Սուտ մատնություն. ո՞վ է լրագրող ներկայացած կինը

04/12/2019 17:00
Սուտ մատնություն. ո՞վ է լրագրող ներկայացած կինը

Ապարանի բժշկական կենտրոնի բուժաշխատողներն ահազանգում են՝ լրագրողի վկայականը դարձել է անձնական հաշվեհարդարի միջոց:

Ըստ բժիշկների, ոմն լրագրող Աիդա Կարապետյան օգտագործելով հարսին՝ Լիլիթ Մելքոնյանին, արհեստական սկանդալ է բարձրացրել հիվանդանոցի անվան շուրջ:

-Երկու օր առաջ հիվանդանոց է դիմել Լիլիթ Մելքոնյանը՝ սոնոգրաֆիա անցնելու եւ հղիությունը հաստատելու համար, սակայն հերթապահ բաժնում նրան ասել են, որ գինեկոլոգը լինելու է չորեքշաբթի օրը, այսինքն՝ այսօր, սակայն Լիլիթը չի այցելել հիվանդանոց,- պատմում են բժիշկները ,- Փոխարենը՝ զանգահարել է Առողջապահության թեժ գիծ ու մի սուտ պատմություն հորինել, թե իբր ինքն անկետայով մտել է տնօրենի աշխատասենյակ, որից հետո տնօրենը բարկացել ու պատռել է անկետան: Սա բացարձակ սուտ է, այդ աղջիկն այդ օրը տնօրենի մոտ չի բարձրացել: Առայժմ կլռենք, չենք մանրամասնի, բայց այս ամենի ետեւում կանգնած է մի աղջիկ՝ Աիդա Կարապետյան անուն-ազգանունով, ով ներկայանում է որպես Հ1-ի լրագրող, թե ի՞նչ նպատակներով՝ դա էլ հետո...

Կատարվածի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Ապարան ԲԿ տնօրեն Հայկ Շմավոնյանից, ով հեռախոսազրույցի ժամանակ ասաց.

-Թեժ գծին ուղարկված բողոքը բնավ չի համապատասխանում իրականությանը: Հիվանդանոցը հագեցած է անտվտանգության տեսախցիկներով, վերադաս մարմինն ու իրավապահները կարող են քննության առնել տեսաձայնագրությունները, որից հետո կապացուցվի, որ նշված անձն իմ աշխատասենյակում չի եղել: Իսկ թե ինչու՞ պետք է ես քաղաքաքացու փաստաթղթերը պատռեի՝ անհասկանալի է: Սա հերթական բողոքն է «Թեժ գիծ», որն իր նախորդների ճակատագրին է արժանանալու՝ ապացուցվելու է, որ կեղծ ահազանգ է եղել: