Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության շնորհավորանքը՝ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ

27/01/2020 20:59
Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության շնորհավորանքը՝ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության շնորհավորանքը՝
Հայոց Ազգային Բանակի կազմավորման
28-րդ տարեդարձի առթիվ
1992 թվականի հունվարի 28-ին Հայն ու Հայաստանը ձևավորեցին և ստեղծեցին անկախ ու ինքնիշխան հայ ժողովրդի Ազգային Բանակ, որն իր ստեղծման օրվանից վահան դարձավ՝ կռվելով ու պաշտպանելով մեր՝ իր առաջին քայլերն անող  նորանկախ պետականությունը: 
Համայն հայության անգերազանցելի հպարտությո՛ւն, Հայ Ազգի մարտունակ ոգու կենդանի վկայությո՛ւն, Հայրենիքի սի՛րտ և ազգային գենի գլխավոր զարկերա՛կ, ազգային ինքնության բացառիկ խորհո՛ւրդ, մեր վերհառնումի ազգապահպան ո՛ւժ ու անկոտրում կա՛մք, հայրենի հողի պաշտպանության զինվորագիր երդո՛ւմ ու հաղթանակների հավատա՛մք, Հայի և Հայաստանի ո՛ւժ և զորությո՛ւն, անվտանգությո՛ւն և հուսալի թիկո՛ւնք, մեր բազմանվաճ հաղթանակների զե՛նք, դարավոր ոսոխի մշտարթուն ահ ու սարսա՛փ Հայոց Ազգային Բանակ՝ ի դեմս գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, շարքային զինվորների, պայմանագրային զինծառայողների  և Հայ ժողովրդի,  «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության և անձամբ իմ անունից, ջերմորեն շնորհավորում եմ  համահայկական տոնի՝ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով զորավոր ուժի և հասուն բանականության միասնություն, անխոցելի մարտավարություն, բարձրագույն ռազմարվեստի տիրապետման նախնյաց ժառանգություն, աննահանջ հայրենապաշտություն և Հայրենիք պահող անբեկանելի երդում: 
Հայո՛ց Բանակ, քո փորձով ու մարտունակությամբ, արծիվ զավակներիդ հեռատեսությամբ ու երդմնապահ հավատարմությամբ, արցախյան հաղթանակների փառքով ու վեհությամբ, արցախյան և ապրիլյան պատերազմների անմոռաց քաջությամբ շարունակիր զարդարել փառքիդ պսակը՝ որպես մահացու օղակ թշնամու պարանոցին և անառիկ բերդ հայոց սահմաններին:


«Վախի բացակայությունը չէ արիությունը. այն սեփական վախին դիմակայելն է»:


Ուրեմն, արիությո՛ւն ու անսասան նվաճումնե՛ր քեզ, սահմանապա՛հ և հայրենապա՛հ  Հայոց  Ազգային  Բանակ:
«Հայոց Արծիվներս» հպարտ ենք, որ ականատեսն ու ուղեկիցն ենք քո անցած փառավոր ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք քո երդվյալ զինվորը՝ միշտ քո կողքին, միշտ քո շարքերում։
Խոնարհվում ենք Հայաստանի ու Արցախի պանթեոններում հանգչող բոլոր քաջերի հիշատակի առջև և ասում. «Դուք հավատացիք ազգի ու հայրենիքի սուրբ հարատևությանը՝ Հայաստանի վաղվա օրվան,  ու զոհվեցիք հանուն մեզ, հանուն գալիք սերունդների»։ 
Հավերժ փա՜ռք բոլոր ժամանակներում զոհված անմահ նահատակներին։
Փա՜ռք Հայոց Ազգային Բանակին:
Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը:
Աստված պահպանի Հայաստանը, Արցախը, Հայ Ազգը  և Հայոց Սուրբ Հողը։
                                      
«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան»   
կուսակցության  նախագահ`  Խաչիկ  Ասրյան