Մեր ապրուստն ի՞նչ է... մինչեւ դեկտեմբերի 30-նն էլ վարկ ենք մարում

19/12/2019 16:07
Մեր ապրուստն ի՞նչ է... մինչեւ դեկտեմբերի 30-նն էլ վարկ ենք մարում

Հանրապետությունում նախատոնական տրամադրություններին զուգահեռ համայնքներում ինտենսիվ կերպով կատարվում են 2019-ի սեփական եկամուտների հավաքագրումները: Մարզերում բնակիչներին ուղղված այն հարցին, թե ամանոր նշելուն զուգընթաց դժվարանո՞ւմ են պետական պարտավորությունները կատարելուց, գրեթե ամեն տեղ նույնաբովանդակ պատասխաններ ենք ստանում։
-Պետական աշխատանք, որ ունենանք ժամանակին կվճարենք, բայց գործազուրկ ենք, ամեն ընտանիքից դրսում աշխատող կա, սպասում ենք, որ ռուսաստաններից ետ գան, կամ նոր տարվա շեմին անասուն մորթենք, ծախենք, որ հարկեր տանք։ Ռուսաստանն էլ առաջվանը չի, եկողն էլ պարտքերն է տալիս, ու նորից գնում բանկերից վարկ վերցնի, յոլա գնա մինչեւ գարուն։ Նայած, թե երբ կգան, դաժե դեկտեմբերի 30-նին էլ տանում ենք մեր պարտքերը տանք։ Չնայած, որ երաշտ տարի էր, կարկուտն իր հերթին, բնական աղետներն էլ իրենց հերթին գյուղացուն օր ու արեւ չտվեցին։ Էս տարի հացի դաշտերում կոմբայնն էլ չմտավ, որ հաց քաղեր, էլ խեղճ գյուղացուն ի՞նչ եկամուտ։ Որ մեկս ինչքան կարանք, կամ երբ հասցրեցինք տանում ենք վճարենք։ Մի քիչ էլ պետությունը թող սպասի, օգնի մինչեւ պարտքերի բեռից թեթեւանանք։ Նոր տարի է գալիս, տեսեք մի ուրախ մարդ կտեսնե՞ք, էնքան, որ տունը երեխաներ կան, բարեկամի տեր ենք, ուզենք, թե չէ պետք է սեղան սարքենք ու մինչեւ մյուս նոր տարի պարքեր փակենք։ Գյուղացին է էսօր երկիր պահող կերակրողը, բայց երկրում իբրեւ հեղափոխություն եղավ, է գյուղացուն ի՞նչ, էլի նույն չարքաշ, տանջվածներն ենք։ Գարունը կբացվի ոչ սերմացուի, ոչ էլ վառելիքի հույս ու խոսակցություն կա, դե արի հարկեր տուր, կամ տուն պահի,- տրտնջում են մարդիկ։