Արմեն Սարգսյանը կլոունադայի մաս կազմեց

11/02/2020 12:28
Արմեն Սարգսյանը կլոունադայի մաս կազմեց

Արմեն Սարգսյանը վավերացրեց այդ որոշումը՝ ինքնըստինքյան մաս կազմելով հակապետական այս կլոունադային,Նիկոլն էլ ամեն ինչ անելու է, որ հանրաքվեն կայանա:
ՍԴ շուրջ ընթացող տևական տոտալ պրեսինգն աստիճանաբար մոտենում է իր վերջնափուլին, և առաջիկայում կլինեն նոր հանգրվաններ։ Այն փաստը, որ իշխանություններն ամեն գնով փորձում են ՍԴ-ում իրենց քիմքին հաճելի կարգավորումներ ունենալ և սեփական քաղաքական «կրքերը» բավարարելու համար ամեն միջոց են կիրառում, համոզվեցինք վերջին ամիսներին տեղի ունեցող ցուգցվանգի արդյունքում։

Այսպիսով, Սահմանադրության փոփոխության հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին։

Զարմանալի չէ, որ Նիկոլի կազմակերպած այս խառնաշփոթին համաձայնեց մասնակից դառնալ նաև Արմեն Սարգսյանը՝ մեխանիկորեն ինքն էլ նույնպես թաթախվեց և մեղսակից դառավ այս հակասահմանադրական զարգացումներին։

Ստացվում է այնպես, որ Նիկոլը «ՍԴ օպերացիայի» համար պատրաստ է ցանկացած գին վճարել՝ միայն ունենալ, իր բնորոշմամբ՝ «անկախ դատական համակարգ»։ Եվ նման «անկախ» համակարգի մասին խոսում է մի մարդ, ում ԱԺ-ի վերջին ելույթը, որը նվիրված էր ՍԴ «բոլոլային», գրվել էր «սեփական» ՍԴ դատավորի կողմից, ավելին՝ նրա հայտնի նամակից բառացի պարբերություններ էին ցիտած։ Ըստ էության՝ այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ մի մարդու ցանկությունները բավարարելու համար կարող է խեղվել մի ամբողջ գործող մեխանիզմ։

Նիկոլը ու իր սատելիտները բնավ չեն թաքցնում, որ ՍԴ-ի նկատմամբ նման գործիքակազմ են կիրառում միայն մի պատճառով․ քանի որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է։ Հատկանշական է, որ նրանք չեն թաքցնում, որ իրենց քայլերն ու նպատակներն ակնհայտ քաղաքական են։

Այդ փաստը քանիցս ամրագրվեց նրանց խորհրդարանական ելույթներում և հնչեցրած թեզերում, որոնք լսելիս այնպիսի տպավորություն էր, ասես դրանք գրվել են նույն մարդու կողմից։ Իշխանություններն այս առումով ունեն շատ ցանկալի «կռուտիտի» տարբերակներ․ հաջողության դեպքում այնպիսի դիրքորոշում են ունենալու, թե «ժողովուրդն իրենց վստահում է ևս մեկ անգամ», կամ, որ ավելի արժանահավատ է՝ հերթական անգամ կհայտարարեն, որ «ժողովուրդը երբեք չի սխալվում և քվեարկել է իր խղճով»։Ձախողվելու դեպքում իշխանությունները, ըստ էության, դարձյալ մեղավոր կնշանակեն «սևերին» ու «հակահեղափոխականներին», կհայտարարեն, որ հանրաքվեն չի կայացել, քանի որ կիրառվել է հին մեթոդոլոգիան՝ «ժողովրդին մանիպուլյացրել են»։

Ակնհայտ է՝ Նիկոլը ամեն ինչ անելու է, որ հանրաքվեն կայանա, և բոլոր հնարքներով լծվելու են հանրաքվեն անցկացնելու գործին, իշխանական ողջ վարչական ռեսուրսն ի նպաստ են դնելու այդ գործում։ Սա նրանց համար հերթական թեստն է, որպեսզի համոզվեն, թե որքան է հանրությունը վստահում իրենց։ Այս հանրաքվեով պարզ է դառնալու, թե իրականում քանի հոգի է այս պահին կանգնած Նիկոլի կողքին, և քանիսն են դեմ նրա գործողություններին:

Ասել է թե՝ ապրիլի 5-ին սպասվող Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն օրվա իշխանությունների համար մի յուրահատուկ թեստ-դրայվ է՝ հասկանալու և որոշակիացնելու, թե փաստացի ինչ ռեսուրսի է տիրապետում։
Հ.Գ. Հանրաքվեն Նիկոլի համար սեփական ինքնագնահատականի մի յուրահատուկ միջոց է, որպեսզի իշխանափոխությունից երկու տարի անց հասկանա՝ արդյո՞ք նվազել է հեղափոխական էյֆորիան, թե՞, այնուամենայնիվ, այն դեռևս կա, և ժողովուրդը շարունակում է կուրորեն հավատալ ու վստահել «ժողովրդական» վարչապետին։
Հ.Գ.Գ. ..չկա մի անկյուն, որ տիրած չլինի ավազակությունը, անառակ և ցոփ կյանքը, բռնությունը...
Հովհաննես Թումանյան

Արթուր Թովմասյան