Խարդախություն՝ անվճար խորհրդատվությունների քողի տա՞կ

19/03/2020 10:36
Խարդախություն՝  անվճար խորհրդատվությունների քողի տա՞կ


Այսօր մեր կայքին են դիմել Արարատի մարզի Գեղանիստ համայնքի մի խումբ բնակիչներ, որոնք տեղեկացնում և օգնություն են հայցում ուժային կառույցներից իրենց համայնքում բնակվող, իրավապաշտպան՝ Սամվել Գաբրիելյանի խարդախություններից, շատերից  1000-ական ԱՄՆ դոլարներ շորթելու՝ իբրև  իրավական խորհրդատվությունների, փաստաբանական ծառայությունների անվան տակ:
Համայնքում մեր թղթակցին խնդրել են չլուսանկարել և իրենց անունները չհրապարակել, քանի որ անպաշտպան են, ու Ս. Գաբրիելյանի քիննախնդրությանը լավ ծանոթ են: Փոխարենը, տեղաբնակները ցույց են տվել, իրենց խոսքերով ասված՝ խարդախ Սամվել Գաբրիելյանի  առանձնատունը, որի ճակատին փակցված է եղել այս ցուցանակը, տես՝ լուսանկարը:
Խաբված գեղանիստցիները պատմել են, որ Սամվել Գաբրիելյանը  ՀՀ ՊՆ նախկին աշխատակից է, ով իր որդուն ժամանակներ առաջ, զարտուղի ճանապարհով ազատել է ԶՈՒ ծառայելու պարտականություններից, ապա՝ ամիջապես ազատվել է Պն-ից և Գեղանիստում ծավալել «իրավապաշտպան»-ի գործունեություն, ինչի արդյունքում բնակիչներից գումարներ է շորթել:
-Բազմաթիվ զոհերի թվում է  Արամի տղան, ով սպանվեց վեճի ժամանակ, Կուկուշի Հայկի թոռից հող գնողը ու էլի շատ մարդիկ,- ներկայացնում են գեղանիստցիները,-Այս մարդկանցից Սամվել Գաբրիելյանը 1000 ԱՄՆ դոլար է վերցրել ու քցել: Ժամանակին աղմկեցինք, իրավապահ մարմիները զբաղվեցին այս գործով ու անհասկանալի պատճառով ընթացք չստացավ այս դասական խարդախի գործունեությունը,-պատմում էին տեղաբնակները,-Հետո լուրեր առանք, որ Սամվել Գաբրիելյանն անկեղծացել է իր մերձավորների մոտ, որ «ջրել» է իր գործը՝ մուծվելով իրավապահներին:
-Ու՞մ դիմենք չգիտենք, էն մեր համայնքապետ՝ Վաչիկ Ադիլխանյանից էլ է հող ուզել որդու համար, մերժվել ու մինչ օրս քեն պահելով նամակներ է ուղարկում պատկան մարմիններին՝ համայնքապետին խճճելու նպատակով, մնացել ենք մենակ, ո՞նց անենք ու դիմենք, որոշեցինք լրատվականներին դիմել,-ներկայացրեց տուժածներից մեկը՝ ավելացնելով,-Խնդրում ենք ձեզ, հանրային հնչեղություն տվեք այս խարդախի գործին, թող ուժայիներն արձագանքեն, մեղք ենք մենք, հողի հետ կռիվ ենք տալիս ողջ տարին, շուկայում կոպեկ առ կոպեկ վաճառում բերքը, վերջում Սամվելը տալիս մեր գլխին տանում է մեր փողը, թե ձեր գործերը կանեմ, տեսեք ինչ օյին եմ բերելու պաշտոնյաների գլխին ձեզ նեղացնելու ու ձեր հացերը չլուծելու համար, մենք էլ էշ-էշ հավատում ու տալիս ենք փեշով փողը, վերջում պարզվում է, որ խաբում է մեզ՝ քցում: Փոխարենը իր տունն է հարստացնում, տան ճակատին էլ գրում, թե անվճար է իր իրավական ծառայությունները՝ բնակիչների համար:
Բնակիչները մեր թղթակցին են փոխանցել Սամվել Գաբրիելյանի բջջ. հեռախոսահամարը՝ 09488….., մեկնաբանություն ստանալու համար զանգահարեցինք Ս.Գաբրիելյանի հեռախոսահամարին, սակայն նա չպատասխանեց հեռախոսազանգին:
Հ.Գ.  1 HZHAM.am լրատվական կայքը հրավիրում է իրավապահ մարմինների՝ ՀՀ ԱԱԾ-ի, ՀՀ Ոստիկանապետի, Մասիսի ոստիկանության պետի ուշադրությունը վերը շարադրվածի առնչությամբ և հույս հայտնում, որ մայրաքաղաքին կից Գեղանիստի բնակիչները կհամոզվեն, որ երկրում իրավապահներն արթուն են՝ հսկելով հանցավոր երևույթները:
Հ.Գ. 2 Տեղեկացնենք, որ մեր կայքն  այս համայնքի բնակիչների բողոքը պահելու է իր  համառ ուշադրության ներքո:

 Նարինե Հասրաթյան