Թիրախավորել է բանակը, գեներալիտետը, սպայակազմը

03/02/2020 12:21
Թիրախավորել է բանակը, գեներալիտետը, սպայակազմը

Պատգամավոր Արման Բաբաջանյանը հերթական անգամ աչքի է ընկել իր «մտքի փայլատակումներով», գրառում է կատարել բանակում տիրող մթնոլորտի մասին ու «լուծումներ առաջ քաշել»։ Բայց կարդում ես գրառումը ու սարսափում՝ նա լուծումնե՞ր է առաջ քաշում, թե՞ ատելության մթնոլորտն էլ ավելի է թեժացնում։ Տեսեք, մեջբերում եմ նրա գրառումից մի քանի հատվածներ՝
-Հայկական բանակում բույն է դրել հանցավորությունը և բարձրագույն զինվորականությունը պաշտպանում է քրեական ենթամշակույթը։
-Հայկական բանակում ներկայումս ուղղակիորեն պատերազմ է ընթանում զինծառայողների և առաջին հայացքից աներևույթ մի տականքի հետ:
-Գեներալիտետով «կոդ ընկած» բանակը շարունակելու է իրար հետևից գցել հայ երիտասարդներին, հայոց պետականությանը
Ու այդպես շարունակ․․․
Գրառումը լավ տարածվում է հայկական սոցիալական տիրույթում, իսկ կայքերի մեկնաբանությունների բաժնում հիմնականում ֆեյքերով թիրախավորվում են բանակը, գեներալիտետը, սպայակազմը։ Կարծիքներ են գրված՝ Արցախ զինվոր չուղարկելու և այլնի մասին։ Համոզված եմ, որ ֆեյքերի կեսը ադրբեջանական են, որոնք բավականին հաջող «մտել են» թեմայի մեջ ու թունոտ տրամադրություններ են բորբոքում։
Էն, որ բանակում քրեական բարքերի համար պետք է պայքարել, դա միանշանակ է, բայց նաև պարզ է, որ բոլոր դժբախտ դեպքերը կանխատեսել կամ հաշվարկելը բավականին դժվար գործ է։

Նման թեմաներով քննարկումները և բաց տեքստով հիմնականում սպայակազմին թիրախավորելը ուղղակի անպատասխանատու արարք է ու դատապարտելի է, որ հատկապես զինված ուժերից գաղափար չունեցողն է քննադատում, թունավորում բանակը։

Շիրազ Խաչատրյան