Վարդան Տողանյան. Հարավային Կովկասում ձևավորվել են նոր աշխարհաքաղաքական իրողություններ

17/07/2020 14:04
Վարդան Տողանյան. Հարավային Կովկասում ձևավորվել են նոր աշխարհաքաղաքական իրողություններ

 Ռուսաստանի Դաշնությունում արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը ռուսական «ՌԲԿ» մեդիահոլդինգի հետ զրույցում ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանանին առաջացած սրացման պատճառները։ Տողանյանը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին առաջացած սրացմանը նախորդել է Բաքվի հայտարարությունների շարքը, որոնք երկրի հասարակությանը պատրաստում էին հնարավոր ռազմական գործողությունների։
«Հատկապես հուլիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, որը, ըստ էության, նշանակում էր Բաքվի դուրս գալը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից», - ասել է դեսպանը:
Հուլիսի 6-ին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը ասել է, որ ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները իրականում չեն ընթանում: Նա նաև քննադատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին ՝ պասիվության համար:
«Փաստացի, Ադրբեջանը համանախագաներին մեղադրել է անգործունակության մեջ, հայտարարել է, որ միջազգային իրավունքը չի գործում, և որ միջազգային իրավունքը իրենց համար զենքն է, ուժը, պետք է ապավինել զինված ուժերին», - ասել է Տողանյանը։
Դեսպանի կարծիքով՝ այն, ինչ  տեսնում ենք վերջին օրերին (հուլիսի 14-ին Բաքվում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ անհապաղ պատերազմ սկսելու պահանջները և այլն), այդ ամենին աջակցում էր պաշտոնական հռետորաբանությունը:
 «Եվ դրան, իհարկե, նպաստեցին հարևան Թուրքիայի հայտարարությունները»,- ասել է նա:
Դեսպանը նշել է, որ հուլիսի 12-ից հետո Հարավային Կովկասում ձևավորվել են նոր աշխարհաքաղաքական իրողություններ: