Կայացել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության 500 հարյուրապետերի ժողովը (Լուսանկարներ)

09/12/2019 22:03
Կայացել է «Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան» կուսակցության  500  հարյուրապետերի  ժողովը (Լուսանկարներ)

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին Երևանում տեղի է ունեցել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության  փակ  ժողովը: Ժողովին  մասնակցել են «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմը՝ Նախագահությունը, Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովը, Կուսակցության կողմից Հայաստանի 17 քաղաքներում հիմնադրված 17 մասնաճյուղերի ղեկավար կազմերը, Կուսակցության 500 հարյուրապետերը, 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից  «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի անդամները,  հրավիրված հարգարժան հյուրեր, այդ թվում հյուրեր՝  Արցախից:

Ընդհանուրը՝ 713 մարդ: Ժողովին, որպես հրավիրված հատուկ հյուրեր, ներկա էին պետական-քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Ժողովի սկզբում՝ «Հայաստանի Հանրապետության վարած  և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության վերլուծություն. գործող իշխանության ամբոխավար, ազգակործան, հակապետական ու հակազգային գործունեության հետևանքները  և դրանց վերաբերյալ քաղաքական եզրահանգումները» թեմայով.  զեկույցով հանդես եկավ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահի գլխավոր խորհրդական, ազատամարտիկ, գնդապետ, պատմաբան-հասարակագետ Վոլոդիա Հովհաննիսյանը։  
Ելույթով հանդես եկավ նաև Կուսակցության Նախագահի խորհրդական, սահմանապահ զորքերի պահեստազորի գնդապետ Աշոտ Սարգսյանը:
Այնուհետև՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանը ներկայացրեց Հայոց պետականությունն անընդհատ զարգացնելու և հզորացնելու, քաղաքական ներքին և արտաքին իրավիճակը կայունացնելու, տնտեսական  ու ռազմական ոլորտները գերհզորացնելու, ինչպես նաև Հայ ժողովրդի բարեկեցության մակարդակն անընդմեջ բարձրացնելու նպատակով Հայաստանում նոր՝ ազգային-պետական իշխանություն ձևավորելու իր ծրագրային ելույթը, որում մանրամասն անդրադարձ կատարեց   «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության սկսած պայքարի ծրագրին, նպատակներին, խնդիրների  լուծման  ուղիներին: Խաչիկ Ասրյանը հրապարակեց Հայաստանի գործող ապազգային իշխանություններին հեռացնելու՝ Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսված քաղաքական գործողությունների ճանապարհային քարտեզն ու կոնկրետ հանձնարարականներ տվեց «Հայոց Արծիվներին»: 
Իր ելույթում Կուսակցության Առաջնորդն անդրադարձ կատարեց իր կողմից արդեն իսկ հրապարակված 11 հեղափոխական ծրագրային որոշումներին, որոնք իրականացվելու են «Հայոց Արծիվներ.  Միասնական Հայաստան» կուսակցության կողմից՝ հաղթանակած հերոս հայ ժողովրդի աջակցությամբ  իշխանության գալուց անմիջապես հետո: Հեղափոխական այդ 11 որոշումներն են. 
Հայաստանի ամբողջ ընդերքի ազգայնացում և դրանից ստացված բազմամիլիարդանոց եկամուտի օգտագործումն ազգային-պետական նպատակների իրականացման համար, 
անվճար կրթություն և առողջապահություն, ծնելիության մակարդակի շարունակական աճ և աջակցություն նորաստեղծ ընտանիքներին, 
մանր և միջին բիզնեսը երեք տարով հարկերից ազատում, 
համայնքների խոշորացման ծրագրի դադարեցում և վերադարձ նախկին համակարգին,
անցումային արդարադատության իրականացում. ապօինությունների և կոռուպցիոն սխեմաների բացահայտում՝ սկսած 1990թ. օգոստոսի 23-ից՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվանից, 
աջակցություն զանգվածային լրատվամիջոցներին, 
լուրջ աջակցություն  գիտության զարգացմանը, հատկապես ատոմային գիտությանը, հատուկ ուշադրություն ռազմարդյունաբերության զարգացմանը, 
անընդհատ հզորացնել Հայոց Ազգային Բանակը՝ որպես Հայաստանի, Արցախի և Հայ ազգի անվտանգության երաշխավոր, 
Արցախի հիմնախնդիրը լուծված է և անգամ խոսակցություններն ինչ-որ տարածքներ հանձնելու մասին դավաճանություն են, ընդհակառակը պետք է ձեռնամուխ լինել հայկական պատմական Նախիջևանի՝ Հայաստանի Հանրապետության վերամիավորմանը,
Սփյուռքադարձություն՝ Հայաստան, որի  գլխավոր նպատակը Սփյուռքում  բնակվող  հայ   ընտանիքների   վերադարձն է հայրենիք, ուր նրանք   կկառչեն   Հայոց Սուրբ  հողից  և  կկայանան  Հայոց  Սուրբ  հողի  վրա,
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հստակ կողմնորոշվածության հայտարարում՝ ի դեմս Հայաստանի  և  Ռուսաստանի   ազնիվ,   անփոխարինելի  բարեկամության:
Իր ելույթի վերջում կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանը ներկայացրեց Հայաստանի ապազգային իշխանություններին շատ շուտով հեռացնելու՝ Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսված քաղաքական գործողությունների ճանապարհային քարտեզը և կոնկրետ հանձնարարականներ տվեց «Հայոց  Արծիվներին»: Ճանապարհային քարտեզի յոթ կետերը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Առաջին․ Հայո՛ց Արծիվներ,  կոչ եմ  անում  Ձեզ՝  աչքի  լույսի  պես  պահել,  պահպանել, փայփայել Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունը պահպանող՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովող ուժային բոլոր կառույցները՝ Հայաստանի Հանրապետության Ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն և Հայոց Ազգային Բանակ՝ անկախ նրանից, թե այս պահին ապազգային ինչպիսի քաղաքական թիմ է իրենից ներկայացնում Հայաստանի իշխանությունը։
Երկրորդ․ Հայո՛ց Արծիվներ, մենք՝ որպես Կուսակցություն, ոչ մի խնդիր չունենք՝ կապված  Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի հետ և գիտե՞ք՝ ինչու, որովհետև Փաշինյան Նիկոլն անգամ ներկա չէ, նա անցյալ է։ Մեր խնդիր-նպատակը մեկն է․ Փաշինյան Նիկոլի կողմից առաջիկայում Հայաստանի Վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո, հաղթանակած հերոս հայ ժողովրդի աջակցությամբ,  Հայաստանում ձևավորել ազգային-պետական իշխանություն, և հենց այդ նույն՝ ազգային-պետական իշանությունը, ողջ Հայության աջակցությամբ, ամենօրյա 24-ժամյա ռեժիմով  կկառուցի Քրիստոնյա, մեծ և հզոր միասնական Հայաստան։
Ավելին՝  «Հայոց  Արծիվներ.   Միասնական  Հայաստան»    կուսակցությունը գերնպատակ է համարում՝ հաղթանակած հերոս հայ ազգի շնորհիվ իշխանության  գալուց  անմիջապես հետո  իրականացնել  Սահմանադրական փոփոխություններ, որի արդյունքում էլ ստեղծել նախագահական կառավարման  ուժեղ  համակարգ և «Հայաստանը հռչակել Պետություն՝ Հայերի համար», որտեղ  կհարգվեն  մյուս բոլոր  ազգերի  իրավունքներն  ու պարտականությունները, սակայն, մենք չենք ուզում տեսնել Հայաստան, որտեղ 2040 թվականին ապրելու է 5 միլիոն մարդ, բայց հայերը կազմելու են նրանց 20 տոկոսը:
Երրորդ․ Այսօրվանից սկսած՝ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, Հայաստանի 17 քաղաքներում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Կուսակցության  նախագահության   կողմից նախնական հիմնադրված 17 մասնաճյուղերի ղեկավարները պատրաստվեն և կազմակերպեն 17 մասնաճյուղերի պաշտոնական բացման արարողությունները՝ համաձայն Կուսակցության կանոնադրության: Չորրորդ․ Կուսակցության 17 մասնաճյուղերի ղեկավարները շատ շուտով կստանան Կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը՝ մեծ թվաքանակով, և պետք է ամբողջը տարածեն ողջ ազգաբնակչության շրջանում՝ բոլոր համայնքներում: 
Հինգերորդ․ Կուսակցության Նախագահությունը, Կուսակցության նախագահի աշխատակազմը, Կուսակցության օպերատիվ խումբը, Կուսակցության 17 մասնաճյուղերի ղեկավարները, Կուսակցության 500 հարյուրապետերը, «Հայոց  Արծիվներ» մարտական ջոկատի անդամներն, այսօր՝ Ժողովից հետո, Կուսակցության նախագահի տեղակալ Սամսոն Զիրոյանից անպայման վերցնեն Կուսակցությանն անդամագրվելու դիմումները, և, համաձայն Կուսակցության կանոնադրության, շատ ակտիվ սկսեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և ազգությամբ Հայ քաղաքացիների՝ Կուսակցությանն անդամագրվելու գործընթացը: 
Վեցերորդ․ Կուսակցության  500  հարյուրապետերից յուրաքանչյուրը Կուսակցության հաջորդ Ժողովին  ներկայանա իր երկու հիսունապետերի հետ:
 Յոթերորդ․ «Հայոց  Արծիվներ.   Միասնական  Հայաստան»    կուսակցության 500 հարյուրապետերը, բոլոր մասնաճյուղերի ղեկավար կազմերը, Կուսակցության օպերատիվ խումբը, ազգային-պետական շահով առաջնորդվող և մեզ հետ համագործակցող էլեկտրոնային և տպագիր ԶԼՄ-ները, հեռուստատեսություններն այսուհետ ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, պետք է Հայաստանի ամենահեռու գյուղերից մինչև Երևան բոլոր բնակավայրերում՝ ողջ բնակչության շրջանում արդարացված և հիմնավորված քարոզչություն  վարեն՝ պոպուլիստ Փաշինյան Նիկոլի և նրա թիմի դեմ՝ ասել է թե՝ հայոց պետականությունը կործանելու դեմ, արևմտյան հայակործան գործունեության դեմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ավանդապաշտ հայ ընտանիքը պղծելու դեմ, հայկական կրթությունն ու գիտությունը ոչնչացնելու դեմ, Հայոց Ազգային Բանակը թուլացնելու և ոչնչացնելու դեմ։
Սա հանձնարարական է բոլորի՛դ, Հայոց Արծիվնե՛ր:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» 
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան