան չկա՜… էսա  կռիվը,- ասում է հավաքվածներից Հարություն անունով քաղաքացին:


-Եթե Վեդու համար շատ են մտահոգ թող գրեն, թե ինչ խնդիր կա Վեդիում…


Կասյան փողոցը շրջանցող ճանապարհի բնակիչներին անհանգստացնում է իրենց փողոցի  ասֆալտապատման աշխատանքները, տեղեկացրին, որ այժմ այս խնդիրը ընդգրկված չի, մոտ չորս-հինգ տարի այդ դիմումը ներկայացվել է բազմաթիվ պատկան կառույցների, բայց քանի որ ծրագիրը մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջում, խնդիրը մնում է չլուծված։ 

-Մեր ծննդավայրը մենք շատ ենք սիրում, հանգիստ քաղաք է Վեդին ։ Ղեկավարությունն էլ ինչ կարողանում է անում ա, օրինակ ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, որ հարցով դիմել եմ ինձ աջակցել են, չասե՞մ, որ լսել են ինձ ու օգտարար եղել։ Էս մարդիկ էլ պետք է ապահովված լինեն, որ կարողանան ավելի լավ զարգացնեն քաղաքը։ Բողոքավոր չենք։ Մեր ժողովուրդը շատ էլ գրագետ ու կազմակերպված մարդիկ են, կարողանում են դժվարին իրավիճակներում ելքեր գտնել։ Միայն աշխատատեղ ստեղծեն գլուխներս կախ աշխատենք: Հենց նոր մեկն եկավ մեր հավաքած երկաթները գնեց, համ մեզ վճարեց, համ էլ ինքը տարավ հանձնեց, որ փող աշխատի։ Սա մի հասարակ օրինակ էր, ապրում ենք չէ՞ մի բան պետք է ձեռնարկենք, որ ապրենք։ Հայերը հնարամիտ են ու ստեղծող, աշխարհին է հայտնի։ Վատն էն ա, որ էս փոքր երկրում մոտ 80 կազմակերպություն ու կուսակցություն գոյություն ունի, այ մարդ, էսքա՞ն էլ բազմակուսակցական երկիր լինի, մի փոքր Հայաստան։ Հնարավոր չի՞ համախմբել մեկ գաղափարի շուրջ, որ էս ժողովրդի վիճակը լավանա, ոչ թե մեկը մյուսին ուտի ու փնովի։ Մեր քաղաքը զարգանում է, գերեզմանոցի ճանապարհներն են բարեկարգում, զիբիլանոց տարածքները մաքրում են, տարածքները օրենքով հատկացնում են վեդեցիներին, հիմա ասենք դա եղավ վաճա՞ռք։ Դրսերից մարդիկ գալիս են բնակարաններ են առնում, սարքում, ծախում, քաղաք է, հազար մտնող ու ելնող, հազար գոհ ու դժգոհ մարդիկ։ Էդ որտե՞ղ է հալալ զուլալ հարաբերություն, որ մեր Վեդին չունի, կա՞ մի գյուղ քաղաք ասեք,-ասում է քաղաքի բնակիչներից Սամվել Նիկողոսյանը։


-Արդեն հարմարվել ենք, մեր ձեռքը ինչ կա, կանցնի կգնա, էսպիսի բաներ ենք տեսել։ Ահագին զարգացելէ մեր քաղաքը, Օ՜ֆ ինչ ասես կխոսեն, հիմա մեր մասին էլ կխոսեն, որ չորս պատի մեջ նստած ենք։ Ինչի՞ վրա հիմա հույս դնես, մեկի մի բան է ասում, մյուսը միքիչ քիչ, ով ինչ ուզում խոսում է, մինչ հիմա դժգոհություն չունենք քաղաքապետից, միայն առողջ լինենք, այդքան բան, թող մի բան էլ պակաս լինի,-ասում է Հ Առաքելյանը։


-Բամբասանք է համատարած: Արտակարգ դրության ընթացքում պետությունից միայն 26 հազար 500 դրամ օգնություն ենք ստացել ընդհամենը։ Կինս երկրորդ կարգի հաշմանդամ է, ոչ մեկից աջակցություն չենք տեսել։ Մի պատգամավոր ունեինք ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը ավտոբուսի շոֆեր էր, շուկա ապրանք տանելու համար դիմում էինք իրան։  Հետո դարձավ պատգամավոր,որ ինչ-ոչ հարցով մոտենում էին իրեն, ասում էր ապեր ես չեմ կարա, ժամանակ չունեմ։ Դաժե, ասում էինք պառլամենտում ես նստած, մեր Վեդիի համար խի՞ երկու հարց չես տալիս, ասում էր դե ես առանձին խոսում եմ, ի՞նչ կարեւոր է դուք լսեք, ձեր առաջ հարցեր տա՞մ։ Ինչքան տեսնում էինք հեռուստացույցով՝ ձեռքը դնչի տակ նստած էր։ Հիմիկվա պատգամավորներին չեմ ճանաչում, մեր տարածքի առաջվա  պատգամավոր Արայիկ Գրիգորյանի մոտ եմ աշխատում՝ իրա այգիներում։ Էլի օրականով 5-6 հազար դրամով վարձատրվում ենք ժամանակին, որ օրվա խնդիրները լուծենք, մեր նաֆարին յոլա տանենք։ Էսպես ենք ապրում, տղաս 22 տարեկան է, որոշել է կամավոր զինվորական ծառայության մեկնի տեսնենք կնդունե՞ն էլ։ Ծանր, դժվար ժամանակներ են, օրինակ, եթե մեր այս փողոցով քայլեք ու մեկից 10 դրամ խնդրեք, կտեսնեք, որ ոչ մեկի ձեռքը չկա, մարդիկ անգործ են,-պատում է Ռաֆիկը եւ ավելացնում, որ շատ անգամներ է որոշել մոտենալ Ա Գրիգորյանին կնոջ բուժման համար աջակցութուն ստանալու ակնկալիքով, սակայն վերջին պահին փոշմանում է՝ ամաչում է:


Բնակիչներից ոմանց համար էլ իրենց փողոցների բարեկարգումն է միայն անհանգստացնում։


-Ցանկանում ենք, որ մեր ոտքերի տակ մաքուր ասֆալտ լինի, ասել են, որ կասֆալտապատեն, բայց չգիտենք երբ։ 2008թ-ին ջրագիծ քաշեցին, հետո ասացին ասֆալտապատում կանենք ու չարեցին։23 տարի ջուր եմ կրել, մինչեւ 2008թվականը, նոր վերջապես խմելու ջուրը մեր փողոց մտավ ու շուրջօրյա ջուր ունենք հիմա, էլ գոնե ասֆալտ անեն: Իսկ թերթերի ոչ բոլոր գրածներն ենք կարդում ու հավատում,-պատմում են Ս Նիկողոսյան փողոցի բնակիչները։ 


Խնդրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ քաղաքապետ Վարուժան Բարսեղյանից, ով հեռախոսով պատասխանեց, որ իր հասցեին հնչած մեղադրանքներին չի պատասխանի.


-Անհիմն մեղադրանքներ են, չեմ էլ ցանկանում մեկնաբանել: Անցած տարվա ընթացքում Վեդիում չորս սուբվենցիոն ծրագիր ենք իրականացրել՝ ասֆալտապատման աշխատանքներ եւ մեկ  խաղահրապարակի կառուցում,  աշխատանքները հիմնականում ավարտված են, հիմա ընթացքի մեջ են տանիքների վերանորոգման եւ հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրերը: Բազմաբնակարան շենքերի բակերում երեք  խաղահրապարակներ են կառուցվում։ Կասյան 26/1 շենքը ընդգրկվել է ջերմամեկուսացման ծրագրում, համաֆինանսավորմամբ պետք է կառուցապատվի:։ Ասֆալտապատման աշխատանքներ կկատարվեն նաեւ բազմաբնակարան շենքերի բակային մասերում,  Արարատյան 41 շենքի, Թումանյան շենքերի հատվածում,   Արցախ թաղամասի բոլոր  շենքերի բակերը ասֆալտապատվում են եւ բարեկարգվում։ Գյուղատնտեսության ոլորտում համաֆինանսավորմամբ մեկ ծրագիր եւս կիրականացվի մոտ 70 միլիոն դրամ արժողությամբ ոռոգման համակարգի կարգավորում՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում: Մենք աշխատում ենք, բամբասանքների ետեւից ընկնելու ժամանակ չունենք,- իր խոսքը եզրափակեց քաղաքապետը: