Զովաբերի նախկին ղեկավարի ինքնաբացարկն ու նոր ղեկավարը. Խաչիկ Բաղդասարյան

24/12/2019 19:13
Զովաբերի նախկին ղեկավարի ինքնաբացարկն ու  նոր ղեկավարը. Խաչիկ Բաղդասարյան

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում դեկտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրություններում 160 ձայնի առավելությամբ հաղթել է Խաչիկ Բաղդասարյանը, ով նախկին ընտրությանը քիչ ձայներով պարտվել էր նախկին համայնքապետ՝ Սամվել Եսայանին:
Վերջինս, վատառողջ լինելու  պատճառաբանությամբ ինքնաբացարկ է հայտնել: Սամվել Եսայանը սրտի ծանր վիրահատություն է տարել:
-Անցյալ ընտրությանը ընտրական աղտը՝ կաշառքը ձեթի և գումարի տեսքով որոշիչ դարձավ,այլապես Խաչիկ Բաղդասարյանը կհաղթեր,-պատմում էին տեղաբնակները,- Սա լավ դաս եղավ ու զովաբերցիներն այս անգամ մեկ մարդ դարձած ընտրեցին նրան:
Հիշեցնենք, որ ընտրված համայնքապետն աշխատում էր ՀԷՑ Սեւանի մասնաճյուղում, որպես՝ տրանսպորտի բաժնի պետ:
-Պրն Բաղդասարյան, մոտ 1700 բնակիչ ունեցող Զովաբեր համայնքը, ըստ մեր բլից հարցումների՝ մեծ ակնկալիքներ ունի ձեզանից, արդարացնելո՞ւ եք նրանց հույսերը:
-Անշու՛շտ:Գալիս եմ գործեր ու ծրագրեր իրագործելու: Սա մեր պապենական ծննդավայրն է, ինձ տված յուրաքանչյուր քվեն, պարտավորեցնող է:
-Ըստ ձեզ, որո՞նք են առաջնահերթ խնդիրները, որ հրատապ լուծում են պահանջում:
-Գյուղացու համար թիվ մեկ ցավոտ խնդիրը, դա ոռոգման ջրի կարգավորումն է:Խորքային ջուր պետք է հանել,ապահովել ներքին ցանցը:Սկսելու եմ այդտեղից:Զովաբերի գլխավոր և երկրորդական ճանապարհները կարիք ունեն  խճապատվելու ու հարթեցվելու: Հաջորդը՝ աղբահանությունն է, մաքրել է պետք Զովաբերը, տարիներով կուտակած աղբից ու ուտիլից: Գերեզմանոցն ընդլայնելու խնդիր ունի: Նպատակ եմ դրել սգո և հանդիսությունների անվճար սրահ բացել, դրանով մեղմել համագյուղացիներիս սոցիալական բեռը: Թեև համայնքն ունի խմելու ջուր, սակայն, ներքին ցանցը վերանորոգման պահանջ ունի, սա էլ է ցավոտ խնդիր:Որ նստեմ  թվեմ, անթիվ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում: Կարծում եմ, բարի կամք դրսևորելու դեպքում կկարողանամ լուծել, կապրենք, կտեսնենք:
Հ.Գ.Զովաբերում 1,5 տարի հետո ավագանու ընտրություններ են կայանալու:Նոր համայնքի ղեկավար ու նոր ավագանիներ,թարմ ուժեր, որոնք կլծվեն համայնքի շահերի պաշտպանության համար:Ժամանակը ցույց կտա, ով ինչպես է գնահատում պետական ու ազգային շահը:Հետևողական ենք լինելու, զովաբերցինե՛ր, հետևեք մեր հրապարակումներին ու մենք կտեղեկացնենք այն ամենը ինչը հուզում ու անհանգստացնում է ձեզ:
 Ամալյա Սահակյան