Չինաստանը Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը

23/01/2020 13:43
Չինաստանը Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը

Չինաստանի իշխանությունները երկրում բռնկված 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակի ֆոնին հիվանդության էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքի բնակչությանն արգելել են լքել քաղաքը: 
Իշխանությունների կարգադրությամբ՝ արգելվել է Ուհանից հանրային տրանսպորտի դուրս գալը: Խոսքն ավտոբուսների, մետրոյի, նավերի, գնացքների և օդանավերի մասին է: Բնակիչները միայն քաղաքի ներսում տեղաշարժվելու հնարավորություն ունեն:
Չինաստանում բռնկված 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակով վարակված մարդկանց թիվը շարունակում է ավելանալ: Այժմ հաղորդվում է 571 մարդու վարակման մասին, որոնցից 95-ը գտնվում են ծանր վիճակում:
Նշվում է, որ հունվարի 22-ին արձանագրվել է հիվանդության նոր վարակման 131 դեպք: Բոլոր մահացածները, որոնց թիվը 17 է, 65 տարեկանից բարձր մարդիկ են: Վարակման դեպքեր են արձանագրվել Հոնկոնգում, Մակաոյում և Թայվանում: Բժիշկները հետևում են ևս 4928 մարդու, որոնք շփում են ունեցել հիվանդների հետ: