Ինչո՞ւ է ուշանում Գորիսի պետական համալսարանի կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխության հարցը և ո՞ւմ շահերից է բխում այդ ուշացումը

03/07/2020 00:17
Ինչո՞ւ է ուշանում Գորիսի պետական համալսարանի կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխության հարցը և ո՞ւմ շահերից է բխում այդ ուշացումը

Գորիսի պետական համալսարանի պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ 2018թ. փետրվարի 16-ին Գորիսի պետական համալսարանում տեղի էր ունեցել կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի հերթական նիստը, որի ընթացիկ հարցերի մեջ ընդգրկվել էր նաև Գորիսի պետական համալսարանի կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխության վերաքննարկումը: ԳՊՀ-ի խորհուրդը բաց քվեարկությամբ ընդունել էր օրակարգի ընթացիկ հարցը՝ վերահաստատել բուհի կարգավիճակի փոփոխության մասին խորհրդի՝ 24.02.2017թ. ընդունած որոշումը և կրկին միջնորդություն ներկայացրել ԿԳ նախարարություն:
ԳՊՀ-ի կայքից տեղեկանում ենք նաև, որ ԳՊՀ-ի խորհուրդը դեռևս 2017թ. փետրվարի 24-ին գումարած նիստում քննարկել և ընդունել էր բուհը ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմակերպելու օրախնդիր հարցը, ինչպես նաև հավանության էր արժանացրել «Գորիսի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության նախագիծը, ինչի արդյունքում միջնորդություն էր ներկայացվել ՀՀ ԿԳ նախախարություն՝ սահմանված կարգով հարցին ընթացք տալու համար: «Վերակազմակերպելու արդյունքում հիմնադրամը կունենա լայն հնարավորություն ավելի ճկուն, ազատ, ռացիոնալ, արդյունավետ օգտագործելու իր գույքը, ներգրավելու արտաքին ներդրողների՝ ի նպաստ կրթության ու գիտության զարգացման: Զգալիորեն կավելանան հիմնադրամի կողմից պետական բյուջե մուծվող հարկերը:

Պետությունը կպահպանի հիմնադրամին օգտագործման իրավունքով հանձնված գույքի ճիշտ, նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունքը՝ պահպանելով նաև օրենքով նախատեսված կրթության ֆինանսավորումը պետական բյուջեից: Հիմնադրամն ինքն է սահմանում ձեռնարկատիրական գործունեության այն տեսակները, որոնցով կարող է զբաղվել, իսկ ՊՈԱԿ-ի դեպքում այդ ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը»,- նշել էր ռեկտոր Ա.Ղուկասյանը նիստում վերոհիշյալ հարցը քննարկելիս:
ԳՊՀ-ն ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմակերպվելու հարցը երևան եկավ նաև վերջերս, սակայն երկու անգամ հրավիրված խորհրդի նիստը՝ նշյալ հարցի օրակարգով, քվորում չլինլու պատճառով չկայացավ։
Այսքանից հետո թե ինչու է ուշանում Գորիսի պետական համալսարանի կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխության հարցը և ում շահերից է բխում այդ ուշացումը, դեռևս մնում է չպարզված:
Ահա ԳՊՀ Խորհրդի նիստի որոշումները ՊՈԱԿ-ից հիմնադրամի անցման մասին՝

Հղում 1

 Հղում 2