«Քայլ ձիով». Քոչարյանը հետ վերցրեց դիմումը ՍԴ-ից. հերթը Մարուքյանին է

25/06/2020 20:14
«Քայլ ձիով». Քոչարյանը հետ վերցրեց դիմումը ՍԴ-ից. հերթը Մարուքյանին է

«Անգլերենում կա մի ասացվածք` Catch 22: Պարզ ասած դա անելանելի վիճակ է։ Այսօր Էդմոնը հայտնվեց հենց այդ իրավիճակում. Մի կողմից նա չունի այլևս որևէ հիմք չստորագրել ՍԴ դիմելու որոշումը, իսկ մյուս կողմից կա Նիկոլի հետ չդիմելու պայմանավորվածությունը։

Տեսնես այս անգամ ինչ է հնարելու չդիմելու համար։
Նախաքահ Քոչարյանը կրկին ապացուցեց իր պետականամետ լինելն։ Նա փաստացի հրաժարվեց մի գործընթացից, որի արդյունքում շատ հավանական էր որ չեղարկվելու էր իր մեղադրանքը։

Հենց սրանով է տարբերվում պետական գործիչը քաղաքական առուծախով զբաղվող գործիչներից». իր ֆեյսբուքայն էջում գրել է Արա Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը տեղեկացրել է, որ պաշտպաններից Արամ Վարդեւանյանը դիմում է ներկայացնում ՍԴ, որով խնդրում են դատարանին հիմք ընդունելով ՍԴ-ի մասին օրենքի համապատասխան հոդվածը՝ հետ վերցնել  երկու դիմումները:

«Այսինքն այն դիմումները, որ ներկայացրել էինք մոտ 1 տարի առաջ, որոնք վերաբերում էին 300.1 հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին: Պարոն Քոչարյանը հստակ դիրքորոշում հայտնեց, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման հետ կապված որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ փաստաբանները հետ վերցնեն: Մեր ընդհանուր պահանջ, հորդոր, խնդրանքն է բոլոր քաղաքական ուժերին Սահմանադրության հետ կապված այս գործընթացներում ոչ պարոն Քոչարյանի, ոչ փաստաբանական թիմից որեւէ մեկի անունը չշոշափել: Այս գործընթացի դիտարկել բացառապես պառլամենտական խմբակցությունների եւ պատգամավորների իրավասության շրջանակներում, եւ եթե գտնում են, որ իրավունքի խախտում կա, որի մասին արտահայտվել են, եթե գտնում են, որ կա դիմում, որը կարող էր ստորագրվել ինչ-որ ամսաթվի, չսպասել այդ ինչ-որ ամսաթվին եւ հիմք ընդունելով մեր դիմումը, միանալ այդ գործընթացին»,-ասաց Օրբելյանը:
Պարոն Քոչարյանի եւ մեր փաստաբանական թիմի դիրքորոշումը շատ հստակ է. այս գործընթացի, ինչպես քաղաքական մի շարք շրջանակներ անվանում են սահմանադրական կարգի տապալման գործընթացի հետ մենք որեւէ առնչություն չենք ուզում ունենալ: Մենք որպես կողմ ունենք մի գործիք, դա այն է, ինչ հիմա անում ենք: Ուրիշ գործիք չունենք:
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստանը» չի միանա «Բարգավաճ Հայաստան»-ին Սահմանադրական դատարան դիմելու հարցում, և ՍԴ կդիմի միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո: