Հարցազրույց նախագահի հետ. «Մենք շատ ենք կտրվել հավասարածուռ ժողովրդից»

10/02/2020 10:54
Հարցազրույց նախագահի հետ. «Մենք շատ ենք կտրվել հավասարածուռ ժողովրդից»

-Բարև Ձեզ պարոն նախագահ. մի հարց կարելի՞ է.
-Նայած ինչ հարց, հարգելիս.

1.Եթե խոսքը նախագահի պարտականություններին է վերաբերվում՝ իջնենք Հրազդան ձոր՝ բարբեքյուի։
2.Եթե խոսքը Նիկոլին է վերբերվում, պաղպաղակ գնեմ իջնենք մնգո՝ պպզենք ... քեզ վանիլայի՞ն, թե՞ կաթիլային։
3.Իսկ եթե՞ խոսքը վերաբերում է հաջղարեցի Արուսի տալի կորած այծին, բարձրանանք Բաղրամյան 26։
-Պարոն նախագահ, Ձեզ շատ եմ խնդրում, վերջ տվեք Ձեր այդ դիվանագիտական ֆռիկներին... Արուսը, այծը, լոբով ճաշը՝ խոսքը կտուրը մի գցեք՝ հետևից֊առջևից բաներ եք պատմում։ Ձեզ տալիս ենք ընդամենը մեկ հարց՝ հույս ունենալով, որ դիվանագիտական երկար֊բարակ ճառեր չենք լսի.... կլսենք մարդկային սրտից բխող հստակ պատասխան՝ 

-Աժ֊ի հանրաքվեի մասին օրենքը ստորագրելու՞ եք, թե՞ ո՛չ... Դուք այդ նախագծին դե՞մ եք, թե՞ ո՜չ։
-Ասեմ՝ ջանիկս. ես՝ որպես նախագահ, չուզենալով ստորագրելու եմ այդ նախագիծը, բայց քվեարկության ժամանակ՝ շիրմի հետևում, դեմ եմ քվեարկելու, բայց իմ կինը՝ Նունիկը, չի ստորագրելու, թեև շիրմի հետևում՝ չուզենալով, կողմ է քվեարկելու...ամեն ինչ պետք է անել հավասարաչափ, հավասարազոր, որպեսզի երկրի համար ամեն ինչ լինի հավասարանպաստ, աշխարհի համար հավասարաբևեռ և կարելի է ասել մենք շատ ենք կտրվել հավասարածուռ ժողովրդից։ Իջնել է պետք երկնքից շատ հավասարածայր ճանապարհներով...
Երբ էյնշտեյնը վերջին անգամ այցելեց Սումատրա, նրա քարտուղարուհի Սարա Փենինգտոնը, եթե չեմ սխալվում, Պերֆորմանս պարբերականում հրատարակեց մաեստրոյի հուշերը՝ կապված երկրագնդի գլոբալիզացիոն և միակողմանի պտույտի հետ։ Ըստ վարպետի՝ աշխարհը անպատճառ պետք է պտտվի, իսկ եթե չպտտվի, դա կնշանակի, որ այն կլոր չէ և որոշ մարդիկ՝ լոմիկներով, այն կտեղաշարժեն, նամանավանդ, եթե հենման կետ լինի։ Բայց քանի որ բոլորս էլ հենման կետեր ենք փնտրում, պարտավոր ենք քայլել հավասարաչափ, մի քիչ շեղ, բայց գլոբուսի ընթացքին՝ ո՜չ այնքան համաչափ, բայց ո՜չ էլ այնքան հակառակ🙄
Աշխարհը թաղված է ռեզոնանսների, սև անցքերի, լուսանցքային շարժումների, ի՞նչ ասեմ՝ կյուլլոմեզոն, ալամեզոն, մարգինալ, դիդակտիկ.... հույսով եմ հստակ պատասխանեցի՝ այնպես չէ՞...
-Շա՜տ հստակ,շա՛տ, ըտենց հստակ նույնիսկ Սամրատ ֆիլմի սյուժեն չի...


Հարցազրույցը վարեց, պատասխաններն էլ ենթադրեց՝ Արմեն Արգինյանը