«Հիմա լրագրողների ձայնը այնքան էլ հզոր չի. Լեւոնի թվի նման, հիմա էլ լրագրողներին ծեծում են ու բանի տեղ չեն դնում»

15/05/2020 12:46
«Հիմա լրագրողների ձայնը այնքան էլ հզոր չի. Լեւոնի թվի նման, հիմա էլ լրագրողներին ծեծում են ու բանի տեղ չեն դնում»

Լոռվա մարզի գյուղական համայնքների բնակիչներին, արտակարգ դրության պայմաններում տարբեր կազմակերպությունների եւ անհատների կողմից  սոցօգնության սնունդ տրամադրելը սխալ ռազմավարություն են համարում։ Ինչպես մեր զրուցակիցներն են նշում, 90-ականներին էլ հին լոբի եւ կաթի փոշի բաժանելով մարդկանց դարձրին մուրացկան, հիմա էլ նույնն են անում։

-Մեր մարզում դեռ իշխանություններից ոչ մեկը չի եկել՝ ոնց անտեսված կայինք, ըտենց անտեսված էլ մնացել ենք։ Հա հասկացանք, որ վիրուսը կա, բայց էդ օգնություններն էլ բերում են քիչ ու միչ բաժանում են, դա էլ են դարձնում կռվախնձոր։ Մեկին հասնում է, մյուսին չի հասնում՝ մի՛ բաժանեք էլի, մարդկանց մի դարձրեք մուրացկան, ոնց որ 90-ական թվերին։ Մեր գյուղում, օրինակ՝ Օձունում շատ են երիտասարդ ընտանիքները, տարիներով աշխատանք չունեն, ոչ մի տեղ հաշվառված չեն, որոնք ապրելակերպ չունեն, ի՞նչ անեն էդ ջահելները, մեռնե՞ն տանը։ Մնում է իրենց երեխաներին առնեն, դռները ներսից փակեն ու մնան ներսում փակված, ուրիշ էլ բան չունեն անելու։ Կաբինետային աշխատողների աշխատավարձերը բարձրացրին, բա էդ տանը նստած հայրերի ու մայրերի մասին հե՞չ չմտածեցին,-երիտասարդների ճակատագրով մտահոգվում են գյուղի տարեցները։ 
-Կոմունալ վճարները կատարում ենք. դժվարա, բայց չենք կարող չվճարենք՝ կգան կանջատեն։  Համաճարակի դեմ էլ ենք պայքարում, ով բաշարում ա, իրա հիգենիան պահում ա, սպիրտով լվացվում ենք, մեր շորերին ենք դաժե սպիրտը քսում, որ վիրուս բան չկպնի։ Թե փող ըլնի՝  ճարում  խմում ենք էլ։ Մեկ էլ խնդրում ենք ձեզ , չնայած հիմա ասում են լրագրողների ձայնը այնքան էլ հզոր չի, բայց, որ կարողանաք տեղ հասցնեք, ասեք ժողովուրդը խնդրում ա, Ազգային Ժողովը բռնցքամարտի ռինգ մի սարքեք։ Հետո էլ գրեք ասեք, որ եկեք էստեղ Լոռվա մարզ կա, բան կա, եկեք ժողովրդի դարդ ու ցավին տեղեկացեք։ Շատ լրագրողների ասում ենք, մեր խոսքը տեղ չեն հասցնում, վախենում են, ինչպես Լեւոն Տեր Պետրոսյանի  ժամանակ դաժե ծեծում էին լրագրողներին, բայց ժողովրդի ձեռը ի՞նչ կար, որ թույլ չտար։ Բոլոր լրատվամիջոցներից օգտվում ենք, տեղյակ ենք ինչ ա կատարվում,-պատմում է 83-ամյա Շավարշ Աթաբեկյանը։    

Հավաքված տարեցներից մեկն էլ, բազմանշանակ ժպտալով ակնարկեց.

-Ընչի կորոնավիրուս կա՞, է՜հ, միամիտ եք էլի՝ դոլար են աշխատում, դոլա՜ր... Խի դուք հավատու՞մ եք, էս սաղ թվերը սութի գրում են, որ դրսից փողեր ուղարկեն, մի երկու կոպեկ գցում են ժողովրդի առաջ ու պը՛րծ, էլ փող չկա...

Զրույցը դեռ երկար կշարունակվեր, եթե ծերունիներին կողքից չխեթեին.

-Այտա՛, սթից բաներ միք խոսացեք՝ նկարում են...