Վաղարշապատի դպրոցում դասադուլը շարունակվում է

08/01/2020 16:19
Վաղարշապատի դպրոցում դասադուլը շարունակվում է
Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցում դասադուլ է։
Այս մասին այսօր հունվարի 8–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց այդ դպրոցի
աշակերտի ծնող Արմեն Սահակյանը։

Նրա խոսքով՝ թույլ չի տվել, որ երեխան դպրոց գա, քանի որ իրենք շարունակում են դեմ լինել նորանշանակ տնօրենի նշանակմանը։

«Դպրոցում հիմա շատ անորոշ վիճակ է, միայն ուսուցիչներն են եկել, նորանշանակ տնօրենն էլ չի եկել։ Ես իմ երեխուն չեմ ուղարկել դպրոց ու չեմ ուղարկի այնքան ժամանակ, մինչեւ այս հարցը լուծում չստանա։ Նորանշանակ տնօրեին դպրոցից հանել են իր վատ վարքի պատճառով, եւ մենք չենք ուզում, որ նա մեր դպրոցում տնօրեն լինի։ Ոչ մարզպետարանն է արձագանքում, ոչ էլ Կառավարությունը, չնայած որ վերջինս խոստացել էր արձագանքել»,– ասաց Սահակյանը։

Նրա խոսքով՝ իրենք տնօրենի անձի դեմ ոչինչ չունեն, բայց որպես մասնագետ չեն ընդունում, եւ իրենց պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ նա հեռանա։

Նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց իր դպրոց չգնալու լուրը. «Դպրոց դեռ չեմ գնացել, բայց պարտադիր գնալու եմ, քանի որ ընդունում–հանձնում պետք է կատարվի։ Հանձնաժողովի անդամների հետ միասին կգնամ, չգնալու պատճառը միայն դա է»։