Կամ աղքատ ենք, կամ՝ աղքատից մի խազ լավ

12/03/2020 19:19
Կամ աղքատ ենք, կամ՝ աղքատից մի խազ լավ

30 տարի է անցել, բայց մարդիկ դեռ երանությամբ են հիշում խորհրդային տարիները, սոցիալական հավասարությունը, իրենց աշխատանքային պայմաններն ու ինչպես բնութագրում են՝ «լեն ու բոլ տարիները»...

Վայոց ձորի մարզի գյուղական համայնքներում մարդիկ դժգոհում են, որ սոցիալական խնդիրների հետ մնացել են մենակ՝ գյուղատնտեսական աշխատանքներն էլ  չեն արդարացնում իրենց սպասելիքները։
-Ման եկեք գյուղերում՝ լիքը խնդիրներ կտեսնեք, աշխատատեղ չկա, քարերի մեջ ենք ապրում անասնապահությունն էլ չի արդարացնում, գյուղատնտեսություն էլ չունենք, էլ ի՞նչ պետք է լինի։ Ջահելների համար զբաղմունք ու աշխատանք չկա, հացի խնդիր լուծելու համար գնում են Ռուսաստան աշխատում,  ետ են գալիս ու մի կերպ յոլա գնում։ Կամ էլ մի քանի անասուն ենք պահում, եզդին է գալիս տանում, մեզ մնում է համբալությունը։ Աշխատանք է պետք ունենալ, փող ու առողջություն որ ունենանք էլ ի՞նչ է պետք։ Ամեն մի ընտանիք ինչքան իր խելքը հասնում է աշխատում գոյատեւում է, կամ շատ աղքատ են կամ էլ աղքատից մի խազ լավ։ Աշխատող էլ կա՝ չաշխատող էլ, բայց գյուղացին ինչքան էլ աշխատասեր լինի, չի կարող իր ընտանիքը բարեկեցիկ ձեւով պահել, որովհետեւ գյուղից ընդմիշտ երես են թեքել  իշխանությունները։ Ո՞վ է գալիս գյուղացու հետ նստի խոսի, լսի ու խնդրին լուծում տա, ոչ ոք, դա հո գաղտնիք չի։ Դրա համար էլ էս օրին ենք, ընտրություն լինի, որ վազեն գան, իբրեւ մտահոգ են մեր նիստ ու կացով, բուկլետ տան ու իրանց ճոխ ավտոներով մեր վրա փոշի ցփնելով  ճռռացնեն գնան,- իրենց կյանքն ու օրը ներկայացնում են տեղացիները։
Իսկ ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին դեռ կարծիք չունեն՝ կմտածեն։
-Հանրաքվեի մասին դեռ կմտածենք ինչ կանենք, ժամանակ կա, մի գուցե մինչեւ հանրաքվե մեռնենք, էլ ինչպե՞ս ենք մասնակցելու։ Էնա վիրուսը մտել է Հայաստան, դեղատները հարցնում ես ասում են դեղ չունենք։ Գյուղերում հոգսեր են ու միայն հոգսեր։ Համայնքների խոշորացումն էլ  մեր համար լավ չէղավ, պետք է մի տեղեկանքի համար մի 1000 դրամ վառելիքի գումար ծախսենք, որ գնանք մի տեղեկանք ստանանք, մեր ղեկավարին տենանք, մեր հոգսով ու խնդրով հետը կիսվենք... Ավելի լավ էր հին ձեւով մնար, քան թե միավորեին։ Խոշորացումը նայած տեղ ա ձեռ տալի, մեր ձորի ժողովրդի համար լավ չի,  հնարավոր չի յոլա գնալ, ուղղակի մարդիկ ընկել ենք ճար չունենք։ Լույսի փողը չենք կարողանում վճարենք, ալյուր չենք կարողանում առնենք, խնձոր ենք ծախում, որ հարկերը վճարենք՝ մի կերպ,-տրտնջում են մարզի բնակիչները։