«Մեզ խաբեց Թագուհի պատգամավորը»,-ասում են գյուղացիները

09/08/2020 19:27
«Մեզ խաբեց Թագուհի պատգամավորը»,-ասում են գյուղացիները

Մեր կայքին են դիմել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Կախակն և Արփունիք համայնքների մի խումբ բնակիչներ,  բողոքելով, որ ԱԺ պատգամավոր՝ Թագուհի Թովմասյանն իրենց քվեներով դարձավ պատգամավոր, սակայն չլուծեց իր իսկ կողմից խոստացված գյուղի մոտ 10 կմ ճանապարհի ասֆալտապատման խնդիրը, որի պատճառով, իրենք այս տարի էլ չեն կարողանում  իրենց բերքը  գյուղից շուկաներ հանել, ինչի արդյունքում իրենց մշակած բերքը դառնում է անասնակեր:

-Թագուհին իր ամուսնու՝ Սաքոյի հետ մեզ սարեր խոստացավ, որ կասֆալտապատի մեր քանդված ու անանցանելի ճանապարհը, որը սովետի տարիներից ի վեր չի նորոգվել ու հիմա ջարդվում են  ավտոմեքենաների մասերը, որոնք փորձում են հաղթահարել ճանապարհի անանցանելի 10 կմ-ը,-պատմում էին Կախակնի բնակիչները,-գյուղացիներով, մեր վարչական ղեկավարի հետ գնացել ենք ԱԺ ՝ Թագուհու մոտ՝ հույսով արեց, որ` գնացեք ետ գյուղ, ես կլուծեմ ձեզ տանջող հարցը, բայց օրերս էլ իր օգնականը զանգահարեց և ասաց, որ այս տարի չի լուծվելու ձեր խնդիրը: Այսինքն մենք խաբվա՞ ծ ենք,-հարցնում էին մեզ դիմած մարդիկ և խնդրում այցելել իրենց ու սեփական աչքերով ականատես լինել խնդրին:

Բողոքի իսկությունն ստուգելու նպատակով եղանք Կախակնում,նախ,քանդված ճանապարհին ջարդվեց խմբագրության ավտոմեքենայի ավտոպահեստամասերից` մինչ կհասնեինք Կախակնի վարչական ղեկավար՝ Աշոտ Վաթյանի մոտ:

Վերջինս ասաց.

- Թագուհի Թովմասյանը չի խոստացել, այլ ասել է որ կհետաքրքրվեմ ձեր ասֆալտով, օգնական էլ երեկ  չէ,  առաջին օրն ասաց, որ այս տարի չի լուծվելու խնդիրը:

Զանգահարեցինք խոշորացված համայնքի ղեկավար՝ Հակոբ Ավետյանին, վերջինս հաստատեց գյուղացիների արդարացի բողոքի իսկությունն ասելով.

-Երկու համայնքների բնակիչները ,երկու տարի անհանբեր սպասել են ԱԺ պատգամավորի խոստմանն ու հիասթափվել: Տարին մոտենում է ավարտին, սակայն  ոչ մի ծրագրով ընդգրկված չեն այս երկու համայնքների ճանապարհների  կառուցման հարցը:Ինձ մոտ էլ են գալիս գյուղացիներն այդ հարցով:Տեսնենք եկող տարի կկարողանանք լուծել այդ հիմնախնդիրը, թե՝ ոչ,-ասաց Հ. Ավետյանը:

Հ.Գ. Հիշեցնենք, որ Վարդենիսի Գեղամասար համայնքը խոշորացվել է 18 գյուղերով: Նախկին ադրբեջանցիներով բնակեցված այս գյուղերում ներկայումս ապրում են Ադրբեջանից բռնագաղթածները, ովքեր մինչև կոկորդը թաղված են տարիներով չլուծված թնջուկների մեջ:

Ըստ նրանց.

-Մարդիկ մեռնում-գնում են այն աշխարհ, այդպես էլ չտեսնելով  իրենց արդարացի բողոքների լուծումները, գալիս խաբում, իրենց հարցերը լուծում են վերևներում ու մեզ թողնում հիմնախնդիրների ճանկերում,-ասաց Արփունիքի բնակիչը:

Նարինե Հասրաթյան