ՀՀԿ-ից քցված, ՔՊ-ում մոլորվածը

20/06/2020 13:35
ՀՀԿ-ից քցված, ՔՊ-ում մոլորվածը


Արմավիրի մարզի Այգեվան համայնքի նախկին ղեկավար, կարկառուն ՀՀԿ-ական Սպարտակ Էքիզյանը ՀՀ պատմության բոլոր ճամբարափոխ համայնքապետերի հավաքական կերպարն է:
Տարբեր իշխանությունների ղեկավարման տարիներին, նրանց շարքերում հարմար տեղավորված Սպարտակ Էքիզյանին, հաջողվում էր ծառայություններ մատուցել ժամանակի մարզպետներին եւ պետության վերնախավին` դրանով իսկ ամուր կառչելով համայնքապետի աթոռին: Արդյունքում ընդլայնվում էր Էքիզյանի բիզնեսը` 
բենզալցակայան, լոմբարդ եւ այլն, սեփականության տարածքները, ինչին զուգահեռ հետընթաց էր ապրում Այգեվանը: Այնքան էր ետ մնացել գյուղը, որ անգամ գյուղապետ Սպարտակը չէր ուզում մնալ համայնքում եւ ընտանիքով մշտական բնակության էր տեղափոխվել մարզկենտրոն` Արմավիր քաղաք:

Հոգսերի մեջ թաղված համայնքի խնդիրներն էին պատճառը, թե ուրիշ պատճառ կար, բայց 2016թ-ի ՏԻՄ ընտրություններին Էքիզյանի հովանավոր ՀՀԿ-ն որոշեց ազատվել նրանից` նախապատվությունը տալով ՊԵԿ աշխատակիցների մեկին(ի դժբախտություն այգեվանցիների, վերջինիս ընտրությունն էլ համայնքի կյանքում շատ քիչ դրական փոփոխությունների առիթ եղավ, բայց դա առանձին թեմա է:Հեղ.):
Պարտությունից հետո Սպարտակ Էքիզյանին բախտը ժպտաց մեկ էլ 2018թ-ին, երբ առիթ էր ստեղծվել վրեժ լուծել ՀՀԿ-ից: Քայլողների իշխանությունը վերցնելուց հետո նա սկսեց հաճոյանալ ՔՊ-ականներին, տարբեր ծառայություններ մատուցելով: Մարզի Չար լեզուները խոսում են, որ տեղյակ լինելով համայնքապետարանների ծածուկ գործերին, Ս. Էքիզյանը որպես ծառայություն օրվա իշխանություններին, մի քանի անգամ «գրվել» է իր նախկին գործընկերի դեմ: Սակայն միայն վրեժը չի, որ Ս. Էքիզյանին դրդում է նման քայլերի դիմել, բանն այն է, որ վերջինս նպատակ ունի իր որդուն Արմավիրի քաղաքապետ դարձնել: Նպատակին հասնելու համար նախկին գյուղապետը զբաղվում է Նիկոլ Փաշինյանի PR-ով` ակտիվ քարոզչությամբ: Տարբեր տարածքներում, խմբերով մարդկանց հանդիպելով, Սպարտակը համոզում էր նրանց, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականապես ոչնչացած է, որ այլեւս հնարավոր չէ, որ նա ազատվի: Սերժ Սարգսյանի համար կանխատեսում էր 15 տարվա ազատազրկում, ՊԵԿ նախկին նախագահին` ունեզրկում… Սա ընդամենը օրեր առաջ, իսկ այսօր, երբ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է, եւ քաղաքականություն նրա վերադարձի հավանականությունը մեծ, արջն իր երգը փոխել է: Ըստ Արմավիրի մեր աղբյուրի, երեկ Սպարտակ Էքիզյանին տեսել են մի խումբ մարդկանց, որտեղ վերջինս հայտարարել է. «Քոչարյանը տղայա, նրա դեմ խաղ չկա…»
Հ.Գ. Ինչպես արդեն վերը նշեցի Սպարտակ Էքիզյանը ճամբարափոխության էտալոն է ու դա եղավ պատճառ, որ գրվի այս հոդվածը: Սպասում ենք հաջորդ քամելեոնների ի հայտ գալուն…
Արմեն Սարգսյան