ՀՀ գլխավոր դատախազությունը «թքած ունի» կալանավորի առողջական վիճակի վրա. Պաշտպան

20/01/2020 16:18
ՀՀ գլխավոր դատախազությունը «թքած ունի» կալանավորի առողջական վիճակի վրա. Պաշտպան

Վրաստանը պատրաստ է փոխել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած կալանավոր Սուրեն Գաբրիելյանի խափանման միջոցը՝ կալանավորումը: Այդ մասին Վրաստանի Գլխավոր դատախազի տեղակալը տեղեկացրել է կալանավորի կնոջը:


«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Սուրեն Գաբրիելյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ իր պաշտպանյալի խափանման միջոցը կփոխարինվի գրավով:
Նշենք նաև, որ պաշտպանը ՀՀ գլխավոր դատախազությանը միջնորդություն է ներկայացրել՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն Գլխավոր դատախազությունը պատասխանել է, որ այդ հարցին կանդրադառնան միայն կալանավորին արտահանձնելուց հետո:
Պաշտպանը նշեց, որ Սուրեն Գաբրիելյանի վիճակը ծանր է, նա դեռևս շարունակում է գտնվել Վրաստանում՝ դատապարտյալների հիվանդանոցում, և վրացիները մարդասիրական մոտեցում են ցուցաբերում Գաբրիելյանի նկատմամբ, ամբողջ բուժումը, վիրահատության ծախսերը հոգում են, իսկ Հայաստանում կալանավորը ինքն է սեփական միջոցներով այդ ծախսերը հոգացել:
Հավանական է, որ վրացական կողմը կալանավորին կարտահանձնի, սակայն, ըստ պաշտպանի, վրացական կողմը զարմացած է, որ «անձը ծանր վիճակում է, իսկ Հայաստանը ինչի հետևից է ընկել»:
Ըստ պաշտպանի՝ արտահանձնումը կտևի մոտավորապես 4-5 ամիս, իսկ այդ ընթացքում չի բացառվում, որ իր պաշտպանյալի վիճակն էլ ավելի վատանա:
Հիշեցնենք, որ կալանավորը տառապում է լյարդի ցեռոզ և շաքարախտ հիվանդություններով: Այդ մասին են վկայում է ըստ պաշտպանի, դատաբժշկական փորձաքննության 2 եզրակացությունները և հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը:
«Հայաստանի Գլխավոր դատախազությունը թքած ունի այդ հանգամանքի ու օրենքների վրա»,- ընդգծում է պաշտպանը՝ հավելելով, որ Գաբրիելյանը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որն ընդգրկված է ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի, ինչպես նաև՝ կառավարության համապատասխան որոշման հավելվածում, այսինքն՝ «պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում»:
Հիշեցնենք, որ Սուրեն Գաբրիելյանը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերի խարդախության, փողերի լվացման մեջ: Իսկ փախուստի փաստի առթիվ Երևանի Կենտրոնի քննչական մարմնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածով:
Գաբրիելյանն իրեն առաջադրված մեղադրանքներում մեղավոր չի ճանաչում, իսկ կալանավորվել է մեկ տարի առաջ: Այս տարվա մայիսից մինչև սեպտեմբերի 16-ը՝ մինչև փախուստի դիմելը, գտնվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: