Մարզերում հետաքրքրված չեն հանրաքվեով. «Բա մի հանրաքվե էլ կարկտից տուժածների համար արեք...»

05/03/2020 17:05
Մարզերում հետաքրքրված չեն հանրաքվեով. «Բա մի հանրաքվե էլ կարկտից տուժածների համար արեք...»

Շիրակի մարզի Հովտաշեն գյուղում բնակիչներին անհանգստացնող սոցիալական խնդիրները բազմազան են, իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ըստ մեր զրուցակիցների՝ տասներորդական թեմա է։ Հովտաշատցիների կարծիքով, հայրենի իշխանությունները իրենք պետք է լուծեն ներազգային խնդիրները, ինչ վերաբերում է  ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին, բնակիչներն անտարբեր են՝ հոգսաշատ գյուղացու ինչի՞ն է պետք սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունը, եթե դրանից չի փոխվելու նրա սոցիալական բեռը:

-Հարի էդ ժամանակ շատերը խոպան կերթան, սոված ընտանիքներին մի կերպ են պահըմ։ Հեչ լավ չենք ապրում, էս վարկերը դրին ժողովրդի վզին, մարդիկ դատ ու դատարանների մեջ են։ Վարկերի տոկոսների բարձր են, համ էլ դուք չիդե՞ք, որ գեղացին միշտ էլ վատ է ապրել, էն ժամանակ, որ կարկուտը ջարդեց գյուղացու բերքը, ինչի՞ համար չեկան հարցնեին, որ իմանային պետք է փոխհատուցվեր։ Բա մի հանրաքվե էլ կարկտի համար անեիք... Հիմա, որ գրեցիք գիտեք փոխհատուցելո՞ւ են։ Գեղացուն մենակ հիշում են ընտրություններին, որ պետք է պտիչկեն դնեն, էդ ժամանակ են գալըմ, էդ ժամանակ գեղացու տեղը գիդեն։ Գեղացին հենց պետք է ընտրության չէրթա, պետք է խաչ քաշե սաղի վրեն, թքե ու հեռենա։ Հմի, որ մեզ ասում եք «Այո-Ոչ» ասեք, մենք ի՞նչ գիտենք սահմանադրական փոփոխությունն ինչ է, ոչ ըդուրից ենք հասկընում, ոչ ընդուրից, ի՞նչ անենք, մեզ ինչ ըսին, էդման էլ պետք է էնենք։ Գյուղացին, եթե չի հասկանում սահմանադրությունից, չգիտե, թե ով է սահմանադրական դատարանի նախագահը, դատավորը ի՞նչ իմանա ինչի՞ է ասում՝ Այո՛ կամ Ո՛չ։ Թող մեզի կրակը չըգցեն, կառավարությունը թող նշանակի ու ընտրի, խո գյուղի նախագահ չեմ ընտրում, որ գիդենամ ում ընտրեմ։ էդ որ ասում են՝ ժողովրդին է իշխանությունը, էդ ու՞ր է մեզ իշխանություն, ազատ կալանավոր ենք, իրենք ինչխ ուզեն գըչալեն ու գըխաղան։ Նոր կառավարություն է թող նպաստների հարցը լուծի մինչեւ հիմա, ինչի՞ են մեր երեխանց մեջ ջոգողություն դընմ, էրեխեն մեղավոր է՞ որ տունը մեկ կով կամ ոչխար կա, պետություն ես դու երեխու բաժինը տուր, մինչեւ մենձընա, չափահաս դառնա,-դժգոհում են հովտաշատցիները: