Ռուսաստաններն էլ, որ չլինեն մենակ կով պահելով ու հող մշակելով յոլա չենք գնա

24/02/2020 17:18
Ռուսաստաններն էլ, որ չլինեն մենակ կով պահելով ու հող մշակելով յոլա չենք գնա

Լոռու մարզի Մեծավան համայնքի բնակիչները անհանգստացած են։ 1978թ -ին կառուցված  թիվ 2-րդ դպրոցի շենքը շահագործման օրիվանից մինչ օրս ոչ մի անգամ վերանորոգվել։

-Դպրոցում մաս-մաս աշխատանքներ անում են, բայց շենքը այնքան կարիք ունի նորոգելու, որ մենք անհանգստացած ենք մեր երեխաների առողջության ու ապահովության համար,- ներկայացնում են ծնողները,- Արդեն պատերը իրարից հեռանում են, ճի՛շտ է՝ դպրոցում դասասենյակները տաքացվում են, բայց միջանցքներում դուրս գալուց երեխաները մրսում են։ Մեր տարածաշրջանը ձմռան ամիսներին շատ ցուրտ է, տարվա ութ ամիսներին պայքարում ենք ցրտի դեմ, երեխաները սպորտով զբաղվել շատ են սիրում, ինչքան հայտնի մարզիկներ ու մարզիչներ ունենք։ Դպրոցում   սպորտդահլիճի վիճակն էլ շատ անմխիթար է։

-Ինչքան երեխաներ կան, որ այս դպրոցն ավարտելուց հետո սովորում եւ աշխատում են տարբեր երկրներում, իրենք մեր հպարտությունն են,- ասում  միջին դպրոցի աշակերտներից մեկի ծնողը,- Սովորելու համար չեն նայում շենքի պատերին ու պայմաններին, բայց ամեն ինչ իր տեղն ու դերն ունի։ Չենք նախանձում, բայց գյուղի  առաջին դպրոցը ծրագրով վերանորոգվեց, իսկ այս դպրոցը, չգիտենք ինչի համար տարիներով մնացել է անտարբերության մատնված։ Մեր երեխաները լավ են սնվում, գիտելիք են ստանում, բայց զրկված են ժամանակակից աշակերտական նստարաններին նստելուց եւ վերանորոգված դասասենյակներում դաս անելուց:

Դպրոցի խնդիրները ներկայացնելով, աշակերտների ծնողներն ակնկալում են, որ կառավարությունն ականջալուր կլինի իրենց բարձրաձայնած խնդիրներին։
-Մեծավան համայնքի գրեթե յուրաքանչյուր ընտանիքից մեկ կամ երկուսը ամեն տարի մեկնում են արտագնա աշխատանքի, իսկ տնտեսության ծանր աշխատանքները՝ հողագործությունն ու անասնապահությունը մնում է կանանց ուսերին։ Որքան էլ ծանր է աշխատանքը, երեխաներ խնամող կանայք չեն տրտնջում՝ աշխատում են բարձր պահել, ինչպես իրենք են ասում՝ շահնազարցու պատիվը։
-Ամեն մեկն իր ձեւով ապրում է, լավ ապրող էլ կա, վատ ապրող էլ։ Որ չաշխատենք ո՞նց կապրենք, էդ ռուսաստաններն էլ, որ չլինեն մենակ կով պահելով ու հող մշակելով յոլա չենք գնա։ Էնքան, որ շահնազարցու համար ամոթ է, որ բողոքի թե ապրուստ չունենք, էդի ոչ մեկին պատիվ չի բերի։ Մեծավանցին հա՛մ հայրենասեր է, հա՛մ աշխատող, հյուրասեր է ու իրա տունն ու երկիրը շենացնող է,-իրենց մասին պատմելիս առաջին հերթին արժանապատվության մասին են հիշեցնում մարդիկ։
Միավորված Մեծավանում գործող բոլոր ենթակառուցվածքները ապահովված են անհրաժեշտ պայմաններով, իսկ սահմանակից բնակավայրերում մարդիկ ասում են, որ զրկված չեն տեղական իշխանությունների ուշադրությունից։