«Ինչքան կարանք քերենք` տներ, մեքենաներ ու գույք»․ ի՞նչի դիմաց են տալիս թույլտվությունները

02/12/2019 17:09
«Ինչքան կարանք քերենք` տներ, մեքենաներ ու գույք»․ ի՞նչի դիմաց են տալիս թույլտվությունները

Քաղաքապետարանը կոռուպցիոն համաձայնության է գալիս գործարարի հետ
Քաղաքապետը քաղաքական պաշտոն է և ճիշտ կլիներ, որ կարգին Հայկոն աշխատեր իր իրավական գիտելիքների վրա:
Եվ այսպես քաղաքապետն ունի տեղակալ ֆինանսական գծով` Հայկ Սարգսյան, ով նախկինում եղել է Օրինաց Երկիր կուսակցությունից և ասում են ղեկավարել է երիտթևը: Հեղափոխության վերջին օրերին նա շատ արագ կողմնորոշվել է և գրանցվել ՔՊ: Ուրեմն ամբողջ քաղաքի բյուջեն շուրջ 100 միլիարդ տնօրինում է հենց այս մարդը և տնօրինում է բառի բուն իմաստով:
Օրենքով նրա վրա դրված է գնումների գործընթացի վերահսկողությունը, վաճառքի և աճուրդների վերահսկողությունը, իսկ արդեն ոչ օֆիցիալ՝ շինթույլտվությունը:
Գնումների և վաճառքների գործընթացը, ըստ օդում կախված լուրերի, Հայկը միմիայն անում է իր սենյակում և միայն ինքն է որոշում, թե, որ ընկերությունը հաղթեց և կամ ում են վաճառում գույքը:
Հիմա խոսենք շինթույլտվություններից:

Ըստ քաղաքապետարանի կայքի, այդ հարցով զբաղվում է Աղաբեկյան Արթուրը, ով էլի ըստ օդում կախված լուրերի, աշխատում է Մեսչյանի քարտուղարուհու օգնական` միայն թուղթ է տանում բերում: Օրենքով շինթույլտվությունների վերջնական որոշումը պետք է տան Աղաբեկյանը և Մեսչյանը, սակայն պարզվում է, որ տալիս է Հայկը Սարգսյանը:
Այ էստեղ սկսվում է ամենահետաքրքիր պահը` ի՞նչի դիմաց են տալիս թույլտվությունները: Օդում կախված լուրեր կան, որ քաղաքապետարանում մի նախադասություն է շրջանառվում «ինչքան կարանք քերենք` տներ, մեքենաներ ու գույք»: Այստեղ քաղաքապետարանը կոռուպցիոն համաձայնության է գալիս գործարարի հետ:
Գործում է 3 տարբերակ․ 
Տարբերակ 1 - կառուցվող շենքի ընդհանուր մակերեսի 4-5% ի չափով` օրինակ Խաչատրյան Գագիկին պատկանող շինությունը, որը գտնվում է Տերյան 5 հասցեում, հինգ հարկ ավել թույլ տալու համար պահանջել են շուրջ 1,5 մլն․ դոլար արժողությամբ աղբատար մեքենաների կայանատեղի:
Տարբերակ 2 - շինթույլտվության համար կամազներ, օրինակ, Սամվել Ալեքսանյանի դեպքը, որի դեպքում օրինականացվել է ինքնակամ շինությունը:
Տարբերակ 3 - շինթույլտվության դիմաց ձյուն հավաքող, աղ ցանող մեքենաներ` Արսենյանների դեպքը:
Ստացվում է կամավոր պարտադիր սկզբունքով քաղաքապետարանը կոռուպցիոն սխեմա է մշակել: Բայց ամենաուշագրավը նա է, որ Հայկ Սարգսյանը կարգին Հայկոյին ներկայացնելով Գրանդ Հոլդինգի նվերը` այգին, ներկայացրել է, որ օրինական ճանապարհ է, սակայն չի ասել, որ նվիրատվությունների մասին որոշումները պետք է արվի ավագանու նիստով:
Սույն թվականի նոյեմբերի 26-ի ավագանու նիստի ժամանակ այս ամենի մասին աղմուկ է բարձրացրել Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու անդամները: Եվ ստի ձնագնդիկը սկսել է մեծանալ:
Հիմա ասեմ` թե ինչպե՞ս և ինչու՞ այս ամենը սկսվեց բարձրաձայնվել: Ուրեմն Հայկոյի օգնությամբ ոմն Գրիգորյանը ստեղծել է աղբի հետ կապված ընկերություն` «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ը: Վերջերս, այդ Գրիգորյանը մտածված արհեստականորեն ստեղծել է լարված մթնոլորտ, որի արդյունքում համաձայն իրենց դիմումների ազատվել են աշխատանքից այդ կառույցի հաշվապահը, գնումների համակարգողը և աղբահանության համակարգող ոմն` Աշոտը: Կարծում եմ, որ նեղացած աշխատակիցների կողմից էլ եղել է ինֆորմացիայի արտահոսք, քանի որ նրանք հստակ իմացել են, որ գնումներով ձեռք է բերվել շուրջ 32 մեքենա, բայց փաստացի աշխատել է շուրջ 54 մեքենա:
Քաղաքապետի արձակուրդի ընթացքում հենց այդ Գրիգորյանը կոմունալ վարչության պետի` Խաչիկյան Արարատի և Սարգսյան Հայկի հետ գալիս են ընդհանուր համաձայնության մաքսիմալ «քերեն»: Քաղաքապետի արձակուրդի ժամանակ մի քանի օր փոխարինել է առաջին տեղակալը, հետո ինչ ինչ պատճառներով գնացել է արձակուրդ և այս երեքը սկսել են «քերել»:
Հիմա անդրադառնանք քաղաքապետի այն կոչին,որ մարդիկ գալիս են ու շատ արագ շինթույլտվություն են ստանում: Կամ, որ Մեսչյանը ասում էր, որ քաղաքում երկնաքերեր չեն լինելու:
Եթե չկա նվեր, ապա մարդիկ տարեսկզբից մինչ այսօր սպասում են, եթե կա նվեր` կարող են 22 հարկ կառուցել: Սա է այսօրվա իրականությունը:
Այսօրվա համար այսքանը` հաջորդիվ կխոսենք գնումներից, կոմունալ վարչության հետաքրքիր գործերից:
Ավելացնեմ,որ Երևանը մենք ենք, իսկ դուք պարտավորեք յուրաքանչյուր երևանցու հաշվետվություն տալ և ստեղծել հավասար պայմաններ: Սա ձեր որդեգրած քաղաքականությունն է:
Նունե Ներսիսյան