Մի դիմում էլ Night Geo Wild-ին գրի

13/03/2020 15:11
Մի դիմում էլ Night Geo Wild-ին գրի

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հաղորդագրություն է տարածել, որում մի շարք այլ կառույցների շարքում դիմել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին, որ իրեն պաշտպանեն Hzham.am-ից:
Փաստորեն, իր ու յուրայինների յուրացումներն ու չարաշահումները կոծկելով, Գարիկ Սարգսյանը, հանրությանն առավել հայտնի՝ Տանզանիացի Կոկորդիլոս, իրավապահներին ուղղորդում է ընդդեմ լրատվականների, որոնք «համարձակվել» են իրեն վերաբերվող նյութեր հրապարակել:
Ստորեւ ներկայացնում ենք Գարիկ Սարգսյանի գանգատը.


«Իմ պաշտոնավարման հենց առաջին օրերից մամուլի էջերում, իրենց ԶԼՄ համարող որոշ կազմակերպությունների կայքերում ու թերթերում իմ մասին գրել են ամենալկտի ստեր, պարբերաբար ինձ մեղադրել են ու շարունակում են մեղադրել այս կամ այն «հանցանքի» մեջ, իմ անձը արատավորող հրապարակումներ են անում: Սակայն, այս ընթացքում այդ գրածներից ոչ մեկի վերաբերյալ փաստական որևէ ապացույց չի ներկայացվել: Ավելին, ես ինքս կայքերից մեկի սուտ ու զրպարտող հրապարակման վերաբերյալ դիմել եմ դատարան:

Սակայն, ինչպես նկատում եմ, դատարան դիմելուց հետո էլ ԶԼՄ-ները կամ իրենց այդպիսիք համարողները չեն դադարում իմ մասին կեղտոտ ու սուտ հրապարակումներ անել: Այս առնչությամբ ես դիմում եմ իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք հայտնաբերեն իմ մասին զրպարտություն ու սուտ հրապարակող անձանց, նրանց կեղծ ինֆորմացիա տվողներին և պատասխանատվության ենթարկեն:

Նշեմ, որ վերջիններիս հրապարակումները տարածում են նաև որոշ քաղաքական շրջանակներ ու ակտիվիստներ, որոնց մեկնաբանություններում հնչում է ատելության խոսք, վիրավորանք, ոչ միայն իմ, այլև մարզպետարանի աշխատակիցների հասցեին:

Այս խնդրի լուծման համար դիմում եմ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, նախկինում լրագրող աշխատած պատգամավորներ՝ Գայանե Աբրահամյանին, Հայկ Գևորգյանին, Վահագն Հովակիմյանին, Սարգիս Խանդանյանին, Սիսակ Գաբրիելյանին, Թագուհի Թովմասյանին, իրավապաշտպաններ՝ Արթուր Սաքունցին, Մարինա Պողոսյանին, Նինա Կարապետյանցին, Ժաննա Ալեքսանյանին, Վարդան Հարությունյանին, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ Լևոն Բարսեղյանին, Աշոտ Մելիքյանին, Հասմիկ Բուդաղյանին, Արման Ղարիբյանին, Բորիս Նավասարդյանին և այն պրոֆեսիոնալ լրագրողներին, որոնք նույնպես բողոքում են այս տեսակների պահվածքից:

Նախկինում լրագրողներն էին դիմում այս կազմակերպություններին՝ իրենց նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ լուծում գտնելու համար, հիմա ես եմ դիմում այս կազմակերպություններին, որպեսզի կանխեն իրենց ԶԼՄ համարողների՝ կեղծ, մարդու անձը վիրավորող, ատելության խոսք պարունակող հրապարակումները:

Այս երևույթը գնալով դառնում է համատարած և արդեն հասել է վտանգավորության շեմին: Այսպիսի հրապարակումները հասել են այն ծավալի, որ մի ամբողջ աշխատանքային օր չի բավականացնի դրանք հերքելու համար, իսկ ես չեմ պատրաստվում իմ ամբողջ օրն օգտագործել այս կամ այն զրպարտությունը հերքելով:
Խնդրում եմ Ձեզ՝ քննարկել իմ բարձրացրած հարցը և լուծումներ առաջարկել: Պատրաստ եմ անձամբ մասնակցել Ձեր քննարկումներին:

Ես, որպես երկրում ժողովրդավարության համար պայքար տարած ու հաղթած ուժի ներկայացուցիչ, շատ բարձր եմ գնահատում խոսքի ազատության հաստատումը մեր երկրում և պայքարել եմ նաև հենց այդ ազատության հաստատման համար, սակայն շատերը դա շփոթել են ցինիզմի ու լկտի պահվածքի հետ և լրագրությամբ զբաղվելու փոխարեն զբաղված են իմ անձը արատավորելով, զրպարտելով ու լկտի ստեր տարածելով»: