Նոր Հաճնում կնշեն 1920թ. հերոսամարտի 100-ամյակը

16/03/2020 18:53
Նոր Հաճնում կնշեն 1920թ. հերոսամարտի 100-ամյակը

Կոտայքի մարզի Նոր Հաճնի քաղաքապետարանի մշակույթի պատասխանատու Հայաստան Սիմոնյանը հայտնում է մեր կայքին, որ այս տարի Նոր Հաճնում հանդիսավոր ձևով նշելու են 1920թ-ի հերոսամարտի 100-ամյակը:


-Հիմնանորոգվում է թանգարանն արդի չափանիշներով ու նոր սարքավորումներով: Գտնված են թանգարանի կրեատիվ լուծումները, այն դառնում է երկլեզու: Թանգարանին զուգահեռ հիմնանորոգված են նաև արվեստի դպրոցը, մշակույթի տունը, գրադարանն՝ իր ընթերցասրահով,- հավաստիացնում է Հ. Սիմոնյանը,- Նոր Հաճն քաղաքին աջակցում են բուենոսայրեսցի Արսլանյան  բարերար եղբայրները, ովքեր   գոհ են քաղաքապետ՝ Գագիկ Մաթևոսյանի արդյունավետ կառավարումից:


Նոր Հաճնը կդառնա՞ մեկ միավոր
Ենթակառուցվածքների Զարգացման նախարարության մեր լրատուն հայտնում է, որ գծագրվում է Նոր Հաճնի խոշորացման քարտեզը,  ըստ որի, հարակից վեց համայնքներ՝ Նոր Գեղիին, Նոր Արտամետը, Թեղենիքը, Քարաշամբը, Գետամեջը, Լուսակերտը կմիանան Նոր Հաճնին:
-Նոր Հաճնում բնակչի շահն առաջնահերթ ու առանցքային է,-ասում է նախարարության մեր լրատուն,- Քաղաքապետ՝ Գագիկ Մաթևոսյանն այս գիտակցումով է մոտենում քաղաքի հիմնախնդիրների կատարմանը: Ըստ մեր լրատուի, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության մասնակցությամբ, եկող տարի Նոր Հաճնում կգործարկվի կոշտ թափոների կառավարման նոր մոդել՝ ժամանակակից աղբավայրի շահագործմամբ:
Քաղաքում բնակիչների հետ մեր բլից հարցումներից պարզ դարձավ, որ գործող քաղաքապետ՝ Գագիկ Մաթևոսյանը համայնքը ղեկավարում է դեռևս 2009թ-ի օգոստոս ամսից:
-Հաճնում շատ չլուծված խնդիրներ կային,-պատմում են քաղաքի կենտրոնում  կայանված տաքսի ծառայության վարորդները,- Մեր կողմից բարձրաձայնվող առաջարկներին ու ցանկություններին հնգամյա զարգացման ծրագրով կյանքի կոչեց քաղաքապետը՝ ստանալով բնակչության վստահության մեծ քվեն: Նայեք ուշադիր ձեր շուրջը, ոչ մի անբարեկարգ մայթ չկա, բակերում կապիտալ աշխատանքներ են արված, մանավանդ՝ բազմաբնակարանային շենքերի հարակից տարածքներում:
Քաղաքում ականատեսը եղանք անհատական, երկու բնակելի սեկտորի՝ Հարավ արևելյան և Պարույր Սևակի: Այս թաղամասում ամբողջովին լուծված էր լուսավորության խնդիրը: Կային թաղամասեր, որոնց բնակիչները մեզ հավաստիացնում էին, որ իրենց թաղամասի լուսավորության հարցը նախագծային, նախահաշվարկային փուլում է:
Տեղաբնակների խոսքերով, խմելու ջրի 24 ժամյա ջրամատակարարումը իրականացնում է «Հաճն ջուր» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, որը ապահովում է ամենացածր գնով ջրամատակարարումը:
_Շատ արագ ձևով արձագանքում և վթարները վերացնում են,-պատմում էին հաճնեցիները, քաղաքում ևս մեկ մանկապարտեզի բացման պահանջ կա: Արգենտինահայ բարերարի աջակցությամբ ունենք նախանձելի մանկապարտեզ՝ ժամանակակից գույքով, սակայն շատ մանուկներ դեռևս սպասման հերթերի մեջ են:


Շենքերի բակերից մեկում ֆուտբոլ խաղացող տղաներն էլ մեզ տեղեկացրեցին, որ քաղաքապետարանը պատրաստվում է հայտ ներկայացնել կառավարություն՝ սուբվենցիոն ծրագրով ֆուտբոլի դաշտ կառուցելու համար և որ իրենք անհամբեր դրան են սպասում:
-Բացի այս,-ասում են տղաները,-ֆուտբոլի դաշտին կից լքված մարզադահլիճ կա, որը, ըստ իրենց, քաղաքապետը փորձում է ապագայում ծառայեցնել՝ դպրոցներում ֆիզկուլտուրա առարկային դասավանդման համար:
 
Ի՞նչ պատմեցին հարակից համայնքի բնակիչները խոշորոցման ու  քաղաքապետի մասին:
Զարմանալի էր, որ Նոր Գեղիում ու Նոր Արտամետում բնակիչների մեծամասնությունը համոզված է, որ իրենց սոցիալ-տնտեսական վիճակը կբարելավվի խոշորացման դեպքում, քանի որ նրանք բազմիցս են դիմել քաղաքապետ՝ Գ. Մաթևոսյանին իրենց անձնական խնդիրներով ու ստացել դրական պատասխան:
-Էսօր բոլորն էլ խոսում են, որ Նոր Հաճնին պիտի միանան մեր մոտիկ գյուղերը,պատմում է Գետամեջի բնակիչը,- Թող միանան, լավ քաղաք է, սարքած տեղը տեղին, լավ ղեկավար ունի: Քաղաքը  բռլյանդի ցեխեր ունի, աշխատատեղեր կան, ի՞նչ է եղել որ, ես, օրինակ կուզեմ, որ միանանք Նոր Հաճնին, իմ էրեխեքը ամեն երեկո գնում են Հաճն՝ զբոսնելու, ուրախ- ուրախ գալիս, թե քաղաք էինք գնացել էս փոսից: Դե մեր գեղը նկատի ունեն էլի, փոսի մեջ է մեր Գետամեջը:Հաճնում քաղաքի ընենց տոներ են նշում, որ բերաններս բաց է մնում,-պատմում էր գետամեջցին:
-Նոր Հաճնի քաղաքապետը պարտավոր չէր ինձ օգնելու, բայց մարդը մեծատառով մարդ է ու իմ դրության մեջ մտնելով լուծել է իմ անձնական խնդիրը, որը ոչ իմ բարեկամն է կարողացել լուծել, ոչ էլ իմ համայնքապետը, ո՞նց կարամ ուրանամ, աստված բերի իր առաջ, ի՞նչ ասեմ, բայց ինչու եք հարցնում ո՞ր, հո վատ բանի համար չեք հարցնում, ամա՛ն ես լավն եմ տեսել երկինք գետինը վկա…,- ասում է Նոր Գեղցիի բնակիչը:
-Արտամետն ո՜ւր, Հաճն ու՜ր, բայց քաղաքապետի  դուռն եմ գնացել ու օգնել է ինձ, ասված էլ իրեն օգնի,Բայց ձեզ ո՞վ է ասել, որ քաղաքապետն ինձ օգնել է,-զարմացած հարցնում է Նոր Արտամետի բնակիչը,- դուք հո ԱԱԾ-ից չե՞ք…
Նարինե Հասրաթյան