Աղմկահարույց փոփոխությունից հետո

11/02/2020 15:09
Աղմկահարույց փոփոխությունից հետո

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում 2019թ. օգոստոսի 14-ին տնօրեն փոխվեց:

Հիշեցնենք, որ հուլիս ամսին մարզպետարանի պատուհանի տակ աշակերտներն ու ծնողները բողոքում էին, որպեսզի չփոխվի իրենց դպրոցի տնօրեն՝ Մաշա Իվանյանը, քանի որ բալային անհավասար թվեր էր առկա մրցույթից հետոՍակայն կրքերը հանդարտվեցին և նոր տնօրեն նշանակվեց դպրոցի ուսմասվար, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Գոհար Գասպարյանը:
-Շուրջ 1283 աշակերտ ունեցող դպրոցն իշխանափոխությունից հետո, ինչպե՞ս է ղեկավարվում նորանշանակ տնօրեն՝ Գոհար Գասպարյանի կողմից:
Մեր հարցին տնօրենը տվեց հետևյալ պատասխանը.
-Ես լավ ժառանգություն ստացա նախկին տնօրենից, ում հետ աշխատել եմ երկար տարիներ: Ես ուսումնադաստիարակչական գծով նրա տեղակալն եմ եղել: 2019թ-ին դպրոցում տնօրենի թափուր տեղի համար նոր մրցույթ կայացավ, որին ես էլ եմ մասնակցել: Այն անվավեր ճանաչվեց և հայտարարվեց երկրորդ փուլ: Մարզպետարանից ես  օգոստոսի 13-ին զանգ ստացա և տեղեկացա, որ նշանակված եմ նոր տնօրեն: Հաջորդ օրը եկա դպրոց և ինձ հաջողվեց անցնցում սկսել դպրոցի ղեկավարումը և պահպանել ուսուցչական կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտը: Աշակերտների թիվը ներկայումս 43-ով ավելացել է, պահուստային ունեմ նաև 17 տեղ: Առաջին գործս եղավ կաթսայատան կաթսանների վերանորոգումը, որը հնարավորություն ընձեռնեց ապահովել դպրոցի ջեռուցման հարցը,- ասաց տնօրեն Գոհար Գասպարյանը:
Ծնողներն էլ  մեզ հետ զրույցում  պատմեցին, որ հայոց լեզվի ու գրականության մասնագետ, տնօրեն՝ Գոհար Գասպարյանը խիստ պահանջկոտ ու հետևողական է, որն  հուսադրում և ուրախացնում է իրենց:
-Աշակերտներին գրքեր կարդալ տալու ձիրք ունի,-ասաց մի ծնող,- Մեր հարևանի տղային՝ Գարիկին, ստիպեց անգիր սովորել Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: «Ինչու՞ պիտի հնդիկը իմանա այս բանաստեղծությունը, իսկ դու՝ ոչ: Գարի՛կ, պիտի սովորես»,-պարտադրել է Գ. Գասպարյանն ու աշակերտը հաջորդ օրը սովորել է ու բարձր գնահատվել:
-Տնօրենն այս դպրոցն է հաճախել,-պատմեց մի ուրիշ ծնող,- Քաղաքում բոլորս մեկմեկու լավ ճանաչում ենք: Չենք դժգոհում:
Գ. Վարյան