Բացահայտվել 83-ամյա բնակչի կողմից համագյուղացու սպանության փորձը

30/07/2020 19:53
Բացահայտվել  83-ամյա բնակչի կողմից համագյուղացու սպանության փորձը

ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում հուլիսի 30-ի առավոտյան հաղորդում է ստացվել, որ Լիճք գյուղում կրակոց է հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ ապօրինի հրացանով կրակել էր Լիճք գյուղի բնակիչ, 83-ամյա մի տղամարդ։ Թիրախը 62-ամյա համագյուղացին էր։«83-ամյա տղամարդը մոտ տարածությունից հրացանը պահել էր նրա դեմքի ուղղությամբ։ Կրակոցի պահին 62-ամյա տղամարդը կռացել էր ու ողջ մնացել։ Հրացանավորը փորձել էր երկրորդ անգամ կրակել, բայց ինչ-ինչ պատճառներով հրազենը չէր կրակել։ 62-ամյա տղամարդուն հաջողվել էր խլել հրացանը։ Այն առգրավված է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին։
Կատարվածի այլ հանգամանքներ, ինչպես և հանցագործության շարժառիթը նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: