Հեքիաթ միամիտ էշի մասին

18/06/2020 19:01
Հեքիաթ միամիտ էշի մասին

Լինում ա չի լինում, մի էշ ա լինում: Էս էշը միշտ դժգոհ ա լինում իր վիճակից, շարունակ իրան ստրուկ ա զգում: Նախկին ռեժիմի թալանչիները թալանը բարձում էին գյուղից-գյուղ տեղափոխում, խեղճ էշին գիշեր-ցերեկ աշխատացնում: Ի՞նչ աշխատանքային օրենսգիք, ի՞նչ սոցիալական արդարության համակարգ, ի՞նչ կենդանիների իրավունքների պաշտպանություն: Ամենուր անօրինություն էր ու կեղեքում: Էդ անօրեն երկրում նույնիսկ կանաչ տարածքներն էին օրեցօր պակասում: Մի խոսքով`երկիր մի ասա, մի բռնապետություն:

Հենց երկու ժամ ազատ էր մնում տանջահար էշն ինքն իրեն խոսում էր.
- Բա լավ, սենց մինչև ու՞ր: Էս թալանչիները ո՛չ խիղճ ունեն, ո՛չ աբուռ: Սենց որ գնաց սովամահ կլինեմ:
Այ սենց ինքն իրան բարձր մտածում էր էշը: Կողքից որ նայեիր կասեիր խելքը թռցրել ա: Օրերն անցնում էին, էշի վիճակը գնալով անմխիթար էր դառնում: Թալանչիները փոխվում էին, էշս նույն էշն էր մնում: Հույսը կտրել էր, երանի էր տալիս մեռելներին:
Բայց մի առավոտ էշը տեսավ, որ «շտո տը նի տոյա». թալանչիները խուճապի մեջ դես ու դեն են վազվզում ու էլ թալանը չեն բարձում: Էշը մտածմունքների մեջ ճամփա ընկավ հանդը արածելու, տեսավ ճամփեքը փակ են: Հարց ու փորձ արեց` ինչ հաշիվ ա ու իմացավ. թագավորի դեմ ապստամբել են:
Ըհը, կպավ,- մտածեց էշը, -որ ես էլ միանամ ապստամբությանը կարող ա մի քիչ շատ կպնի:

Թագավորը փոխվեց, թալանչիները քչացան, էշն էլ 10 ժամից ավել չէր աշխատում, արածը մի բան չէր, բայց մտածելու ժամանակն առաջվա համեմատ շատ էր: Պարապությունից նստած թագավորի լայվերն էր նայում, արքունի ժողովներն էր նայում: Ու մի օր լսեց, որ թազա թագավորին թանը դնջացնում ա:
-
Ահա՜ էսի ուրիշ բան: Թագավորին սյուրպրիզ տի անեմ: Երկու մեծ շիշ թան կվերցնեմ ու ճանապարհ կնկնեմ դեպի թագավորության մայրաքաղաք ու հենց արքունիքի դեմը իմ ձեռով թանը կտամ թագավորին, կխմի դինջանա... ու մի նորմալ գործ կուզեմ ինձ համար:


Էշը իրա համար ուրախ ու զվարթ ճանապարհ ընկավ դեպի թագավորության մայրաքաղաք: Ճանապարհին հանդիպեց մի մտամոլոր մարդու.
- Մարդ, ինչու՞ ես մոլոր կնգնել:
- Թալանչիները ձեռիցս տունը խլել են, էշ ջան:
- Ի՞նչ թալանչի, այ մարդ, թալանչի-մալանչի չկա, թագավորությունում ապստամբություն ա եղել, նոր թագավոր ա եկել, թալանչիներին բռնում ա:
- Է՜ էշ ջան, իմ թալանչիները ոնց կան տենց էլ մնացել են...
-Մարդ ես գնում եմ արքունիք թազա թագավորի մոտ, համա արքունիքի տեղը չգիտեմ: Եթե ինձ օգնես ու տանես արքունիքի մոտ, թան եմ բերել թազա թագավորին, իրան թանը դնջըացնում ա: Հենց խմեց դ
նջացավ, լրիվ հարցերին մտիկ կանի...

Մարդը ուրախացած բռնեց էշի պարանը ու ճանապարհը ցույց տալով առաջ ընկավ: Ճամփին խոսքով ընկան.
- էշ, բա դու ի՞նչ ես ուզում թագավորից:
- է՜, թալանչիների ձեռը էրված էշ եմ, նորմալ գործ եմ ուզում, մի հատ էլ թավշյա փալան:
- Էրնեք քո միամիտ հալին, էշ ջան:
Ու էդպես ասել-խոսալով հասան արքունիքի մոտ: Եվ հենց մարդը հանեց թալանչիներին ուղղված դրոշը, որ պարզի, արքունի պահակազորն անմիջապես վրա հասավ թևերն օլորեց ու տարավ թագավորության մաղխազություն: Էշը շիվարած նայում էր: Մի քիչ անց եկան նաև շահապի մարդիկ ու էշին ուղեկցեցին շահապի ամրոց....
Ճանապարհին էշը մտածում էր.
- Բա լավ, էս երկրում ապստամբություն չի եղե՞լ, թագավորը չի փոխվե՞լ ,թալանչիները չեն վերացե՞լ...
Ու վերևից խորհրդավոր մի ձայն բա թե.
- Քանի դեռ էշ ես, թագավորը «չի փոխվելու»....

Հակոբ Մարգարյան