Արցախի նախագահի "հեղափոխական" վտանգավոր քծնանքը

22/06/2020 11:22
Արցախի նախագահի "հեղափոխական" վտանգավոր քծնանքը

Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փորձելով քծնել և լավամարդ երևալ Հայաստանի "հեղափոխական" իշխանությունների աչքում աղմկահարույց "բացահայտում" է արել և հայտարարել. "Շատ ավելի անպաշտպան էինք, չեմ ուզում փակագծեր բացել, Ստեփանակերտն անպաշտպան էր, Ստեփանակերտի օդն անպաշտպան էր 16 թվականին"...
Ես ռազմական փորձագետ չեմ, բայց միևնույն ժամանակ մշտապես քննադատել եմ մեր իշխանությունների կողմից բանակի նկատմամբ տարվող քաղաքականության որոշ դրվագներ..Օրինակ՝ ես բացասաբար եմ վերաբերվում, երբ մեր բանակը զինված է 20-րդ դարի 80-ական թվակաների զինատեսակներով, իսկ բանակի հրամանատարական կազմը երթևեկում է նոր արտադրված և շատ թանկարժեք արտասահմանյան ամենագնացներով...
Բայց ինձ համար ուղղակի զարմանալի էր Արցախի նախագահից լսել, որ Ստեփանակերտի օդն անպաշտպան է եղել... Լավ, եթե օդն անպաշտպան էր, ինչու՞ որևէ ադրբեջանական ինքնաթիռ, ուղղաթիռ և ԱԹՍ չհարվածեց Արցախի մայրաքաղաքին... Այդ հայտարարությամբ Հարությունյանը փորձում է նաև ապացուցել, որ Իլհամի ասկյարները և, ըստ ԶԼՄ-ների, իսրայելական ԱԹՍ-ները հայկական դիրքերի վրա ոււղղորդող հրեա զինվորականներն անգրագետ են և չեն հասկացել, որ Ստեփանակերտն անպաշտպան է... Եթե այդպես է, ապա Հարությունյանը սխալվում է...
Արցախի ՀՕՊ-ը կարող է և խնդիրներ ունեցել է, բայց այն, որ Ստեփանակերտը չի ռմբակոծվել՝ դա ապացուցում է, որ ամեն դեպքում Արցախի մայրաքաղաքի օդային տարածքը լավ պաշտպանված է եղել... Բացի այդ, ռազմական գործողությունների հենց սկզբից 2 ադրբեջանական ուղղաթիռ խոցելուց հետո Բաքվում հրաժարվեցին ինքնաթիռա-ուղղաթիռային պատերազմից և կենտորնացան հիմնականում իսրայելական ԱԹՍ-ների վրա, որոնք բավական վնաս հասցրեց հայկական կողմին... Չնայած այդ ամենին, քառօրյա պատերազմի ժամանակ հայկական ՀՕՊ-ը խոցեց ադրբեջանական 20 ԱԹՍ...
Հ.Գ. Հետաքրքիր է, Արայիկ Հարությունյանն այս մասին ասել է ԱԺ "Քառօրյա պատերազմը քննող" հանձնաժողովին, թե սա Նիկոլին քծնելու և լավամարդ ձևանալու մի նոր ձև է... Ամեն դեպքում Արցախի նախագահը պետք է ավելի զուսպ լինի, հատկապես, եթե դա վերաբերում է մի բանի, որի "վնասակար" ապացույցները նա չունի...