Հրավիրում ենք ՀՀ Ոստիկանապետի ուշադրությունը. ոստիկանությունը հերթական անգամ կկոծկի՞ հանցագործությունը(Տեսանյութ)

12/12/2019 14:54
Հրավիրում ենք ՀՀ Ոստիկանապետի ուշադրությունը. ոստիկանությունը հերթական անգամ կկոծկի՞ հանցագործությունը(Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն թվականի դեկտեմբերի 8-ին, Արարատի մարզի Նորաշեն համայնքի թիվ 12/2 ընտրատեղամասում իր մասնագիտական գործունեությունն իրացնելիս, մեր կայքի լրագրող Աննա Գեւորգյանը ենթարկվում է բռնության՝ նույն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանի, ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Չոբանյանի, Գեղամ ու Համիկ Չոբանյանների կողմից:
Բացի այն, որ սույն անձինք խոչընդոտում են լրագրողի աշխատանքը, նաեւ վիրավորում ու քաշքշում են նրա թեւերից(փաստի վերաբերյալ տեսաձայնագրությունները փոխանցվել են ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննիչ Ա. Սարգսյանին: Հեղ.):

Դեպքի վայրում գտնվող ոստիկանները դիմում եւ բացատրություն են վերցնում լրագրողից, այժմ ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Պարոն Ոստիկանապետ, այս օրերին ոստիկանների գործողոթյուններն ու հարցադրումները ստիպում են մտածել, որ հերթական անգամ, Արտակ Հարությունյանի կողմից կատարված խուլիգանական արարքները մնալու են անպատիժ: Ուստի, խնդրում ենք այս գործը Ձեր անմիջական հսկողության տակ առնել, եւ ապացուցել, որ ոստիկանությունը ՀՀ քաղաքացու շահերի պաշտպանն է, այլ ոչ թե օրվա իշխանության:
Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբեր ամսին, Արարատի մարզպետարանի բակում, խուլիգանության եւ ոստիկանների հանդեպ բռնություն իրականացրած Արտակ Հարությունյանն այդպես էլ մնաց անպատիժ, «անտեսանելի ձեռքը» նրան ազատել էր պատասխանատվությունից:
Թերեւս դրանով է աքլորացել ԺՊ-ն, որ ոստիկանի ուսադիրները ոտնահարելուց հետո, հիմա էլ անցել է չորրորդ իշխանությանը:
Մանրամասները՝ տեսանյութում