Վերականգնվել է

11/02/2020 16:44
Վերականգնվել է

Փետրվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը հայտարարել է, որ այսօրվանից կրկին զբաղեցնում է թատրոնի տնօրենի պաշտոնը:
-Երեկ ես վերականգնվել եմ Ալ. Սպենդիարյանի ավան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում: Ինչպես հայտնի է, ես շահել եմ դատը, որից հետո նախարարությունը դիմել է Վերաքննիչ, որը մերժվել է: Այսօրվանից սկսած ես պաշտոնապես անցնում եմ աշխատանքի: Պետք է աշխատենք հետագա նախագծերի շուրջ, իմ պայմանագիրը մինչեւ օգոստոսի 3-ն է: Ժամանակն այնքան էլ շատ չէ, այնպես որ պետք է շարունակենք բեմադրել օպերաներ, աշխատել պրեմիերաների շուրջ, հուսով եմ` բոլոր ծրագրերը կկարողանանք կյանքի կոչել,- ասել է բանախոսն ու ավելացրել,- Ցավոք, այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ունեինք նախորդ տարվա ապրիլից, ստիպված եղանք չեղարկել, հյուրախաղերն էլ հետաձգվեցին հայտնի պատճառներով: Երբ ես պայմանագիր էի կնքել Դուբայում մեր հյուրախաղերի համար, նախորդ կառավարությունը իր վրա վերցրեց ուղեւորության ճանապարհածախսը, իսկ ներկայիս կառավարությունը պատասխանեց, որ իրենք ոչ մի կոպեկ չեն վճարի ճանապարհորդության համար, եւ երբ ես հարցրի` ի՞նչ անեմ, հետաձգե՞մ ուղեւորությունը, ինձ պատասխանեցին, որ իրենց համար միեւնույնն է:
Օրբելյանի հաղթանակն ինչպե՞ս է ընդունվել նախարարության կողմից, Կ. Օրբելյանը չգիտեր:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։ Օրբելյանը դատարանում վիճարկել էր այս որոշումը։