Փաշինյանի ֆանտաստիկ խոստումները խոպանչիներին

08/05/2020 11:42
Փաշինյանի ֆանտաստիկ խոստումները խոպանչիներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 6-ին ԱԺ-ում անդրադարձել է նաև հիմնականում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների՝ խոպանչիների սոցիալական շատ մեծ խնդրին, քանի որ վերջիններիս 90 տոկոսը կորոնավիրուսի պատճառով մնացել է Հայաստանում, իսկ մեկնածների մեծ մասն էլ այնտեղ անգործ են մնացել...
Անդրադառնալով այս թեմային` Փաշինյանը նշել էր, որ այս տարի կազդարարեն կրթական և առողջապահական համակարգի ավելի քան 100 օբյեկտների հիմնանորոգման և կառուցման ծրագրերի մասին: "Մենք հույս ունենք, որ դրանով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնողներին: Եվ ոչ միայն այս տարի, այլև՝ մյուս...",- հայտարարել էր վարչապետը... Խոպանչիների խնդրի վերաբերյալ այսպիսի պատասխան կարող էր տալ միայն խնդրից անտեղյակ, դեմագոգ կամ ստախոս մեկը...
Մի քանի հարց վարչապետին...
Հետաքրքիր է, ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում ավելի քան 100 օբյեկտներ հիմնանորոգելու կամ կառուցելու համար աշխատանքի տեղավորել 200-250 հազար ամեն տարի Ռուսաստան մեկնող մեր քաղաքացիներին... Ընդհանրապես, իշխանությունները հաշվարկե՞լ են, թե որքան աշխատող է անհրաժեշտ այդ օբյեկտները վերանորոգելու կամ կառուցելու համար... Համոզված եմ՝ շատ քիչ վերը նշված թվից...
Կամ իրեն ո՞վ է ասել, որ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողները միայն շինարարներ են... Ամեն տարի ՌԴ խոպան են մեկնում տասնյակ հազարավոր վարորդներ, խոհարարներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք առնչություն չունեն շինարարության հետ... Իսկ նրանց աշխատանքի և ապրուստի մասին ո՞վ է մտածելու... Թե՞ դա Հայաստանի իշխանություններին չի էլ հետաքրքրում...
Խոպանչիների հիմնական մասը ՌԴ մեկնում են մարտի սկզբից և վերադառնում դեկտեմբերին ու արդեն ապրիլից հիմնական մասն արդեն Հայաստան են ուղարկում տրանսֆերտներ... Արդեն երկու ամսից ավելի է` այդ մարդիկ անգործ նստած են տանը, իսկ Փաշինյանի ազդարարած աշխատանքը սկսվելու է մեկ-երկու ամսից ոչ շուտ... Ստացվում է՝ ևս երկու ամիս պետք է անգործ նստեն տանը... Հետաքրքիր է, ինչպե՞ս են այդ մարդիկ և իրենց ընտանիքներն ապրելու այդ ամիսներին... Էլ չեմ ասում ՌԴ-ի հետ համեմատ շատ ցածր աշխատավարձերի մասին... Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կա մոտ 500 հազար աշխատատեղ և այս ճգնաժամային ժամանակահատվածում սպասվում է գործազրկության աճ, զարմանալի է, թե ինչպես է Փաշինյանը աշխատանքի տեղավորելու 200-250 հազար անգործ մնացած խոպանչիներին...
Փաշինյանի` խոպանչիներին այդ պահին տրված, բայց չկատարված խոստումները միևնույն է շատ լուրջ խնդիր են իշխանությունների համար, քանի որ մարդիկ իրենց կենցաղի և ապրուստի վրա են զգալու գործազրկության հետևանքները՝ իրենց համար բացահայտելով, որ երկրի վարչապետը սովորական ստախոս է...