Մարզպետն իր «դիժուռնի» ցուցարարին ցուգցվանգ արեց...

10/01/2020 21:06
Մարզպետն իր «դիժուռնի» ցուցարարին ցուգցվանգ արեց...

Դե նորաշենցի հողը ճանկռի, հարկ վճարի, որ իրենք իրենց 250 տոկոսի չափով պարգեւատրեն

Այսօր, Արարատի մարզի Նորաշեն համայնքի նորընտիր ավագանին նիստ էր հրավիրել: Օրակարգում  երկու հարց էր՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանի ինքն իրեն 300 հազար դրամի պարգեւավճար տալը եւ համայնքապետի տեղակալի անօրինական ազատումն ու մեկ ուրիշին նշանակելը:
Ավագանու անդամներին զայրացրել էր, որ մարզպետի նշանակած կադրը՝ Արտակ Հարությունյանը, 3 ամիս աշխատելուց հետո ինքն իրեն պարգեւատրել է 300 հազար դրամով: Նրանցից ավագը՝ Սամվել Մինասյանը մեջբերում անելով օրենքից, շեշտեց, որ համայնքապետի ԺՊ-ն ինքն իրեն չի կարող պարգեւատրել, քանի որ նա ոչ թե համայնքի կողմից ընտրված անձ է այլ նշանակված է մարզպետի կողմից, կնշանակի, որ ԺՊ-ին կարող է պարգեւատրել մարզպետը՝ մարզպետարանի միջոցների հաշվին:
Լրագրողի այն հարցին, թե՝ քանի որ մարզում Արտակ Հարությունյանը հովանավորվում է Գարիկ Սարգսյանի կողմից, հնարավո՞ր է, որ հենց Գարիկ Սարգսյանն է նրան խորհուրդ տվել ինքն իրեն պարգեւատրել, քանի որ այդ հարցում մարզպետը պրոֆեսիոնալ է, Ա. Հարությունյանը պատասխանեց.
-Գրավոր հարցրեք կպատասխանեմ:
-Ձեզ ժամանա՞կ է հարկավոր պատասխանը մտածելու համար:
-Դա արդեն երկրորդ հարցա:


Հեղափոխությունը խժռում է իր զավակներին

Մարզպետ Գարիկ Սարգսյանն իր «դիժուռնի» ցուցարար Էդուարդ Չոբանյանին ցունգ ցվանգ արեց...
Մասնավորապես, Նորաշենի ավագանին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարից պահանջեց անօրինական ճանաչել Է. Չոբանյանին համայնքապետի տեղակալի պաշտոնին նշանակելը եւ համայնքի հաստիքացուցակից հանել համայնքապետարանի վարորդի եւ համայնքապետի տեղակալի հաստիքը, փոխերնն աշխատանքի ընդունել ավագ մասնագետի՝ գյուղատնտեսի, ով այգեգործությամբ զբաղվող նորաշենցիների համար ավելի օգտակար կլինի:

Ավագանու որոշումն ընդունվեց 5 կողմ, 2 դեմ եւ մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ:

Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքի համար անհամատեղելի պայմաններ է ստեղծել ոչ յուրային աշխատակիցների համար, եւ նրանք հերթով ազատման դիմումներ են ներկայացնում: Նրանցից մեկը Միսակ Ստեփանյանն է եղել, նախկին համայնքապետի տեղակալը, ում աթոռը Արտակ Հարությունյանը, մարզպետ Գարիկ Սարգսյանի միջոցով խոստացել էր Էդուարդ Չոբանյանին: Աշխատանքային օրենսգրքի կետերը խախտելով, այն է՝ ազատման դիմումի 3 աշխատանքային օրը դեռ չլրացած, Արտակ Հարությունյանը ազատում է Միսակ Ստեփանյանին եւ նշանակում Է. Չոբանյանին: Վերջինս էլ նշանակման առաջին իսկ օրը չի ներկայանում, սակայն ետին թվով ստորագրում է տաբելը՝ առավոտյան ներկայանալու եւ աշխատանքային օրվա ավարտին հեռանալն արձանագրելով:

Նշենք, որ ավագանու նիստից անմիջապես հետո, Արտակ Հարությունյանը սլանում է իր խորհրդատուի՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ վերջինս էլ սառը ցնցուղի էֆեկտով համայնքապետի ԺՊ-ին ասում է, որ այդ երկու պաշտոնները հանեն հաստիքացուցակից:

Հ.Գ. 1Ըստ կառավարական մեր հավաստի աղբյուրների, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մինչեւ վերջին կաթիլը զզվեցրել է իր կուսակցապետ Նիկոլ Փաշինյանին ու վերջինս խիստ հրահանգել է զերծ մնալ սկանդալային պատմությունների մեջ հայտնվելուց: Թերեւս սա է պատճառը, որ կենսաբանության եւ անատոմիայի քաջ գիտակ մարզպետը որոշել է շարժվել օրենքով:

Հ.Գ. 2Նշենք, որ Գարիկ Սարգսյանն ու Արտակ Հարությունյանը, դեկտեմբերի 8-ին կայացած ընտրություններին թույլ չէին տվել Է. Չոբանյանին առաջադրել իր թեկնածությունը ավագանու ընտրություններին, նրան խոստանալով համայնքապետի տեղակալի պաշտոնը, սակայն... համայնքը զորավոր է: