Ոստիկանական համակարգում լուրջ դժգոհություն է հասունանում

06/07/2020 20:06
Ոստիկանական համակարգում լուրջ դժգոհություն է հասունանում

Տարիներ առաջ մի հումոր էր թեւածում Հայաստանով մեկ` «եթե գայիշնիկները սկսեն արտագաղթել, ուրեմն երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փրկել հնարավոր չի լինի»... Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, ՃՈ համակարգում, տեսուչների մոտ լուրջ բողոք է հասունանում: Ըստ մեր աղբյուրի, եթե նախկինում պետավտոտեսուչների առաջ թիվ էր դրված` ապահովել X թվով Ճանապարհատրանսպորտային վարչական իրավախախտումների ակտեր, հիմա ոչ միայն ակտերի պլանի թվաքանակն է մեծացել, այլեւ դրան գումարվել է  «դիմակի ակտերի» պլանը:

-Ոստիկանություն-հասարակություն փոխհարաբերություններն առանց այդ էլ լարված են եղել, իսկ այս դիմակի բռնոցին ավելի մեծ անջրպետ է առաջացնում քաղաքացի-ոստիկան հարաբերությունների մեջ,-դժգոհում է մեր աղբյուրը` հավելելով,- Տնտեսական քաղաքականությունը տապալած օրվա իշխանությունը աղքատ հասարակությանը տուգանելով փորձ է անում բյուջեն լցնել, ոստիկաններիս դարձնելով ազգի թշնամի: Արտակարգ դրությունը երկարացնելու դեպքում, համակարգը մասսայաբար լքելու են աշխատակիցները: Նման հուսահատ վիճակ երբեւէ չի եղել ոստիկանությունում:


Արմեն Սարգսյան