Վարչապետի օդային պաչիկներով գերդաստան չես պահի

04/12/2019 15:56
Վարչապետի օդային պաչիկներով գերդաստան չես պահի

«Արտագաղթը երկրում անասելի չափերի է հասել. վարչապետի օդային պաչիկներով ու սիրո խոստովանություններով գերդաստան չենք պահի»,- իրենց խոհերով են կիսվում արարատցիները:
-Իշխանություններ փոխվեցին, բայց մեր վիճակը չկարգավորվեց, գնալով էլ ավելի է վատանում, աշխատատեղ չկա, նայեք փողոցներում մարդ չի մնացել, կուզեք ժամերով սպասեք՝ միայն պարապ մարդիկ են: Արարատում ցեմենտի գործարանն էլ աշխատանքի չի տեղավորում՝ իբր տեղ չունեն։ Քաղաքից գնացողն էլ ետ չի գալիս, Աստված մեզ երեխա է տալիս, բայց չենք կարողանում էդ երեխաներին հասցնենք իրենց նպատակներին, ստիպված գնում ենք ուրիշ, օտար երկրներ շենացնելու։ Էս պետությունից միայն հանապազօրյա հացի խնդիրը լուծել էինք ուզում, ժողովրդի ինչ պետքն է, թե մարդ եք բռնում ջհանդամին բռնեք, մեզ ի՞նչ։ Հացի խնդիր լուծեք, ոչ թե ձեր թիմակիցների պարգեւավճարները ավելացրեք։ Մի բուռ հիվանդ ու կարիքավոր ժողովուրդն ու ձեր կապիկությունները, հերիք է էլի, էնքան եք մարդկանց վախեցնում ԱԱծ-ով ու միլիցով, որ մարդիկ վախից ցավագար են դարձել, առողջ մարդ չի մնացել, հերի՛ք է,- դժգոհում են քաղաքացիները։
Շիրակի մարզի փոքր Մանթաշ գյուղի բնակիչները եւս, ինչպես իրենք են ներկայացնում հեղափոխություն ասվածից սոցիալական շահ չունեցան։


-Հեչ բան էլ չի փոխվել, էլի նույն կարիքավոր ժողովուրդն ենք։ Գյուղերի ապրողներին մենակ  հարկ ու տուրքի համար կհիշեն, կամ էլ ընտրություններին, որպես ձայն տվող ժողովուրդ կհիշեն։ Ինչի մի օր չեն գալիս էս մարզի դեղատներով հետաքրքրվեն, ով ուզում դեղատուն է բացում, ո՛չ բժիշկ են, ո՛չ էլ դեղագետ։ Հետո ինչ, որ գյուղացին ամեն օր ի վիճակի չի Երեւան կամ մարզկենտրոն գնա, գյուղերի կամ Արթիկի դեղատներից թանկ ու կրակ պետք է դեղ առնի։ Դեղատների աշխատողներն էլ իրենք իրենց դարձել են բժիշկներ, բարձրագույն կրթություն չունեն, բայց բժշկություն կանեն, իրենցից դեղ առնող հիվանդին էլ կըսեն, թե էս կամ էն դեղը կբուժե, որ գոնե իրենց դեղատների ապրանքը սաղըցնեն ժողովրդի վրա։ Ոչ հիվանդանոցն է հիվանադանոցի նման, ոչ էլ բժիշկներ են նորմալ, դրա համար էլ մարդիկ ամեն մեկը մի ձեւի գլխի ճարը կտեսնի։
-Վարչապետը, որ նստեց իր աթոռին առաջինը պետք է աշխատատեղի հարցը լուծեր, որ ժողովրդի հացի խնդիրը լուծվեր։ Օրական իրենց կամերաները առած քաղաքից քաղաք կվազեն, թե գործարան բացվեց, էնա Մարալիկում էլ իբրեւ ֆաբրիկա բացեցին, ընդհամենը մեկ շաբաթ աշխատեց, 10 մարդու երկու շաբաթով գործի կդնեն ու կհայտարարեն թե աշխատատեղ բացվեց, ի՞նչ թոզ կփչեն մարդկանց աչքերին։ էսքան ազատություն էլ պետք չէր տալ մարդկանց, ո՛չ ջահելի, ո՛չ երեխայի հետ կարանք խոսենք, ում խելքին ինչ փչեց կենե, գողությունն ու կլյաուզան փեշակ են դարձրել՝ կաբրին։ Մի ժամանակ Սերժին էինք ասում՝ մեզ փող տուր արտագաղթենք, հըմի Նիկոլին ենք դիմում, գոնե մեզ փողով օգնի թռնենք գնանք երկու կոպեկ աշխատենք դրսերը։ Սարի պես ձմեռն էլ չոքեց դուռներս, Արթիկում տներն ենք հանել վաճառքի, ապրանքն էլ մեջը, հենց առնող էղնի թողենք հեռենանք,-պատմում են արթիկցիները։


Հերմինե Մանուկյան