Վարչապետի ասածն իրականությանը չի համապատասխանում. Իտալիայից եկած էջմիածնեցի կինը փակագծեր է բացում

19/03/2020 13:50
Վարչապետի ասածն իրականությանը չի համապատասխանում. Իտալիայից եկած էջմիածնեցի կինը փակագծեր է բացում

Իտալիայից վերադարձած էջմիածնեցի կինը, որը մասնակցել էր որդու նշանադրության արարողությանը առանց իմանալու, որ վարակվել է հայտնի վիրուսով, վերջին օրերի ամենաքննարկված թեման է: Նա հայտնվեց ոչ միայն ֆեյսբուքյան օգտատերերի, այլ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատության թիրախում:

Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել իրականում եւ այսօր ինչպես է հայտնի նշանդրեքի մասնակիցների ինքնազգացողությունը, «Իրավունքին» հաջողվել է հեռախոսակապ հաստատել եւ պարզել հենց Իտալիայից վերադարձած էջմիածնեցի կնոջից՝ տիկին ԱՆԱՀԻՏԻՑ, ով գտվում է համապատասխան բուժհիմնարկում:
–Կարո՞ղ ենք հստակ արձանագրել, որ Դուք նշանդրեքի գնալուց առաջ որեւէ ախտանշան չեք ունեցել:
–Ես ո՛չ ջերմություն եմ ունեցել, ո՛չ այլ խնդիր: Միայն մի քանի օր համի զգացողությունս էր բացակայում, բայց դրանից ի՞նչ ենթադրեի, որ ինձ մոտ կարող է լինել նման բան: Ասում էին` պետք է գրիպի նման լինի, կոկորդի ցավ ունենաս, բարձր ջերմություն, բայց այդպիսի ախտանշաններ չեմ ունեցել:
–Երբ Իտալիայից ժամանել եք, որեւէ ստուգում, որեւէ վերահսկողություն եղե՞լ է Ձեր նկատմամբ կամ հորդորե՞լ են Ձեզ ինքնամեկուսանալ:
–Վերադարձել եմ փետրվարի 29-ին, օդանավակայանում բոլորիս ստուգել են, գրանցել են անուն-ազգանունով ու գրեթե ամեն օր զանգում, հարցնում էին, թե ինչպես ենք մեզ զգում, ջերմություն ունենք, թե՝ ոչ: Ասում էինք, որ լավ ենք, նորմալ է ամեն ինչ: Այդպես մինչեւ երեւի մարտի 4-ը:
–Իսկ երբ մարտի 8-ին կայացած նշանդրեքից հետո` մարտի 9-ին, Ձեզ ուղարկում էին թեստ հանձնելու, ո՞ւմ վերահսկողության ներքո էիք, եւ ո՞վ Ձեզ ուղեկցեց` մինչեւ համապատասխան բուժհիմնարկ:
–Մեզ ոչ ոք չի ուղեկցել, մեր նախաձեռնությամբ ես ու ամուսինս մեքենայով ենք եկել հիվանդանոց ու ասել, որ եկել ենք թեստ հանձնենք:
–Դուք նշանվածներին ի՞նչ բարեկամ էիք` մեկ գրում են, թե մորաքույրն եք եղել, մեկ` մայրը:
–Տղայիս նշանդրեքն էր: Ի դեպ, արարողությանը նախորդել է այն, որ գնացել ենք խնամիների հետ ծանոթանալու, իրենց հետ ճաշկերույթի ենք մասնակցել: Նույն կերպ իմ հյուրերը կարող էին վարակվել մարտի 2-ին, որովհետեւ մեր տանը էլի մեծ խնջույք է եղել, ու հավաքված են եղել մեր բոլոր բարեկամները: Հետո` մարտի 4-ին, խնամիները մեզ են հրավիրել իրենց տուն: Ու այնտեղ էլ օրն անցկացրել ենք բավականին թվով մարդկանց հետ: Կարող էր այդ օրերին լինել ամենը: Այնպես չէ, որ մենակ նշանադրության օրն է այդքան մարդ հավաքվել, ու ես հայտնվել եմ ամբոխի մեջ: Այդ նույն օրերին քարոզարշավ էր իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նույն հաջողությամբ կարող էի այնտեղ գտված լինել: Թող բարի լինեին, ինքնաթիռից բոլորիս 14 օրով տանեին, մեկուսացնեին, այդ շրջանը կանցներ, թող բաց թողնեին: Իսկ այս դեպքում` այնքան մեծ շրջապատ ունեմ, այնքան մարդկանց հետ եմ շփվել...
–Այսօր այդ ամբողջ շրջապատը կարանտինի մե՞ջ է, թե՞ էլի կան մարդիկ, որոնք շփվել են Ձեզ հետ, բայց կարանտինի մեջ չեն:
–Ինչքան մարդ է իմ շուրջը հավաքված եղել, բոլորը կարանտինի մեջ են: Այդ վախի զգացողությունն այքան մեծ էր, որ մարդկանց վնաս չպատճառվի, իրենց ցանկությամբ բոլորի անունները տվել եմ ու ասել` ստուգվեք, թող ամեն ինչ նորմալ լինի, ես էլ հանգիստ լինեմ:
–Եթե գաղտնիք չէ, ինչո՞ւ էիք Իտալիա մեկնել:
–Փետրվարի 15-ին ենք մեկնել, նպատակս ծնունդս նշելն էր, որը փետրվարի 18-ին էր: Քանի որ Իտալիան շատ եմ սիրում, ամուսինս որոշել էր անակնկալ անել: Երեք օրով եղել ենք այնտեղ, այնուհետեւ գնացել եմ քրոջս տեսնեմ, որը բնակվում է Ֆրանսիայում: Հինգ օր էլ եղել եմ այնտեղ, հետո վերադարձել եմ Միլան, այնտեղից էլ` Հայաստան:
–Այս օրերի այն մեծ աղմուկին, որը պտտվում է Ձեր անվան շուրջ, ինչպե՞ս եք վերաբերվում:
–Այդ տգիտությանն ինչպե՞ս վերաբերվեմ, Դուք կարո՞ղ եք ասել: Ըստ քննադատողների` ես այնքան հիմար էի, որ ուզում էի իմ տան անդամները, իմ հարազատները, բոլորը վարակվեի՞ն, ու ես էլ մահվան ճիրաններում գտնվեի՞: Իմանալով հանդերձ, թե վարակակիր եմ՝ նշանադրություն եմ արել, ջհանդամ, թե հետո չեմ մեռնի՞: Չգիտեմ, չեմ կարող մարդկանց ուղեղի մեջ մտնել եւ հասկանալ, թե իրենք ինչպես են մտածում:
–Անգամ Ձեր անձնական տվյալները, լուսանկարները հայտնվեցին համացանցում: Չե՞ք պատրաստվում դիմել առնվազն Մարդու իրավունքների պաշտպանին:
–Հիմա այն վիճակում չեմ, որ դիմումներով զբաղվեմ: Առաջին հերթին մտածում եմ իմ առողջության մասին, Ֆեյսբուք էլ ընդհանրապես չեմ մտնում: Երբեւէ չեմ էլ սիրել այդ ցանցը, հիմա էլ աշխատում եմ չմտնել ինտերնետ, չկարդալ, չտեսնել, չնյարդայնանալ: Տեղից արդեն եղած ասեկոսեներից բարկանում եմ: Բայց հարազատներս հանցագործության վերաբերյալ հաղորդում են ուղարկել գլխավոր դատախազին, որ գոնե կանխարգելիչ որոշում կայացնեն` քրգործ հարուցելով, որ դադարի հասարակական ատելությունն ու անպատվությունները, մինչդեռ մինչեւ օրս որեւէ արձագանք չկա: Ասում են, որ իմ նկարներն են տեղադրել սոցցանցում, ի՞նչ իրավունքով, ես երբեւէ սոցցանցերում նկար չեմ ունեցել: Ո՛չ իմ ամուսինը, ո՛չ տղաներս չեն սիրում այդպիսի բան: Մեր տանը որոշում է եղել, որ երբեւէ սոցցանցում նկար կամ ֆեյսբուքյան էջ չունենամ: Մինչդեռ այսօր մարդիկ անընդհատ իմ նկարները դնում են համացանցում: Սա մարդու իրավունքների խախտում չէ՞, դատական գործ չի՞ հարուցվելու իրենց վրա: Դուք դեռ չգիտեք, թե որոշ բժիշկների վերաբերմունքն ինչպիսին էր իմ հանդեպ, կարծես, ես հանցագործ էի: Նրանք մեծ աղմուկ բարձրացրին, անգամ չուզեցին լսել իմ խոսքը: Ոչ ոք չհարցրեց ինձ, թե որ օրն եմ վատացել, ի՞նչ է եղել: Բայց դուրս եկան, ինչ-որ հայտարարություններ արեցին, վարչապետին էլ լուրեր հասցրին, եւ պարոն Փաշինյանը, հավատալով այդ լուրերին, ինքը հայտարարություններ սկսեց անել: Կարելի՞ է այդպիսի բան անել, թող մարդ ուղարկեին վարչապետի կողմից, ինձ հարցեր տային, իմանային, թե ինչպիսին է եղելությունը: Ուղղակի, զարմանում եմ` ինչքան չարություն կա մարդկանց մեջ: Ամբողջ աշխարհը կարեկցում է վարակակիր մարդկանց, մտածում` ինչով օգնի: Մի՞թե ես եմ այդ վիրուսը ստեղծել, զարմանում եմ` մարդիկ ինչքան կարող են չար, անհոգի լինել:
–Ձեր ինքնազգացողությունը հիմա ինչպե՞ս է:
–Չգիտեմ` չեմ հասկանում: Երեւի նյարդային սթրեսից եմ այսպես, ավելի շատ հոգեբանական ճնշվածություն կա: Չեմ հասկանում` ինչ է կատարվում ինձ հետ, երեւի, լավ կլինի: Բայց չգիտեմ, թե հետագան ինչպես կլինի: Ուղղակի, շատ վախենում եմ, որովհետեւ ունեմ տղաներ ու ամուսին, որոնք արժանապատվություն ունեն, եւ այս ամենը հաստատ այսպես չեն թողնելու: Հետո թե մեր բարձրաստիճան, հարգարժան մարդիկ ինչպես կնայեն այդ ամենին, ուղղակի, չգիտեմ: Միայն վախենում եմ իմ երեխաների հետագա քայլերից:
–Իսկ տեղեկություն ունե՞ք Ձեր հարազատների ինքնազգացողության մասին, որոնք եւս կարանտինի մեջ են գտնվում:
–Նորմալ է հարազատների վիճակը: Բոլորն էլ ըմբռնումով են մոտենում: Մեր հարազատությունը այնպիսին է, որ ոչ ոք չի կարող այդ ամենին այլ կերպ նայել: Բոլորն էլ պայքարում են մեկը մյուսի համար, որ լավ լինեն: Նոր խնամիներն այնպիսի ոգեշնչող, հույս տվող բառեր են զանգում եւ ասում, որ անգամ դրանից եմ վատ զգում ու ամաչում:
Աղբյուրը՝ iravunk.com