Նրանք իրենց կյանքը մեր երկրի համար չխնայեցին...

19/12/2019 16:28
Նրանք իրենց կյանքը մեր երկրի համար չխնայեցին...

 Ամիսներ առաջ HZHAM.am-ն անդրադարձել էր Արցախի ազատագրական ճակատամարտում նահատակված Հարություն Բաղդասարյանի ընտանիքին: Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ Արագածոտնի մարզի Թաթուլ համայնքի բնակիչները խնդրել էին կայքի միջոցով բարձրաձայնել իրենց համագյուղացի հերոսի ընտանիքի խնդիրների մասին, նրանց հատկապես զայրացրել էր այն փաստը, որ  հերոսի ընտանիքը մեր օրերում իր հոգսերի հետ մնացել է միայնակ, իսկ հերոսի անունը չի հիշատակվում:

Մեր հրապարակումից ամիսներ անց՝ դեկտեմբերի 9-ին, Թաթուլ գյուղում մեծ շուքով նշվել է արցախյան հերոսամարտի զոհված հայորդու՝ Հարություն /Արթուր/ Բաղդասարյանի 55-ամյակը:

 Հարություն Բաղդասարյանի անունը հավերժացնող վահանակն այսօր զարդարում է Թալին քաղաքից դեպի Թաթուլ գյուղ տանող ճանապարհը։  Թալինի տարածաշրջանի ազգաբնակչությունը խրախուսում է այս հանգամանքը եւ տեղեկացնում, որ հաջորդ տարին նույնպես նշանավոր է լինելու գյուղի համար, քանի, որ 2020 թ-ին կլրանա Հայաստանի ազգային հերոսի՝ Թաթուլ Կրպեյանի 55-ամյակը, ինչպես նաեւ Թաթուլ գյուղի 100-ամյակը։

-Մենք իրավունք չունենք ուրանալու եւ մոռանալու մեր խաղաղ ու ապահով կյանքի համար կռված մեր երեխաներին, նրանց արյունը չգնահատել չի կարելի։ Ինչքան էլ դժվար է կյանքը, այնքան մենք պետք է համախմբվենք ու միասնական լինենք, թշնամին անգութ է, չպետք է լացենք, թե հաց չունենք ուտելու, փող չունենք ծախսելու՝ մեր կենցաղային կարիքները հոգալու համար։ Էս տարի կարկուտն ու երաշտը չթողեց, որ գյուղացին հաց քաղի կամ ուրիշ բերք հավաքի, պետություններ դեռ չի փոխհատուցել, բայց էլի չենք դժգոհում, սպասում ենք, հարկեր ու տուրքեր ենք վճարում։ Հայրենիքի սահմանների անառիկ ու ապահով լինելն է մեզ համար կարեւոր, պատերազմներ տեսած ժողովուրդ ենք, քարից հաց քամող հայ ենք։ Մեր պապերին պարտք ենք, հին ժողովուրդ ենք, պարտավորություններ ունենք։ Ջուրն ունենք, հացն ունենք ստեղծում ենք, Թալինի տարածքի մարդիկս հայրենասերներ ենք լացող չենք, ինչքան պետք լինի, կդիմանանք հանուն մեր երկրի, հանուն մեր ապագա սերունդների, հանուն մեր հայ ազգի ավանդույթների ու հայ մնալու գաղափարին,-հպարտությամբ ներկայացնում են տարածաշրջանի մեր զրուցակիցները։