Չարքաշ, սոված, հպարտ քաղաքացի որտե՞ղ եք տեսել, ո՞ր երկրում

12/06/2020 14:35
Չարքաշ, սոված, հպարտ քաղաքացի որտե՞ղ եք տեսել, ո՞ր երկրում


«Հայկական Ժամ»-ը արտակարգ դրության պայմանների շրջանակներում զրուցեց Վայոց Ձորի մարզի ազգաբնակչության հետ։
-Վայոց ձորի ազգաբնակչության մոտ քաղաքացիական պատասխանատվությունը բարձր է։ Ոչ թե պարետի որոշումների համար ենք ենթարկվում սահմանափակումների կանոններին, այլ մենք մեր առողջության համար ենք անհանգստացած։ Հող ու ջրով ենք ապրում, օրվա հացը հայթհայթելով, գոնե ձմռան համար վառելափայտի ու ուտելու համար պաշար կհավաքվի։ Համաճարակ է, կարանտին  չկարողացանք մեկնել արտագնա աշխատանքի,-իրենց հոգսերի ու աանհանգստությունների մասին են պատմում եղեգնաձորի տարածաշրջանի բնակիչները,- Ավելի դժվարացավ մեր ապրելակերպը, ամսեկան կուտակվում են ապառիկի ու վարկերի տոկոսներն ու պարտքերը, այս վիրուսը Աստծու կողմից արար աշխարհին պատիժ է տրված, ես այդպես եմ կարծում:  Ու ոչ ոք մեղավոր չի այս վիրուսի համար, պետք է հաղթահարենք ուշադիր լինենք։ Ես իմ այգում հիմա գործ եմ անում դրա համար եմ առանց դիմակի, իսկ երբ տանից դուրս գամ անպայման դիմակով ու ողջ ռայոնն է այդ կանոններին լուրջ վերաբերվում,-ասում է Հայկը։
-Մեր տարածաշրջանը շատ մաքուր են պահում, շրջեք տեսեք։ Մեր ձորի ժողովուրդն էլ մաքրասեր է, իրենց տուն ու դուռը մաքուր են պահում։ Հիմա մեր մշակած ելակն ենք բերել վաճառենք, որ տան համար առեւտուր անենք, հիգենիայի պարագաներ գնենք։ Մեր ձորում հարուստ ու աղքատ գոյություն չունի, բոլորս էլ պետական աջակցության կարիք ունենք, աշխատանք չունենք, մենք ենք ու մեր մի քանի կտոր հողերը,- շարունակում է զրուցակիցներիցս մեկը,- Հողն էլ չի արդարացնում, հողի հետ կռիվ տալով ապրում ենք, դժվար ա, դժվար։ Տուն առ տուն մտեք, տեսեք ինչքան խնդիրներ ունեն մարդիկ, գիշեր ցերեկ աշխատում են, որ էդ մեկ օրվա հացի սեղանը գոնե դատարկ չմնա։ Սեւ օրվա համար մի կոպեկն ինչ է չենք կարողանում հետ գցենք,- արդարացի բողոքում են մարդիկ:
Բոլոր համայնքներում բնակիչները զբաղված էին դաշտավարական աշխատանքներով։
-Մենք էնքան զբաղված ենք, որ կորոնավիրուսն է մեզանից վախենում, որ մեր մոտ գա, գյուղացին զբաղված է ժամանակ չունի։ Մեր ղեկավարները միշտ զգուշացնում են, որ ուշադիր լինենք, պահպանենք արտակարգ դրության պայմանները, կարգ ու կանոնը կա, բավարար ապրելակերպը չկա։ Թող էդ մեծ մեծ խոսողները գան ու մեկ օր գյուղում ապրեն, կգա՞ն, իհարկե չեն գա,-յուրաքանչյուր հարցից հնարավորինս շեղվելով ու շեշտը դնելով սոցիալական  խնդիրների վրա, պատմում են մեր զրուցակիցները։ 
-Եթե ազնիվ լրագրող ես, դե գրիր այն ինչ լսել ես, գրիր, որ գյուղացին տանջվում է, որ յուրաքանչյուր չարքաշ օրվա համար մենակ ցամաք հացը առնի,- տեսակետ հայտնեց տեղացի Զավեն Դեմիրճյանը,- Լավ լավ բան չկա մեր կյանքում։ Դե լրագրող ես, շրջի ու տես ուրախացնող ի՞նչ երեւույթ տեսաք, իսկ եթե տեսե՞լ եք` գնացեք դա գրեք։ Հեղափոխությունից հետո բան չփոխվեց, ով կարողացավ վերեւ հելավ, ով էլ  չէ` փախավ գնաց, բան չի փոխվել։  Գնացեք գրեք, եթե անկախ եք ու չեք վախենում, գյուղացին մենակ է բնության արհավիրքների, սոցիալական, առողջական  խնդիրների հետ։ Հա եթե ասենք պոպոք ունե՜նք, ծիրան ունե՜նք, խաղող ունե՜նք, հետո՞... դրանով ի՞նչ է փոխվելու, հո մարդը մի փոր հացի համար չի՞ ապրում։ Ասենք թե ուրախացանք, որ  խաղող ունենք, որ գան մեծահարուստները էժան գնով տանեն մշակեն իրենց գործարաններում ու մենք մնանք սոված, պարտքերի մեջ կորած։ Ու դրանով ուրախանա՞նք` չարքաշ, սոված հպարտ քաղաքացի որտե՞ղ եք տեսել, ո՞ր երկրում,- բարկանում է Զավենը: