Նախարարն ուզում է փակել ծննդատները, դրանք կպահենք քաղաքացիներիս միջոցներով

18/02/2020 23:12
Նախարարն ուզում է փակել ծննդատները, դրանք կպահենք քաղաքացիներիս միջոցներով

Շուտով կավարտվի փետրվար ամիսը, արդեն մոտ մեկ ամիս է, ինչ որոշ ծննդատներ առանց ֆինանսավորման շարունակում են աշխատել և ծնունդներ ընդունել: Իսկ Առողջապահության նախարարությունից դեռ ոչ մի արձագանք:

Այս ամբողջ պատմության պատճառը և առանցքը ֆինանսական է և այստեղից բխած բուժհիմնարկների՝ այդ թվում ծննդատների շուտափույթ օպտիմալացման ցանկությունը:

Ասում են՝ «առողջությունն անգին է», բայց նաև, այսօր, այն թանկ է: Մինչ օրս որեւէ ֆինանսական սխեմա չի ներկայացվել այդ ծննդատների համար:

Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ առավելագույն տեղաբաշխումը, դրա աղբյուրը եւ կայունությունը, մշտադիտարկումը եւ թափանցիկությունը խիստ անհրաժեշտ են: Մեծ հաշվով, առողջապահության ընդհանուր բյուջեն որոշելու համար պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրել միջոցները, սկզբունքները և օգուտները` միշտ հաշվի առնելով բարոյագիտական խնդիրները, որոնք կարող են առաջանալ առողջապահական ոլորտին ռեսուրսներ հատկացնելիս:

Այ հենց այդպիսի բարոյագիտական մի խնդիր էլ Աչաջուր ԱԿ- ի ծննդատան լուծարումն է: Առողջապահության նախարարությունը պարտավոր է քաղաքականություն մշակելու եւ առաջնահերթություններ սահմանելու, հատկապես, առանձնակի ուշադրություն դարձնելով երկրի անվտանգության հարցերում մեծ ներդրում ունեցող մարդկանց կյանքն ու գոյությունը, որում հենց մեծագույն դերակատարություն ունի նաեւ Աչաջրի ծննդատունը:

Եվ այո,քանի որ Ան-ն չի ցանկանում լուծելու բոլոր այն խնդիրները որոնք կան Աչաջուր ԱԿ- ում,կան շատ հայրենասեր մարդիկ, ովքեր իրենց ուսերին կվերցնեն այդ ազգասեր և ազգանվեր գործը:

Նունե Ներսիսյան