2020 թվականի մարտի 31-ին Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին

02/12/2019 11:45
2020 թվականի մարտի 31-ին Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին

Գարնանն Արցախում բավական լուրջ քաղաքական վերաձևակերպումներ են սպասվում նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ։

Ահա այս ֆոնին Արցախում արդեն սկսվել է ոչ պաշտոնական նախընտրական սեզոնը, և արդեն հայտնի նախագահի թեկնածուները զբաղված են իրենց ուժերի գնահատման և ընտրապայքարի ռազմավարություն մշակելու գործով:

Ըստ տեղեկությունների՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում իրենց մտադրությունների մասին նախնական կամ վերջնական ձևով հայտնել են թվով 6-7 քաղաքական գործիչներ՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, Արցախի վերածնունդ կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը, պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ու նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:

Պետք է փաստեմ, որ այսօր որքան էլ մոդայիկ է Նիկոլի քաղաքական ճաշակով շարժվելը, սակայն դա ոչ բոլոր արցախցիներին է բավարարում: Փաստացի ներկայումս Նիկոլն Արցախում դիրքավորվելու և սեփական թեզերը տեղում ընկալելի կերպով մատուցելու խնդիր է տեսնում և հնարավոր ամեն կերպ փորձելու է իր համար Արցախում ուժեղ թեկնածու ունենալ։

Այս պարագայում մնում է հասկանալ, թե այդ թեկնածուն որքանո՞վ է ընդունելի Արցախի բնակչության համար։
1. Աշոտ Ղուլյան
Ստեղծված քաղաքական իրավիճակում ընտրություններին ակտիվ արշավի դեպքում հաջողության հասնելու հնարավորություն ունի նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով իրեն առավել հավասարակշռված է դրսևորում, սրա նրա գիրկն ընկնելու խնդիր չի լուծում: Ղուլյանի կուսակցությունը, ճիշտ է, վերջին տարիներին խորհրդարանական ընտրություններում որոշակի տեղեր է կորցրել, սակայն առաջիկայում սպասվող ընտրություններին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական դաշտում առկա է գործող ուժերի և ֆավորիտների միջև հստակ բևեռացում՝ կապված պրոնիկոլական և հականիկոլական քաղաքականությանը հարող ուժերի միջև, Ղուլյանի դիրքերը թույլ համարել չի կարելի, հակառակը բավականին հզոր թեկնածու է։
2. Մասիս Մայիլյան
Ինչ վերաբերվում է նախագահի ընտրությունների մեկ այլ ֆավորիտին՝ Մասիս Մայիլյանին, ապա Արցախում Մայիլյանը փաստացի չունի քաղաքական հենարան, որպեսզի կարողանա լուրջ քաղաքական պայքար ծավալել ընտրություններին։ Ճիշտ է, որոշ քաղաքական շրջանակներ և տարբեր «տրամաչափի» գործիչներ փորձում են նրա համար քաղաքական հենարան ստեղծել, բայց ըստ տեղեկությունների՝ նրանց չի հաջողվում Մայիլյանի կերպարին ու դիրքին համապատասխան հենարան ստեղծել։ Չնայած այն հանգամանքին, որ Մասիս Մայիլյանը ֆավորիտների թվում է, սակայն արդեն իսկ տեղեկատվություն շրջանառվեց, որ Նիկոլը իր ընտրությունը կատարել է:
3.Վիտալի Բալասանյան
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ընդգծված հակառակ թրենդի մեջ է՝ հակափաշինյանական հիմնական գաղափարների տարածողն ու թիվ մեկ քննադատը, ապա ստացվում է, որ Արցախի առաջիկա ընտրություններում առանցքային նշանակություն են ունենալու ներհայաստանյան զարգացումներին անմիջական հարող թեկնածուների դիրքորոշումները։
4. Հայկ Խանումյան
Հայկ Խանումյանը, չնայած հայտնել է ընտրություններին մասնակցելու մասին, սակայն առանձնապես ակտիվություն չի դրսևորում։ Նշենք նաև, որ նա չունի համապատասխան քաղաքական աջակցություն լայն շրջանակների կողմից։ Ներկայումս կան որոշակի փոքրաթիվ խմբեր, որոնք սատարում են նրան.
5. Արայիկ Հարությունյան
Օրեր առաջ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե ովքեր կասկածի տակ են դնում ՀՀ վարչապետ Փաշինյանի քայլերը, դավադիր ուժեր են, խոստանում է մեծ հակազդեցություն ստեղծել Նիկոլի իշխանությունը չընդունող կամ նույնիսկ չեզոք դիրքավորված ուժերի համար:

Հետաքրքրական է, որ Հայաստանի նախկին իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունեցած Արայիկ Հարությունյանը ՀՀ նոր իշխանությունների դրական տրամադրությունն ապահովելու համար այրում է հին կամուրջները, որը նրա դեմ լուրջ դիմադրություն է առաջացնելու: Արայիկ Հարությունյանը, ով հնարավորությունը բաց չի թողնում քծնել և սիրաշահել Նիկոլին ու դա անում է չմիջնորդավորված՝ ուղղակի, բաց տեքստով։ Միգուցե հենց դա էլ այն գինն է, որի դիմաց Նիկոլի իշխանությունը վերջնահաշվարկում կանգնել է հենց Արայիկ Հարւթյունյանի թեկնածության վրա:
6. Վահան Բադասյան
Եթե համառոտ ներկայացնեմ մյուս թեկնածուի քաղաքական քայլերի մասին, ապա նշենք, որ Վահան Բադասյանը, չնայած հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին, փաստացի ոչ մի լուրջ քաղաքական աջակցություն չունի։ Ավելին, հավաստի տեղեկություններ կան, որ Բադասյանը «տակից» համագործակցում է Արայիկ Հարությունյանի հետ, չնայած առերես իմիտացիա է ստեղծում՝ իբրև թե ինքն առանձին և ինքնուրույն խաղացող է։ Ըստ օդում կախված լուրերի՝ Հարությունյանի վարչապետ և պետնախարար եղած տարիներին, Բադասյանը բավականին էժան պետական վարկային միջոցներ է ստացել։
Հ.Գ. Հորդորում եմ բոլոր թեկնածուներին աշխատել և արարել ի բարօրություն Ազատ Արցախի անվտանգության և բարգավաճման:
Հ.Գ.Գ. «Դու աշխատի՛ր ավելի՛ զորավոր լինել, քան եղավ հայրդ: Դու սովորի՛ր ծիծաղել մարդկային վատությունների վրա ու անցնել անցասում»:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ


Արթուր Թովմասյան