Մեր ապրուստն ի՞նչ է... գյուղացին իր հոգսերի հետ մնացել է մենակ

08/11/2019 11:54
Մեր ապրուստն ի՞նչ է... գյուղացին իր հոգսերի հետ մնացել է մենակ

Արարատյան հարթավայրի գյուղական համայնքներում եւս, մարդիկ հանապազօրյա հացը հայթհայթելու խնդրի առաջ են կանգնած։ Գյուղերում հիմնականում մնացել են ծերերը, արտագաղթն ամեն օր ավելի ակնհայտ է դառնում:

-Գյուղերի ժողովուրդը ավելի շատ է արտագաղթում, քան քաղաքի ժողովուրդը, էնտեղ էլի մի բան կմոգոնեն կապրեն, բայց գյուղերի ջահելները, աշխատող ուժը մենակ ձգտում է երկրից դուրս գալ, ու գնացողն էլ այլեւս ետ չի գալիս։ Ապրելու խնդիր ունենք, բուժվելու, երեխա ուսման տալու, ինչքա՞ն կարելի է բանկերից փողեր վերցնել ու վճարել, արդեն տներ ենք կորցնում, էդ բարձր տոկոսների պատճառով։ Աշխատատեղ չկա, մենակ Երեւանն են ծաղկեցնում, բա էս գյուղի մարդիկ ի՞նչ անեն, ինչի՞ պետք է մեր ջահել երեխաները գնան Երեւան, վարձով ապրեն, որ մեկի ձեռի տակ գիշեր ցերեկ,  երկար աշխատաժամերով աշխատեն գռոշներով, որ իրենց ծնողների օգնեն, Համբոների ու Գիքորների ժամանակնե՞րն են ետ եկել,-ասում է Տիգրան անունով մեր զրուցակիցը։   

-Լավ բան չկա, գյուղացու օրը սենց ա անցնում, աշխատանքատեղ պետք ա բացվի, որ ապրենք, քանի դա չի արվել չենք կարող ասել, որ մեր հացի խնդիրը լուծվել է։ Բախչի հույսով ենք ապրում՝ բախչեն կա յոլա ենք գնում, սեզոնը անցավ էլ ապրելու միջոց չկա։ Էլի վարկը կա, էլի պարտքը կա։ Տեսեք կանաչին կապում ենք, որ գոնե 20-40 դրամով  ծախենք, առնող չկա, 2000 դրամ տաքսիին ենք տվել, տարել շուկա չենք կարողացել մի քանի կապ ծախենք, ետ ենք բերել։ Նայեք մեր հարեւանները թողել գնացել են, բոլոր դռները փակվել են, մեր հարեւանները փախել փրկվել են, հարսներով-տղաներով թողնում գնում են դրսերում ապրելու։ Ասում են գյուղացին ապրում ա, բայց ինչքա՞ն փող ենք ծախսում դեղի, ջրի, ու էլ ինչերի վրա ասես։ Կոմունիստների ժամանակ մենակ էստեղ ապրող թուրքերն են կանաչի ծախել, հայերը ոչ մի անգամ կանաչի չեն ծախել։ Մերը միայն բիբար, բադրջան, սոխ կամ ուրիշ բաներ էինք աճեցնում, հիմա էս 30 տարիներին նույն կուլտուրաներն ենք ցանում ու փորձում ծախենք, էլ հողն էլ է կտրվել բերքատվությունից ու տարբեր թունավոր դեղերից։ Սովետի ժամանակ բոլորս գործ ունեինք ապրում էինք, հիմա բեր մի անասուն մորթենք, թե մեկ հոգի գա ասի մի կիլո միս տուր ասեք՝ ամոթ քեզ, մարդկանց ձեռքը կոպեկ չկա, մսի կարոտ մնում են, մինչեւ նոր տարին գա։ Մորթենք շան կեր ա դառնալու, կամ նիսյաներով բաժանենք պրծնենք,-իրենց առօրյա հոգսերն են ներկայացնում մարդիկ։