ՏԻՄ ընտրություններ Արթիկի տարածաշրջանում

03/03/2020 15:55
ՏԻՄ ընտրություններ Արթիկի տարածաշրջանում

Մարտի 15-ին Շիրակի մարզի Նահապետավան, Տուֆաշեն եւ Գեղանիստ համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ։ Տուֆաշենի եւ Նահապետավանի նախկին ՀՀԿ-ական, այժմ անկուսակցական համայնքների ղեկավարներ՝ Արտակ Եգորյանը եւ Գոռ Պետրոսյանը մրցակիցներ չունեն։

Ի տարբերություն վերը նշված երկու համայնքների, Գեղանիստում ակտիվ նախընտրական տրամադրություններ են, այստեղ գրանցված թեկնածուները երկուսն են` անկուսակցական գործող գյուղապետ Աղասի Ղազարյանը եւ Սենիկ Մարտիրոսյանը, վերջինս գյուղի բարերարներից մեկի՝ Ավետիք Մարտիրոսյանի եղբոր որդին է։

Ա․ Ղազարյանը համայնքը ղեկավարում է 2015թ-ից, անկուսակցական է,  իսկ Ս․ Մարտիրոսյանը մշտապես արտագնա աշխատանքների է մեկնել։ Կուսակցական պատկանելիություն չունի, սակայն սատարում է Իմ Քայլը կուսակցությանը։ Համայնքի ղեկավարն էլ անհանգիստ չի, որ մրցակից ունի, ասում է, որ իր համագյուղացիների կամքն է, թե որ թեկնածուին կտան իրենց վստահության քվեն։  

-Մեր գյուղի տղաներն են երկու թեկնածուներն էլ, երկուսին էլ գնահատում ենք, բայց պետք է ընտրվի մեկը։ Հիմա իսկի մարդ ու կնիկ իրար գաղտնիք չեն ասում, մենք ի՞նչ ասենք, օրը կգա պարզ կլինի,-կատակում են գեղանիստցիները