COVID19-ը նպաստեց, որ արտագնա աշխատանքի չմեկնողները հողագործությամբ զբաղվեն, ինչպիսի՞ն կլինի եկամուտը

30/06/2020 11:41

Շիրակի մարզի Արփի խոշորացված համայնքի եւ սահմանակից բնակավայրերի ազգաբնակչությունը բացի անասնապահությունից, այս տարի սկսել է ավելի շատ զբաղվել հողագործությամբ։ Ըստ մեր զրուցակիցների, տարիներով չմշակված հողերը, որոնք ծառայել են, որպես խոտհարկեր, այժմ մշակվում են, որպես ցորենի, գարու, վարսակի ցանքատարածություններ։ Շատերը ասում են, որ այս երեւույթը պայմանավորված է երկրում արտակարգ դրության հետ կապված սահմանափակումների հետ, արտագնա աշխատանքի չմեկնած տղամարդիկ սկսել են զբաղվել հողագործությամբ:

Հացահատիկային ցանկատարածությունների մշակումը սահմանամերձ գյուղերի մարդկանց կյանքում նոր հետաքրքրություններ եւ ձեռքբերումներ է խոստանում։ Երիտասարդ ընտանիքները եւս շահագռգռված են նոր բնակարաններ եւ հողակտորներ ձեռք բերել, ինչպես իրենք են նշում բնությունը հնարավորություն է տվել իրենց հանապազօրյա հացը վաստակելու։
-Ցորենը հաց է, ցորեն ցանողին պետք է ընդառաջել, որ չնայենք, թե ուրիշ երկրներից մեզ ցորեն կուղարկե՞ն, թե՞ չէ,-կարծիք է հայտնում ցորենի մշակությամբ զբաղվող  Անդրանիկը։ 
Արփիում մարդիկ պատմում են, որ այստեղ անասնապահությամբ կարողանում են իրենց ընտանիքների հոգսերը հոգալ, հարուստ արոտավայրերի, վարելահողերի  գոյությունը օգնում է մարդկանց լինել զբաղված եւ սոցիալապես ինչ-որ կերպ ապահովված։Այստեղ անասնաբուժական երկու կենտրոնների հիմնադրումը ողջյունում են մարդիկ, առողջ միս եւ կաթնամթերք ստանալու համար, կարեւորում են անասնաբույժերի աշխատանքների կազմակերպումը տեղական իշխանությունների կողմից։
-Գյուղի ապրողը, եթե հող չմշակեց ու անասուն չպահեց, ուրիշ եկամուտ չի ունենա, մեր գյուղերի  արոտավայրերի վիճակը բարելավված է,հեռակա արոտների ճանապարհները սարքել են, հովվի տունը, փարախները, խմելու ջրերի խմոցներն էլ, ջուրը կա՞ ուրեմն կաթ էլ կլինի։ Էս տարի կաթի գինը մեր մոտ մնաց նույնը 150 դրամից չիջավ։ Մեր մոտ կազմակերպված ենք, ամենաշատ  ծրագրերը մեր համայնքում է իրականացվել, հիմա էլ ասում են, որ մեր համայնքում կունենանք տեխնիկաների համար ավտոկայանատեղի, որ ոչ թե ամեն մեկի տան դուռը մեքենան կանգնի, այլ հենց գյուղի համար ստեղծված տարածքում։ Դաժե ձյուն մաքրող տեխնիկա էլ ունենք, լավ չէ՞, տարվա ութ ամիսը ձյան տակ ենք ապրում,-ասում են մարդիկ։ 
Համայնքներում մարդիկ նշում են, որ վերանորոգվում են իրենց բնակավայրերի վարչական շենքերը, դպրոցական գույքերը փոխարինվում են նորերով։ Ըստ մեր զրուցակիցների, տեղաբնակների համար առաջնահերթ խնդիր է մնացել առողջապահական ոլորտը: Ամբուլատոր համակարգը, մեղմ ասած ոչ բարձր որակի է, ու մարդիկ խուսափում են դիմել տեղական բժիշկներին՝ ամբուլատոր բուժում ստանալու համար, ու ստիպված երկար ճանապարհ են անցնում, մինչեւ մարզկենտրոն կամ խոշոր քաղաքների բուժհաստատաություններ հասնելու համար:


Իրենց հողին ու ջրին անմնացորդ նվիրված մարդկանցից ոչ բոլորն էին  համայնքների միավորումից դժգոհում, կարծիք հայտնելով, որ պատասխանատուների ճիշտ կազմակերպված աշխատանքների արդյունքները շոշոփելի են։  
 
-Համայնքների խոշորացումից հետո մենք մեծ տարբերություն զգացինք, օրինակ, մեր գյուղում։  Կամաց-կամաց հարկերը վճարում ենք, մարդիկ գործ են անում։ Ամեն գյուղի ամենակարեւոր գործն է արվում հերթով։ Կարեւորը լույսը կա, ջուրը կա, ճանապարհները բարեկարգվում են, դե գրունտային ճանապարհներ են, հենց սկսում են քանդվել,  գալիս սարքում են դժգոհ չենք։ Ապրի իրենց արեւները ասֆալտապատում չկա, բայց, որ կանցին ու կտեսնին, որ վատացել է վիճակը փոսալցում են անում։ Մեր համայնքները ապահովված են, մենք էլ պետք է ձգտենք աշխատենք, հո ուրիշը մեր փոխարեն չի գա աշխատի։ Տեսեք չորս կողմից աշխատանքներ են անում, բոլորիս դռները փառք աստծու տեխնիկաները կանգնած են, մենք էլ ենք վարում ցանում, արդեն պատրաստվում ենք աշնանացանին։ Ղեկավարությունը կազմակերպում է, մենք էլ մեր հասանելիք աշխատանքներն  ենք անում, հողերը չմշակվելուց էռոզիայի են ենթակվել, էլ հնար չկա, վարել ու մշակել է պետք։ Հիմա է, որ վարել է պետք, մշակել է պետք, աշխատող է պետք, աշխատես կունենաս, չէ չես ունենա։ Մեր ժողովուրդը չարեչար աշխատող է, ման եկեք, եթե մեկ երկուսին կտեսնեք, կտեսնեք, չէ մնացածը իր բան ու գործին է։ Մեկը կարտոլը կմշակե, մեկը իր տեխնիկան կպատրաստե, շուտով խոտհունձն է, ամենաուշը տասը օրից կսկսվի մեր տանջանք գործը։ Պետք է աշխատես, մունաթ գալու ժամանակը չէ, պետք է աշխատել, իսկ ինչ մնում է խոշորացումը հասկացողի համար լավ է, չհասկացողի համար վատ>-ներկայացնում է Աղվորիկ համայնքի բնակիչ Ռոբերտ Սարուխանյանը։