Ահազանգ. Ֆեմիդայի նժարին պետական մակարդակի խարդախներն են ու անտուն մնացած քաղաքացիները

19/11/2019 14:45
Ահազանգ. Ֆեմիդայի նժարին պետական մակարդակի խարդախներն են ու անտուն մնացած քաղաքացիները

Մեր ընթերցողներն ահազանգում են. ՀՀ պետական Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակների վարչության պետ Յուրիկ Աղասու Հայրապետյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խարդախությամբ և իր անմիջական ենթակայության տակ գտնվող աշխատակիցների օգնությամբ (Արթուր Ենգիբարյան, Էլեն Շահնազարյան,Լիլիթ Ղազարյան,Աստղիկ Հովհաննիսյան, Ջավահիր Ամիրբեկյան,Մեսրոպ Դարբինյան, Նարեկ Թևանյան) չարաշահել են պաշտոնական լիազորությունները և կազմել կեղծ առուվաճառքի պայմանագրեր։

Այս խարդախությունների հետևանքով և դատարան ուղարկված գործի շրջանակներում տուժողի կարգավիճակ է ստացել 23  հոգի, սակայն քսաներեքը միայն դատավարության շրջանակներում է, կան մի խումբ քաղաքացիներ, ովքեր դատարանի կողմից չեն ստացել տուժող կողմի կարգավիճակ ։
Այս պատմությունը տուժածներից մեկինն է՝ Արմինե Ամրաքյանինը, ով բազմաթիվ դժվարություններ կրելով, օրինական ճանապարհով, նոտարի վավերացմամբ և վաճառելու իրավունք ունեցող անձից (սեփականատիրոջից) 2018 թվականի հուլիսին ձեռք է բերել հողամաս Նոր Նորքի Բագրևանդ թաղամասում՝ իր առաջին կարգի հաշմանդամ ծնողի համար առանձնատուն կառուցելու նպատակով, որպեսզի ապահովի նրա անխոչընդոտ տեղաշարժն ու անդորրը։

Բոլոր անհարժեշտ փաստաթղթերն ու թույլտվությունները ստանալուց հետո նույն թվականի օգոստոս ամսին սկսվել է առանձնատան շինարարությունը։ Շինարարությունն ավարտվել է՝ սահմանված բոլոր քաղաքաշինական նորմերը պահպանելով և ստացվել է եզրակացություն՝ Քաղշինի կողմից, որ շինությունը կառուցված է բոլոր նորմերի և սահմանված ստանդարտների շրջանակներում։

Քաղաքապետարանը տրամադրեց ավարտական ակտ։

Անշարժ գույքը հողի կարգավիճակից բնակելի տան վերագրանցելու նպատակով դիմում է ներկայացվել կադաստրի սպասարկման գրասենյակ։Սահմանված ժամկետներում համապատասխան մասնագետների կողմից ստուգվել և հաստատվել են շինության՝ նորմերին համապատասխան լինելը. չի եղել ոչ մի շեղում, սակայն վերագրանցումը մերժվել է՝ քննիչի կողմից դրված կալանքի պատճառով։

Ըստ քաղաքացու, գնալով այս որոշման հետքերով՝ իրենք պարզել են, որ կալանքը դրվել է հողը ձեռք բերելուց մեկ ամիս անց, առանց սեփականատիրոջը ծանուցելու այդ մասին, մինչդեռ շինարարությունն այդ ընթացքում սկսվել և շարունակվում էր սեփականատիրոջ ներդրումները։

Սեփականատիրոջ կողմից գրվեց դիմում քննչական կոմիտե՝ տուժող ճանաչվելու համար։ Դիմումը մերժվել է,որտեղ նշված է եղել, որ սեփականատերը ոչ մի բարոյական, ֆիզիկական  և նյութական վնաս չի կրել այդ ամենից։

Այնուհետև դիմում է ներկայացվել ՀՀ դատախազություն տունը կալանքից ազատելու  համար՝ դա էլ մերժվեց։
Այժմ ընթանում է մի դատավարություն, որի վեճի առարկան է այս գույքը և սրա նման մի քանի տասնյակ անշարժ գույքեր և բազմաթիվ տուժած քաղաքացիներ, որոնք չունեն և ոչ մի կարգավիճակ և ներգրավված չեն այս դատավարության մեջ։

Դատական նիստերը նշանակվում են ուշ-ուշ և պարբերաբար ձգձգվում։

Ուղիղ մեկ տարուց ավել է դատավոր Դ.Բալայանը ծանոթանում է գործերին։

Ի՞նչ է լինելու դատավարության ավարտից և վճիռը ստանալու  ավարտից հետո, այն դեպքում երբ մեղադրյալները ճանաչվել են սնանկ, ո՞վ է փոխհատուցելու այս քաղաքացիներին՝ Կադաստրի կոմիտե՞ն, Կառավարությունը՞, թե ստիպված դիմելու են ՄԻԵԴ, որպեսզի ստանան պետական պաշտոնյաների խարդախությունների հետևանքով կրած վնասների փոխհատուցումը։

Ա.Ս.