Տեխնիկական զննությունն անցնելու ժամկետները փոխվել են

23/07/2020 14:55
Տեխնիկական զննությունն անցնելու ժամկետները փոխվել են

Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստում որոշում կայացրեց, որով նախատեսվում է փոփոխություններ իրականացնել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում։
 Ըստ նոր նախագծի՝ փոփոխությունները հետևյալն են՝
 «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն իրականացվում է հետևյալ պարբերականությամբ.
1) տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում.
2) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավել ներառյալ 10 տարվա արտադրության թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ,  վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ և դրանց կցորդներ (կիսակցորդներ)՝ տարին մեկ անգամ, 10-ից ավել տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ.
3) թողարկման տարեթվից հաշված` 4-ից  ավել, ներառյալ 10 տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլներ (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)՝   երկու տարին մեկ անգամ.
4) թողարկման տարեթվից հաշված` 10-ից ավել տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ  (կիսակցորդներ),  մոտոցիկլներ (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)՝  տարին մեկ անգամ.
 5) թողարկման տարեթվից հաշված 4-ից ավել տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը»,- ասված է օրենքի փոփոխության նախագծում:                                                                                                 
Նախագծում նաև նշվում է, որ թողարկման տարեթվից հաշված 4-ից ավել տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը։
«Օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում ի հայտ եկած ՀՀ կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որևէ մեկի առկայությամբ, տրանսպորտային միջոց վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սեփականատիրոջ կամ տիրապետողի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»,- ասված է օրենքի փոփոխության նախագծում։