«Երեւան դիմեք՝ Տավուշում արդարադատություն չկա»

15/05/2020 12:20
«Երեւան դիմեք՝ Տավուշում արդարադատություն չկա»

 
Տավուշի մարզում  ազգաբնակչության վստահությունը դատական համակարգի նկատմամբ իսպառ վերացել է:

«Եթե անարդարության ես բախվել, ապա պետք չէ բողոքել մարզի պատկան մարմիններին, չէ՞ որ ամբողջ մարզը կաշառված է, պետք է դիմել ուղիղ Երեւան»,- ըստ Գոշ գյուղի բնակիչների, մարզում իրենց համայնքում տիրող սոցիալական անարդարությունների վրա աչք են փակում բոլորը։

Օրինակներ բերելով, տեղացիները մատնանշում են համայնքի դպրոցը.

«Դպրոցն այժմ էլ ղեկավարող նախկին տնօրեն Հայկազ Ամիրխանյանը տարիներ շարունակ դպրոցը վեր է ածել ընտանեկան բիզնեսի, անսահման հիշաչարության տեր տնօրենը, ինչպես նախկինում, այժմ էլ  իրենց ընդդիմախոսներին պիտակավորում է կլյաուզնիկ ու ճանապարհում բողոքելու»,- պատմում են գոշեցիներն ու մեջբերում են տնօրենի խոսքը,- «Ի՞նչը պետք է փոխվի ձեր բողոքելուց»-տնօրինության այսպիսի պատասխանը շատերիս մոտ է զայրույթ առաջացրել, բայց, առայժմ, մանկավարժները եւ ծնողները իրենց դժգոհությունները շշուկով են արտահայտում, խուսափում են խնդիրներ ունենալ նրանց հետ, քանի, որ ամիրխանյանների ընտանիքը մտերիմ հարաբերություններ ունի մարզի դատավորների, մարզպետարանի աշխատակազմի, ոստիկանության ծառայողների եւ համայնքապետարանի ներկայացուցիչների հետ։
Թոշակառու Հայկազ Ամիրխանյանը, այժմ դպրոցում դասավանդում է մաթեմատիկա առարկան, կինը՝ ուսումնական գծով փոխտնօրենն է, իսկ դուստրը եւ հարսը ուսուցիչներ են։ Հայկազ Ամիրխանյանի որդին՝ Գեւորգ Ամիրխանյանը Գոշի վարչական ղեկավարն է, որը նույնպես դպրոցի աշխատանքներին մասնակից է, իսկ ներկայիս գործող տնօրեն Սոնա Օհանյանը, Հայկազի հորեղբոր հարսն է, այսինքն Հ․ Ամիրխանյանի կամակատարն է՝ ինչպես նշում են տեղացիները։
«Հեղափոխություն ասվածը Տավուշի մարզ չհասավ, մի ամբողջ ընտանիք գյուղ է ղեկավարում, դպրոցում տարիներ շարունակ հաստիքներ են գրել ու գումարներ ստացել, տնօրենի մրցույթները օրենքի կոպիտ խախտումներով են անցկացվել։ Ու՞ր դիմեն խեղճ մարդիկ... մարդ, որ երեսուն տարի նույն պաշտոնում լինի կնոջ հետ միասին, տան մյուս անդամներով, էլ թող գա վարչապետը անձամբ՝ ո՞վ կարող է դեմ դուրս գալ ու արդարություն պահանջել։ Դպրոց ու գյուղապետարան ամիրխանյաններն են. իրար պարգեւատրելուց բացի ուրիշ բան չգիտեն։ Դպրոցում միայն իրենց երեխաների գնահատականներն են բարձր եղել, հիմա էլ թոռնիկների։ Գյուղը խնդիրների մեջ թաղված է, էս գյուղը, այն էլ Գոշավանքը կարծես քարտեզից դուրս գրած լինեն։ Էս որ գրեք մեր վարչապետը կկարդա չէ՞»-հարցնում են մարդիկ։
Գոշում պատմեցին նաեւ,, որ դպրոցում նախկին տնօրեն Հ․ Ամիրխանյանի եւ դպրոցի զինղեկ՝ Անդրանիկ Գրիգորյանի հետ նույնպես խնդիրներ են առաջացել, երբ զինղեկը բացահայտել է, որ  տարիներ շարունակ սխալ է վարձատրվել։ Երկար տարիներ զինղեկ աշխատած Անդրանիկ Գրիգորյանը մի օր պարզում է, որ ինքը դպրոցի հաստիքացուցակում ուրիշ դրույքով է գրանցված եղել, բայց վարձատրվել է այլ դրույքով: Այս հանգամանքը ապացուցվել է նաեւ դատարանով եւ կրթության տեսչության կողմից:

Փորձեցինք կապ հաստատել Անդրանիկ Գրիգորյանի հետ, վերջինս ասաց, որ լուրերը անհիմն չեն, նախկին տնօրենի կողմից արված դրույքաչափերի կոպիտ խախտումով սխալ է վարձատրվել տարիներ շարունակ։ Չցանկանալով մեկնաբանել տնօրինության աշխատանքները, Ա․ Գրիգորյանը փոխանցեց, որ իր աշխատավարձի վերականգնման դիմումի մասով գործը այժմ Վերաքննիչ դատարանում է։ 

Իսկ գոշեցիներին չի բավարարել տեսչական մարմնի եւ դատարանի որոշումը.

«Ի՞նչ է ստացվում, որ բան ու գործ թողած պետք է թղթերն ու նախկին տնօրենի անօրինական որոշումները ստուգե՞նք, որ ամեն մեկը գտնի իր դեմ արած չարագործությունը, դատարաններն ու պատկան մարմիններն էլ մի նկատողություն տան տնօրենին ու վե՞րջ: Չէ՞ որ ցանկացած օրինախախտ պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի տառին համապատասխան»,- եզրափակում են վրդովված բնակիչները:

Հերմինե Մանուկյան