Մակրոնը նամակ է գրել Քոչարյանի փաստաբանին

18/11/2019 13:56
Մակրոնը նամակ է գրել Քոչարյանի փաստաբանին

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, Ֆրանսիայի քաղաքացի Սևակ Թորոսյանը լրագրողներին պատմել է, որ Մակրոնը պատասխանել է մեկ ամիս առաջ գրած իր նամակին։
-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով հետաքրքրվում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Քոչարյանի փաստաբան Սևակ Թորոսյանը, ով Հայաստան է ժամանել Ֆրանսիայից,- Գաղտնիք չէ, որ արդեն մեկ տարի է, ինչ ես զեկուցում եմ Ֆրանսիայի և միջազգային կառույցների ղեկավարներին։ Վերջերս էլ մանրամասն պաշտոնական նամակ եմ ուղարկել նախագահ Մակրոնին` մեկ տարվա ամբողջ ընթացքի վերաբերյալ։ Նամակի հետևանքներն իմ գործը չեն։ Դա դիվանագիտական հարց է։ Մեկ ամիս չանցած` մի քանի օր առաջ, նախագահ Մակրոնից նամակ ստացա, որտեղ ասում է, որ վստահ եղեք` Ֆրանսիան ուշի ուշով հետևում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը,– ասել է բանախոսը։
 Ֆրանսահայ փաստաբանը տեղեկացրեց, որ Մակրոնի նամակն իրականում զարմացրել է իրեն, քանի որ Ֆրանսիայի նախագահն իր նամակին պատասխանելու որևէ պարտավորություն չուներ, ուստի ինքն էլ պատասխանի չէր սպասում։
-Ինքը որոշեց պատասխանել` իմանալով, որ այդ պատասխանն իր գրասենյակի 4 պատերում չպիտի մնա-,– ասաց Թորոսյանը։