Նիկոլենք իրենց հակաօրինական գործողությունները փաթաթում են «անգրագետ» Պողոսի վզին

07/02/2020 13:34
Նիկոլենք իրենց հակաօրինական գործողությունները փաթաթում են «անգրագետ» Պողոսի վզին

Երեկ, ՀՀ գործող իշխանությունը ԱԺ-ում վերջնականապես արձանագրեց ժողովրդավարական մեխանիզմների մահվան սկիզբը: Մասնավորապես, ՍԴ-ին առնչվող օրենքի նոր փաթեթը ուղղված է ՍԴ-ի զավթմանը: Նիկոլն, իր թիմի հետ ոտատակ տալով օրենքները և ուշադրություն չդարձնելով, ինչպես միջազգային հարթակներից եկող, այնպես էլ բազմաթիվ տեղական մասնագետների նախազգուշացումներին, վերջնականապես հատեց կարմիր գիծը: Ազգային ժողովի պատգամավորները, այս նախաձեռնությանը կողմ քվեարկելով, ոտնահարում են դատական իշխանության անկախությունը, իշխանությունների բաժանման և հավասարակշռման, իրավունքի գերակայության սկզբունքները:
Այս ամենի ֆոնին ցավալի է նաև այն հանգամանքը, որ այս խայտառակությունը Նիկոլենք հերթական անգամ փորձում են փաթաթել ժողովրդի վզին: Այստեղ տեղին կլինի հիշել Պողոսի հարևան և ԱԺ պատգամավոր Բաբկենին, ով չէր ուզում, որ անգրագետ Պողոսն իր անգրագետ ընտանիքով ավելի մեծ դեր ունենա պետության համար կարևոր որոշումներ կայացնելուց, քանի ինքը՝ գրագետ Բաբկենը:

Կարելի է ասել, որ վերջիններս ժողովրդին պողոս են դիտարկում այն ժամանակ, երբ հասկանում են, որ հասարակությունը կարող է իրենց ոչ ձեռնտու որոշում կայացնել: Ինչ վերաբերում է այս դեպքին, գործող իշխանությունը շատ լավ գիտի, որ հակաիրավական գործընթացի է գնում և այս գործընթացը առանց հանրաքվեի իրականացնելու դեպքում վերջում բոլորը պետք է պատասխանատվություն կրեն, այդ իսկ պատճառով պատասխանատվությունը բարդում են ժողովրդի վրա՝ փորձելով հասարակությանը օգտագործելով տապալել սահմանադրական կարգը:

Պարադոքս մեդիա