<<Ոչխար պահեք, ոչխա՜ր>> Մաս առաջին. Մի զադ էլա կա ոչ

01/04/2020 23:00
<<Ոչխար պահեք, ոչխա՜ր>> Մաս առաջին. Մի զադ էլա կա ոչ


Գարուն է. չնայած մեր ռայոնում ամեն օր էլ գարուն է՝ տո՛ ցուրտ, տո՛ անձրև, տո՛ ուժեղ անձրև, տո՛ թաց անձրև, տո՛ ջրալի անձրև, տո՛ ցեխ ու բաթլախ։ Հա՜, հա՜, մեր ռայոնում միշտ էլ անձրևոտ է ու նույնիսկ քաղաքի համար հորինված անեկդոտ էլ կար.
<< Մեզ մոտ տեղումներ լինում են տարվա մեջ երկու անգամ.
֊Դե լավ էլի, Ձեզ մոտ լավ էլ կարճ են տևում տեղումները։
֊Կարճ կտևեին, եթե Լոռիում չլինեին, բայց քանի որ տեղումները երկու անգամ են և գալիս են Լոռիում, իսկ մեզ մոտ ամեն ինչ պարտադիր երկարում է, այդ երկուական տեղումները ձգձգվում են ամեն մեկը վեց ամիս>>...
Սու՞տ, թե՞ ըղորթ ասում են, որ մեր քաղաքում անձրև չի եկել միայն իմ ծնվելու օրը և սիրտս վկայում է, որ մեռնելուս օրն էլ հաստատ չոր եղանակ է լինելու՝ բախտի տերը մեռնի, իմ բախտն ինձ հետ է ու հենց սրանով էլ պայմանավորված որոշել եմ, որ Մատընանց Սերոժից յեդը մեռնեմ... հեչ չեմ ուզում, որ էդ սրիկան իմ հաշվին անտառիցը չոր֊-չոր՝ առանց ցեխոտվիլ փետ դուրս քաշի։
Անտառ ասեցի՝ հիշեցի. մարդիկ կան, որ անտառը կինոներում են տեսել ու մեկ էլ՝ պարապ ժամանակ նեյշընըլ գեոգրաֆիկ դիտելիս։
Անտառ՝ խա՜, խա՜, խա՛... տանդ դուռը բացում ես՝ անտառ, դպրոց գնալդ, կարմիր գլխարկի պես անտառի միջով, հարևանդ կանչում է սուրճ խմելու, էլի անտառ... ոնց որ սկյուռիկի պես մի փչակից մեկ այլ փչակ գնաս շիշկա չըրթելու։ Նույնիսկ զուգարանի հետ կապված բնական կարիքներդ ես անտառում բավարարում՝ հավելյալ հումուս պարգևելով անտառին։ Հա՜, մեր մոտ զուգարանները հիմնականում դրսի են. դե մենք՝ լոռեցիներս, սիրում ենք գեղագիտությունը՝ զուգարանը անպայման պետք է լինի դրսում և ամենակարևորը՝ տանից մի 60 մ հեռավորության վրա ու եթե դուռդ բացում ես ու անտառն է, բա՞... շատ ճիշտ ես, ուրեմն զուգարանը անտառի խորքում է և մի հասարակ զուգարան գնալը մի ամբողջ դրամա է՝ գիշերը բացառվում է՝ հազար գել ու գազան կան, իսկ երեկոյան, նախ՝ պետք է հայտարարվի՝ հյուրերից այսինչը ուզում է գնալ զուգարան և տեղը չգիտի... է հա՜, անտառում է՝ որտեղի՞ց իմանար։ Հետո որոշվում է, որ էդ գնացողի հետ մի երկու թիկնապահներ պետք է լինեն, մեկը ճամփեքին բատարե գցելու և շլանգ֊-մլանգ հավաքելու և ճամփեքը ցույց տալու համար և սա մեծամասամբ տղամարդ է լինում.... հա՛, բա՜, մութ է ու հետն էլ անտառ, երկրորդը՝ կին, որ ապահովի զուգարան գնացող կնոջ բարոյական անվտանգությունը.... բա մեկ էլ տեսար, որ մեկը հանկարծ տեսնի ու չմտածի՝ էն խալխի տղամարդու հետ էս ուշ ժամին, էս մութ անտառում, էն ու՞ր են գնում։ Իմիջայլոց, այդ զուգարանը առհասարակ ունենում է երկու ճանապարհ, մեկը կարճ, բայց վտանգավոր ու հիմնականում տանեցիների համար, որոնք շատ հեշտությամբ կարող են անցնել վտանգավոր ճանապարհը, քանզի լավ գիտեն թե ո՞ր հատվածում ինչ վտանգավոր արմատուրա կա դուրս պրծած, կամ ի՞նչ սոտլիկ շիֆերի կտոր, որը տանիքից ընկել է մի 20 տարի առաջ, բայց քանի որ ընկել է ճամփի ցեխոտ հատվածում՝ փակելով այն, ըտենց էլ թողել են՝ գտնելով, որ դա իր տեղն է.... գիտեն էլի, թե ո՞ր հատվածում պետք է լոնք անեն, որ արխի մեջ չընկնեն, որ հատվածում թեթև ցատկեն, որ համեմի մարգը չտրորեն, իսկ երկրորդ ճանապարհը դա մի ոլորապտույտ կածան է, որ հնարավոր բան չի անցնելիս բանջարը ոտքերդ չկծի ու ծերը ծերին կապված չլինի մի մունդառ շուն։

Ծայրը ծայրին ասելով՝ թոկի երկարությունն էվկլիդեսի չափումներից տոչնի է արված, ըսենց շան մռութը համարյա հասնում է ճամփին և եթե մի քիչ աջ պահած գնաս՝ ոտքդ կբռնի և հասնելով շան մոտ ուղեկցողն ասում է՝ մխելա ձախով արի՝ անելով լոռեցուն բնորոշ առաջին շաշամալու հայտարարությունը՝ չի կծում, բայց մնել տեհար շատ փիս բռնեց...
Հնարավոր բան չէ, որ հետ գալուց հետո հագուստիդ վրա լոբու տերևներ չլինեն։ Ասել կուզե՝ զուգարան գաղտնի գնալը բացառվում է, քանզի մեջքիդ կպած լոբու տերևը միշտ ուրիշն է վերցնում։
Երբ տղամարդը դիմացից ճամփեն լուսավորելով գնում է և ցուցումներ տալիս՝ ըստեղ զգույշ՝ շլանգ է, ընդեղ զգույշ կոկռոշի փշեր են, ըստեղ ցեխ է և երբ զուգարանին հասնելուն մնում է մի 15 մետր, տղամարդը վերցնում է ըտեղարենք հողի մեջ խրած բահը և ասում՝ դե դուք գնացեք ու ես էլ ջրի արխը փոխեմ... ըհը, չես հասկանում՝ գիտակցե՞ց, որ այլևս առաջ գնալը տգեղ է, թե՞ եկել էր արխը փոխելու։
Ուղեկցող կինը, որը տանից դուրս գալիս մի հաստ ժակետ էր գցել վրան, ճամփին լավ պինդ֊-պինդ կոճկվում է, քանզի քամու բերանին մի որոշ ժամանակ անիմաստ տնգվելու է։
Զուգարանին հասնելուն պես լսվում է լոռեցուն հատուկ երկրորդ շաշամալու միամիտ և սահմռկեցուցիչ հայտարարությունը՝ քիրա ջան, զգույշ չընկնես փոսը... մեր զուգարանը մխելա խախուտ է, էս տարի կամրացնենք... նախադասության այս վերջին խոսքերը, զուգարանի կողքին աճող՝ հիմնականում մալինի թփերը, այդ տեղանքում լավ բերք տվող թփերը էլի, լսում են արդեն 25 տարի շարունակ... հա՜, հա՜ 25 տարի նույն բանն են լսում՝ այս տարի կամրացվի։

Զուգարան մտնողը, որին ամբողջ ճանապարհին բացատրել են, որ ինքը մեկնում է մարտական դիրքեր և շատ հնարավոր է որ հետ չգա, ստիպված, մի քիչ էլ վախից, դուռը թողնում է կիսաբաց... մարտական ծառայությունը նախընտրում է անցկացնել դուռը կիսաբաց վիճակում էլի։

Մի հետաքրքիր բան էլ. ողջ ճանապարհին այդ երկու կանայք քայլում էին շատ լուռ, բայց մեկի զուգարան մտնելուց հետո երկուսի միջև սկսվում է շատ անկապ, բայց շարունակական զրույց։ Ենթադրում եմ, որ մարտական դիրքերում գտնվող կինը փորձում է զրույցի միջոցով անընդհատ լսել ուղեկցողի ձայնը և լինել հանգիստ՝ հո հանկարծ չգնաց՝ իրեն մենակ թողնելով դիրքերում, իսկ ուղեկցող կինն իր հերթին, փորձում է կնոջ տոնայնությունից հասկանալ՝ հո էն հարիֆը  չընկավ փոսը։
Մինչ մի կինը, մարտական դիրքերում ծառայություն է տանում, ուղեկցորդուհին, եթե տարեց է, պարապությունից մի էփելու լոբի է քաղում՝ լցնելով գոգնոցը, իսկ եթե ջահել է, ապա երիցուկ է քաղում և սիրում է չի սիրում պրոցեսով ժամանակ գլորում։
Վերջապես զուգարանի դուռը ճռռոցով բացվում է՝ ճռռռռ... կինը դուրս է գալիս՝ մի խորը հոգոց քաշելով... հավատացյալները հայր մերից մի երկու բառ դեռ չասած լսվում է լոռեցուն հարիր երրրոդ շաշամալու հարցը՝ հո չընկա՞ր փոսը, քիրա ջան.... չէ՜, համ տեսնում է, որ դուրս եկավ. որ ընկներ, ո՞նց դուրս կգար, բայց դե լոռեցին այդ շաշ հարցը պարտադիր պետք է տա, այլապես նրանից ի՞նչ լոռեցի.... պիտի տա, որ վերջնական համոզվի՝ մարդու հետ է խոսում, թե՞ ոգու։
Մարտական դիրքերից հաջող հետ գալը՝ զուգարանից դեպի տուն վերադարձը էլի, լինում է երբեմն երրորդ ճանապարհով. հիմնականում տան հետևի կողմով՝ ղրաղաթի թփերի մոտով ու եթե մի քիչ ջահելոտ սաստավ է, զուգարանային դրաման կարող է վերածվել մելոդրամայի։

Ամոթ ինձ, եթե ատոմային ռազմավարական օբեկտները այդքան շատ գաղտնի ել ու մուտ ունենան, որքան որ ունեն մեր զուգարանները ՝ պլան պաբեգով բռնած ու էլի լրիվ  չերեզ անտառ։
Մի խոսքով՝ մեզ մոտ լրիվ անտառ է ու անտառային վիճակ. ծնվելդ անտառում է, մեռնելդ անտառում է ու անտառում էլ թաղվում ես… լավ է էլի ու մի տեսակ էլ շատ հաճելի։
Անտառ, անտառ... այտա վայ թե էս մեր անտառի մթությունից, կամ խոնավությունից լինի հա, որ մեզ տեղ-տեղ շաշ էլ են ասում։ Ես արդեն մի քիչ հավատում եմ, որ մարդկային ուղեղը կարող է խոնավություն քաշել և մարդուն դարձնել մխելա շաշամալու... հա՜, հա, թեև շատ անվտանգ, բայց և շատ շաշամալու տարօրինակություններ ունենք.
Օրինակ՝ դարեր շարունակ բնակվելով քաղաքում, չենք կարողանում քաղաքին անուն տալ... քաղաքին առաջին անունը տվել են թուրքերը՝ Ղարաքիլիսա։ Ասում են՝ ինչ֊որ սև եկեղեցի է նշանակում։ Ես այդ տարածքում հլա սև եկեղեցի տեսած չկամ.... չէ մի հատ կա, բայց վայթե անվանակոչումից հետո սարքած լինեն, այն էլ՝ ամոթու, որ քաղաքը քաղաքի անըմի հետ բռնի...
երկրորդ անունն առաջացել է ՍՄԿԿ քաղբյուրոյի՞, թե՞ ինչ-որ զըրթուզիբիլների ընտրական պրոցեսներում քվեաթերթիկների ճիշտ վերահաշվարկի արդյունքում.... հա՜, հա՛, Կիրովը մխելա լավ չէր հաշվել և Ջուղաշվիլին՝ որպես կենտրոնական հաշվիչ հանձնաժողովի ղեկավար, տեղը տեղին ուղղեց կիրովի այդ սխալը։
Երրորդ՝ ներկայիս անվանումն էլ առաջացել է հավանաբար Լևոնի՝ պայքար պայքար վանկարկումների արդյունքում. վանկարկումից վանն են վերցրել ու մեկ էլ այդ վանկարկման արձագանքը, որը ձորերում ավելի դղրդացող հնչեղություն ունի... ըսենց էլի՝ ձորը֊վանը, Վանոն֊ձորում, մի անուն մոգոնել են և ՀՀՇ֊ի վարչության նիստով էլ պարտադրել։
֊Արա ի՞նչ կապ ունի մեր քաղաքը Վանի, առավելևս՝ Վանա Ձորի հետ։
Ի՞նչ կարող ես անել՝ Լևոնի տրամադրությունը այդ պահին գտնվել է Աղթամարում...
Սու՞տ, թե՞ ըղորթ, ասում են՝ այդ վարչության նիստոմ Ստամբուլցյան Խաչիկն առաջարկել է Վանա֊ծով տարբերակը, բայց Վանոն դեմ է գնացել՝ ասելով, որ քաղաքի բնակչությունը լողալ չգիտեն, մեղք են՝ կխեղդվեն և կանգ են առել Արարքցյան Բաբկենի՝ Վանաձոր տարբերակի վրա։
Ըհը՛, այ հենց ըսենց էլ առաջացել են մեր քաղաքի անունները՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու, մեզ միամիտի տեղ դնելով սըղըցրել են ու մենք էլ ամոթու՝ մեզ շաշի տեղ դնելով ձեն չենք հանել, միամիտ-միամիտ համակերպվել ենք։
Վանաձոր... չէմի չէ՝ Լիմ կղզի։ Հլա բախտ ունենք, որ Աշտարակի ձոր չեն անվանել, թե չէ աշտարակցիք վրաներս կայֆ էին բռնելու։
Բայց հետաքրքիրն այն է, որ մեր քաղաքում Վանաձոր թաղամաս եղել է ու հիմա էլ կա։
֊Որտե՞ղ ես ապրում, ապո՛ ջան։
֊Վանաձորում։
֊Վանաձորի ո՞ր թաղում։
֊Վանաձորում։
֊Լավ հարցը ըսենց տամ, քանզի մի քիչ բութոտ ես երևում՝ ո՞ր փողոցի վրա ես ապրում։
֊Վանաձոր փողոցում։
Ու կռիվը գնաց... անիմաստ դանակահարություն։
Կամ, որ Վանաձորից տաքսիով իջնում ես Վանաձոր, հեչ չես ուզում, որ տաքսիստին փող տված լինես... էլի անիմաստ ընկնում ես կռվի մեջ… տեղ չի տարել, բայց փող է ուզում։

Եթե քեզ երբևէ բախտ է վիճակվել <<քոթուկներ>> ռեստորանում հաց ուտել, ուրեմն իմացիր, որ դու եղել ես Վանաձորի֊Վանաձորի Վանաձորում...

Բա թաղերի ու թաղամասերի անունները՝ մեկը մյուսից շաշամալլու՝ Ղշլաղը, Շորաղի թաղը, Դարպասը... չգիտես՝ ֆուտբոլի՞ դարպաս է, թե՞ բերդի... ախր բերդ էլ չկա։

Մենք էլ որոշ քաղաքների նման ՏԷՑ ունենք, բայց տեցի կռուգ հաստատ չունենք... այդ թաղը, որը ՏԷՑ-ի կռուգ պետք է կոչվեր,  կոչվում է՝ Կոնգո... Կոնգո. ՊԱԿ-ի արխիվներում ենթադրություններ կան, որ այդ օրը Կոնգոի Հանրապետությունում սովետական հետախույզները մի հակաամերիկյան հաջող օպերացիա են արել… հավանաբար։
Բա երրորդ մասը.... չէ՜, ընենց չի, որ այլ քաղաքներում երրորդ մաս չկա, բայց այլ քաղաքներում գոնե առաջին և երկրորդ մասեր էլ կան։ Մենակ մեզ մոտ է, որ այն սկսվում է երրորդից։ Հա՜, հա՜, էկար՝ Ղշլաղ, Կոնգո, երրորդ մաս ու միանգամից Մոստի թաղ... արանքում առաջին և երկրորդ մասերը կորչում են։
Ունենք նաև Դիմաց թաղամաս. չես ջոգում ու՞մ դիմաց է, ինչու՞ և ինչի՞ն է դեմ եղել... բայց ինչու՞ պետք է սա օպոզիցիա լինի։
Բոշի թաղ էլ կա. բոշա երբեք չի եղել, տեսնող էլ չի եղել, բայց թաղ ու թաղամաս կա։
Բա Բազումը. այս անունը դնողը կենդանի դժվար լինի, թե չէ կարելի էր հարցնել՝ որպես թվական է գործածել, թե՞ ածական իմաստով՝ Բազում։
Լագերի մասին էս կարանտինի օրերին ճիշտը լռելն է...
Հրապարակի թաղ, կայարանի թաղ. ուրեմն հրապարակից կայարան քսան քայլ է... ծխելով, որ իջնես մի 25 քայլ կձգի ու շատ դժվար է հասկանալը՝ կայարա՞նն է հրապարակում, թե՞ հրապարակը կայարանում։ Այս երկու տարածքների սահմանային բաժանումը նախադույի մոտի սվետաֆորով է արվում՝ սվետաֆորից վերև հրապարակի թաղն է, իսկ մխելա ներքև՝ կայարանի ու եթե հանկարծ օրերից մի օր ծռերի Պավլիկը կռազով սվետաֆորը թոլ անի, ոչ մի զագսի վարիչ չի կարող որևէ նորածնի ծննդյան վկայական տալ, մինչև նոր սվետաֆոր չտնգեն։
Խիմզավոդի թաղերը, Քիմիական ոչ մի գործարան արդեն շատ վաղուց չկա՝ ՀՀՇ-ն 20 րոպեում քաղաքի  քիմիական գործարանները Դեվիդ Կոպերդֆիլդ արեց դեռ 30 տարի առաջ, բայց թաղը կա՝ իր Բանյոյի փողոցով։
Ի՞նչ է Բանյոն, ո՞վ է Բանյոն չգիտեն նույնիսկ այդ փողոցի բնակիչները, բայց տաբլիչկեքը կան՝ բիստրո Բանյոյի փողոց։
֊Ապո որտե՞ղ ես ապրըմ։
֊Հուշարձան քե մատաղ։
Հուշարձան. հանրապետությունում հազարավոր հուշարձաններ կան, մեր քաղաքում էլ մի հարյուրին հասնող, բայց միայն հենց այդ մեկն է տեղային և տարածքային պատկանելիություն ցույց տալիս և ամենազարմանալին՝ տարածքի բնակիչներից միայն տասից մեկը կարող է ճշգրիտ ասել, թե դա ի՞նչ հուշարձան է և ինչի՞  է նվիրված։
Տարոն թաղամասեր. տպավորություն է, որ լոռեցիները Արևմտյան Հայաստանից միայն Տարոնի մասին պատկերացում ունեմ։ Կարող էին չէ՞ մի թաղամասի անունը դնել Տարոն, մյուսինը՝ Կաղզվան, երրորդինը՝ Բիթլիս... չէ՜, ճիշտը նա է, որ բոլորը լինեն Տարոն՝ Տարոն առաջին, Տարոն երկրորդ, երրորդ, չորրորդ.... ու եթե Ռիշկովը մի 10 տարի էլ ապրի, հաստատ մինչև Տարոն 28 գնալու են ու ճիշտը դա է՝ մենք սիրում ենք երկարացնել։ Տեսեք՝ դաշնակը ամեն տեղ դաշնակ է, իսկ մեզ մոտ պարտադիր դաշնակցական.... մի քանի տառ ավել է էլի։
Բա լճերի թաղը. լճե՜ր, լճեեեե՜ր... մի հատ 30×60֊ի վրա բետոնից սարքած արհեստական բասեին է, բայց ասում ենք՝ լճեր։

Տղերք չիջնե՞նք լճեր։ էս տղեն լճերի թաղից է չէ՞.
Լճեեեեեեր, մի հատ լիճ չէ՞, բա ի՞նչ լճեր։
Դե Ջունգլիներ թաղի անունն էլ տարօրինակ չի թվում, քանզի այսօր ողջ հանրապետությունն է վերածվել ջունգլիների.... չէ բայց, վսյո տակի, խի՞ էլի Ջունգլիներ։
Բազարի թաղին անպայման պետք է ասել՝ Ցալկուտ...Ցալկուտ, դե արի իմացիր, թե դա ի՞նչ է, բայց ճիշտը ցալկուտն է, իսկ ցալկուտի հանցագործը կարող է լինել միայն <<կիլկին>>։ Հա՜, հա՜, Իշխան, կամ թառափ չի կարող լինել... եթե ցալկուտ է՝ անպայման կիլկի։
Հա՜, ճիշտ է.մեր ամեն ինչն է տարօրինակ և շաշամալլու.
Մեր սարի անունն անպայման պետք է լինի <<Քաչալ>>, ռեստորանի անունը՝ <<Օստանկինո>>, քանզի վիշկի տակ է, բայց այդ երկաթե կարկասը էյֆելյան աշտարակին շատ ավելի նման է, քան Օստանկինոյի աշտարակին։
Մենակ մեզ մոտ կարող է ճաշարանը կոչվել Ռոզայի ճաշարան, ամենալավ խինկալին տա Թոնթի մերը ու մենակ մեզ մոտ կարող է ունիվերմագը լինել կլոր և այդ կլորը պարտադիր շեշտվող։
֊Վարպետ մի հատ կլոր ունիվերմագի մոտ պահիր իջնեմ։
Տարածքում ունիվերմագ կա մեկ էլ Սպիտակ և Ալավերդի քաղաքներում, ասել կուզե՝ 20֊100 կմ շառավիղով ոչ մի այլ ունիվերմագ  չկա ու որ ասես՝ ունիվերմագի մոտ պահիր, հաստատ չի հասկանա... կլորը պիտի շեշտվի՝ դե սովետում չկա չէ՞՝ միակն է։ Բա անպայման կլորը պիտի շեշտի ու եթե հարցնես՝ բա ինչ կա՞ կլոր ունիվերմագում, որ գնում ես, կասի՝ գնում եմ մխելա ային-օյին առնեմ: Եվ արդեն ամոթ է, որ երկրորդ հարցը տրվի՝ բա ային-օյինն ի՞նչ է… ուղղակի պետք է ենթադրել, որ դա զադ-մադ պիտի լինի:
Միայն մեզ մոտ կարող են բացել դագաղի արտադրության ֆիրմա և անունն էլ դնել՝ դբա լավը ու միայն մեզ մոտ անձրևը կարող է գալ դռանը, կարկուտն էլ ծեծած տեղը ծեծել։
Միայն մեզ մոտ կարող են լինել ուտելի համով կանաչիների անուններ՝ ոռափափուկ, իշատռտռուկ, պնդուկին տխիլ ենք ասում՝ եկեղեցուն՝ ժամ։
Ամբողջ երկրում միայն մեզ մոտ են տան դռները բաց֊բրախ, ենթադրում են, որ լոռեցին մտածում է՝ ո՞վ տի գալ որ.. հա բա ո՞վ կարող է գալ որ, նամանավանդ, այս կարանտինի օրերին։
Մենակ մեզ մոտ կարող է թագավորը ունենալ թագավորություն, բայց համարվել անհողին.... հարկերից և ՀԴՄ չեքից հրաժարվելու պահերը վայթե մեզանից սկսված լինի, հա՛ ու միայն  լոռեցիների մոտ կարող են գործերը մշտապես լինել ոռի, իսկ հույսը՝ միայն դբա լավը։
Մենակ մեզ մոտ կարող է եկեղեցին կոչվել կոտրած. հա՜ու կարող է այդ եկեղեցին վերջին 20 տարում լինի կառուցված ու վերակառուցված, բայց միևնույնն է էլի  կոչվի կոտրած ու կարևոր եկեղեցի, թեև ողջ տարածաշրջանի հոգևոր կենտրոնը համարվում է՝ Կամակատարը... Կամակատարի եկեղեցին, կամ վանքը. վանք՝ չէ մի չէ վանական համալիր... 2×4 վրա մի շինություն է և փոքր ժամանակ ինձ թվում էր, որ Աստծո հոգին այդ շինության վրա իջնում է միայն գիշերները, քանզի գիշերները միշտ լույս էր վառվում։
Մի օր էլ, որ արդեն էլ փոքր չէի, որոշեցի գիշերով գնալ և տեսնել թե դա ի՞նչ լույս է։ Գնացի ու տեսա. ռայոնի կարտյոժնիկները՝ ղշլաղեցի Արճիճի գլխավորությամբ, սեկա էին խաղում... այ տա էս ի՞նչ եք անում, բայց խի հենց ըստեղ՝ Աստծո տան մեջ։ Տվեցին լոռեցու պատասխան՝ դե որ իբր ամեն ինչ երևա, խաբել չկա էլի.. Աստծո տանը իբր լրիվ մաքուրով է՝ ժոժկել֊մոժկել չկա, ում ինչ կարտ նստի։
Բայց, իրականում աֆերիստ շան տղերք էին ու լավ էլ մտածել էին, նախ՝ դժվար թե որևէ ոստիկան հանդգներ Աստծո տանը մարդ կալանավորեր, երկրորդ՝ որ բռնվեին, կասեին՝ աղոթելու ենք եկել և երրորդ՝ ստավկի փողերն էլ, կասեին եկեղեցուն նվիրատվություն է։ Բայց կամակատար այցելել գոնե ամիսը մեկ անգամ պետք է՝ շատ մեծ էներգետիկա կա, նամանավանդ, երբ նկարիչ Գասպարն այդտեղ է, իսկ նա միշտ այդտեղ է:

Հա, եթե դու Գասպարի 1949թ-ի զենիթից չես նկարվել ու մի երկու ամսից ստացել ծրար՝ շատ անծանոթ կանանց նկարներով, ուրեմն դու կամակատարում չես եղել:
Մենակ մեզ մոտ կարող է լինել <<Ավտոգենմաշ>> գարելկի գործարան. և մենակ մենք կարող ենք այդ գարելկի հումք պղինձը Ալավերդուց տանել հասցնել Իրան, որ Իրանում խողովակ սարքեն և հետո միայն այդ խողովակը բերել գործարանում գարելկա սարքել... հա բա հարևանասերը վատ բա՞ն է։
Միամիտ ենք էլի, հո զոռով չի, բայց ես շատ էլ  ես ուրախ եմ դրա համար... բա աֆերիստ շանորդի լինելն ու՞մ է պետք։ Տեսեք՝ 1920թ մայիսի 28֊ին սարի տակ զորքը կանգնած էր ու տեսան սարից թուրքի զորքն իջնում է... էտա ըտենց մի աֆերիստ շան տղա գոռաց՝ տղերք Անդրանիկ փաշեն հրեն եկավ օգնության։ Զենքերը գցեցին գետնին ու աղուհացով վազեցինք դիմավորելու... արա ի՞նչ Անդրանիկ, թուրքի փաշեն էր՝ իր զորքով ու քաղաքն ընկավ։
֊Արա էն ո՞ր աֆերիստ շան տղեն պրովակացիա արեց... է շան տղա կգտնե՞ս։
Նախ՝ Անդրանիկն այդտեղով չէր կարող գալ՝ Դսեղում էր և ձորի կողմից պետք է գար, եթե գար... հա լա՛վ, բա զենքերը խի՞ շպրտեցիք ու մորթվեցիք… լոռեցի են՝ ի՞նչ կարող ես անել… հավատում են, ամեն ասածի հավատում են:
Միամիտ ենք, միամիտ. մենակ մեզ մոտ կարող են մայիսի 28֊ին մեծ շուքով նշել հաղթանակի օր, օրվա վերջում էլ սալյուտ տալ, այն դեպքում, երբ այդ օրը քաղաքի ընկնելու և ցեղի մորթվելու օրն է, իսկ հաջորդ օրը՝ 29֊ին տխուր նստել, այն դեպքում երբ քաղաքի ազատագրման օրն է։ Տխուրն էլ տխուր են, որովհետև ողջ գյաթրջին առաջին օրը խմել են... էլ բան չկա խմելու, պլյուս՝ գլխացավ։
Հա, մեզ մոտ շաշամալու բաները շատ-շատ են.
Միայն մեզ մոտ է, որ վիդեոմագնիտաֆոն ունենալու փաստով կարող ես հասկանալ՝ ո՞վ ո՞ր գործարանում է աշխատել և ո՞ր թվին։
Բա էլեկտրոն գործարանը՞... 20 հազար աշխատող ուներ, որից հազարը 88֊ին բոբիկ պայքա՛ր֊պայքա՛ր գոռալով եկան Երևան։ 1990֊ին այդ գործարանում, որտեղ ողջ Սովետի համար ռադիոդետալներ էին արտադրում, աշխատում էր ընդամենը երկու հոգի՝ մեխակ-ծաղիկ մշակողը և ջերմոցի պահակը։ Հետո դրանք իրար հետ ամուսնացան և, կարելի է ասել, որ գործարանում արդեն մի մեծ ընտանիք էր աշխատում։

Մեխակ.. արա գոնե վարդ ցանեիք՝ թանկ է մեխաաակ…
Բա որ մենք 80 ականներին ռոբոտների գործարան էինք սարքում, որ ինքնաչիպավորվենք՝ արա դուք ու՞ր էիք...

Լևոնը հարամեց. Ասեց՝ հլա չիպավորվելու վախտը չի։ Մի 30 տարուց վախտը կգա՝ կասեմ։
Հա՜, մերն ուրիշ է. միայն մեզ մոտ ցեղերի ու ցեղային միությունների աղբյուրներ կան՝ համբարանց, քոչարանց...
Մենակ մեզ մոտ է, որ առուներին կարելի է ասել գետ՝ Տանձուտը, Փամբակը... գետ ասիլս էլ ո՞րն է… հղի կինն էլ երևի վրովը լոնք անի, բայց դե գետեր են։ Գետ՝ մեկն էլ կասի Իրտիշն ու Ենիսեյն են, բայց մեզ մոտ դրանք լուրջ գետեր են և հակառակը՝ բաբաթին գեռակներին կարող է ասեն արխի ջուրը… արխի ջուրը՝ յեքա գետ է գիտե՞ս՝  առանց փրկողակի կարող է խեղդվես։
Ջուր ասեցի՝ հիշեցի. երկրով մեկ ջրին ջուր են ասում, իսկ հանքային ջրին ասում են՝ հանքային ջուր։ Միայն մեզ մոտ են հանքային ջրին ասում՝ թթու ջուր...
֊Թթու ջուր. չգնանք մի հատ թթու ջուր խմենք ու հետ գանք։
Այ հենց էս թթու ջրի և Էլեկտրոն գործարանի մոտով էլ գնում-գալիս եմ Դարբազի կողքի իմ սարը... իմ սար ասելը որն է, փոքրուց դուրս եկել է, սիրահարված եմ եղել այդ սարին... Վեզուվին շատ նման է ու երբ 90 ականների սկզբին չոբանները սարերից իջան քաղաք, ես որոշեցի բարձրանալ սարերը։ Ոչխար եմ պահում. հա այդ սարի վրա ոչխար եմ պահում, տուն ու տեղ եմ դրել ու ոչխար եմ պահում և սուրճս խմելուց յեդը բրձրանալ տեմ իմ սարը՝ ոչխարներս հիմա ինձ են ման գալիս, բայց հրեն Ծովիկ տոտան իջնումա... թափով էլ իջնումա, գա տեսնենք ի՞նչ մի շաշ բան կասի, մի երկու բերան էլ  զրից անեմ, թաղի լուրերն իմանամ ու նոր բըրձրանամ սարը:
Հրետ հասավ մեզ.
֊Բարև Ծովիկ տոտա։
Գործի Արմեն ջան, գործի եմ գնում... էս կարանտին օրով գործի են կանչել։ Բա դու ոնցա՞ սարիցը իջել ես։
֊Դե մտածեցի գամ լողանամ, թրաշվեմ, մարդատեսք ստանամ... մենք էլ մարդ ենք։
֊Բա ոչխարները ու՞մ ես թողել։
֊Թողել եմ իրենց հույսին արածեն։
֊Բա որ խալխը գա տանի։
Չի տանի, տաբլիչկա եմ կպցրել, որ տարածքում վիրուս կա։
֊Այ տա կհվատա՞ն։
֊Դե որ վերջում գրեի՝ խաբում եմ, չէին հավատա։
֊Բա լավ, բա որ գելերը գան, կարա՞լ տեն կարդան։
֊Արխային Ծովիկ տոտա, գելերը 91թ֊ից իջել են քաղաք՝ մարզպետարան ու կառավարությունում են հիմա... սարըմը գել չկա։
֊Տնաշեն, էն նորմալ վախտերը սարում մեկուսանում ես, հիմա կարանտին֊մեկուսացում է հայտարարվել ու դու մեկուսացումից դու՞րս ես եկել։
֊Մարդու տիպ չեմ ուզում տեսնել, դրա համար չէի գալիս ու հիմա եկել եմ։
֊Բա հրետ իմ տիպը տեհար ոչ։
֊Ես ասեցի մարդ, չասեցի կնիկարմատ։
֊Շաշ տերդ մեռնի. Գնացի՝ քո պարապը չեմ.... լավ ուշացա՝ դարբազեցի Ժենըկին որ տենաս՝ կբարևես։
Ըհը, այստեղ հարցը նա չէ, որ Ծովիկ տոտան բարևս չառավ և ասեց՝ գործի է գնում... մեծ կին է ու կարող է լավ չլսեց։ Այստեղ հարցը նա է, որ չասեց՝ այ լակոտ, բայց քո ի՞նչ գործն է, թե ես ու՞ր եմ գնում, այդ հարցը նույնիսկ իմ ամուսինը կարող է չի տալիս։
Էէէ, ի՞նչ ասեմ, կոֆես խմեմ ու ես էլ դրվերեմ իմ սարը. Ինչպես տեսնում եք, մեզ մոտ էլ մի զադելա կա ոչ, բայց դե համովա էլի մեր Լոռին, սիրունա էլի մի տեսակ, մեզ մոտ ախր շատ անուշ է, ի՞նչ ասեմ՝
դե գողտրիկ քաղաք է՝ մի քիչ շաշ, բայց հրաշալի բնակչությամբ։ Բնությունն էլ է աննման... ավելի ճիշտ աննման էր մինչև կոմունիստների կապիտուլյացիան, մի խոսքով՝ հրաշք է իմ քաղաքը... տո որ հրաշք էլ չլիներ, միևնույնն է կասեի, ու հլա մի հատ էլ կհամոզեի, որ հրաշք չի է միայն, այլ նաև հրաշագործ, հրաշափայլ, հրաշաստեղծ ու հրեշտակ է իմ քաղաքը, քանզի այն իմ քաղաքն է, իմ անմխիթար սրտի ու անտակ հոգում թաքնված անմար և միակ սիրո քաղաքը։
Հ.Գ. Հա քիչ էր մնում մոռանայի. մեր քաղաքը մի 15 կմ ձգվող մի փողոց է.  այդպիսի քաղաք աշխարհում մի հատ էլ կա, դա Կրիվոյ Ռոգն է։
Հետաքրքիր է չէ՞ մենք շաշ, նրանք շեղ....

Արմեն Արգինյան